
Ես արդեն 18 տարի ծառայում եմ Հայկական բանակում: Մի քանի օր առաջ առողջական խնդիր ունեցա: Շտապ օգնություն կանչեցինք, արդյունքում ասացին` կարող ա ինֆակտ է, պետք է լուրջ հետազոտվել: Գնացի «Նորք -Մարաշ» բժշկական կենտրոն` սրտաբանի կոնսուլտացիայի: Ինչպես միշտ, պետ.պատվերով հետազոտվելու համար թղթեր ուզեցին. ՊՆ-ում առանց խնդիր թղթերը տվեցին: Թղթերը տարա, սրտաբանը կոնսուլտացիա արեց (լսեց ինձ, մի քանի հետազոտություն) արդյունքում. «Դուք կարիք ունեք շտապ կորոնարոգրաֆիայի, եթե կարիք լինի, նաև վիրահատության»: Դրա համար էլի թղթեր ուզեցին. էլի ՊՆ առանց խնդիր թղթերը տվեց: Գնացի «Նորք -Մարաշ» բժշկական կենտրոն, մտա վարչական մասնաշենք, թղթերը տվեցի:
-Ձեր համար հիմա անվճար չի,-ասաց մի պատասխանատու կին:
-Ո՞նց ու ինչո՞ւ:
-Կառավարության նոր որոշում է: Ասում են` մի քանի շաբաթից մեզ կֆինանսավորեն: Մինչև էդ դուք վճարեք, անցեք Ձեր հետազոտությունը, եթե հետո ֆինանսավորեն, մենք Ձեր գումարը հետ կվերադարձնենք: Կամ ել սպասեք մի քանի շաբաթ, տենանք` կֆինանսավորե՞ն, թե՞ ոչ:
-Նախ ասեմ, որ ձեր ասված հետազոտությունն ու վիրահատությունը մոտ 2.500.000 դրամ է:
-Սպասեք զանգեմ տնօրենի տեղակալին:
Զանգից հետո ինձ պատասխանեցին.
-Սպասեք կգա, բայց մեկ ա նույնն է ասելու:
-Շնորհակալություն, ես գնացի: Սրտիս կասեմ, որ մի քանի շաբաթ սպասի:
Ես ընդամենը մի բան հասկացա. կոնսուլտացիայի ժամանակ բժշկուհին շատ վախեցրեց, գրեց նման հետազոտություն, որ հետո գամ ու փողով անցնեմ: Կարծում եմ` իմ նման շատերը կլինեն, ում նման ձևով վախեցրել են և շատ թանկ հետազոտել: Մի՞թե այս ոճը, ինչպես ժողովուրդն է ասում, ՊԱՍ ՏԱԼ չէ:
Այդ կաբինետում հուզված նստած էր մի կին, ով զինվորի մայր էր և նույն խնդիրն ուներ: Չգիտեմ, թե ինչ է նշանակում այս ամենը, ու թե ինչ կառավարության որոշման մասին է խոսքը, բայց չեմ կարծում, որ կառավարությունը որոշում ընդունած կլինի, որ զինծառայողը կամ ընտանիքի անդամը վճարի հետազոտման կամ բուժման համար, քանի որ այդ նույն կառավարությունը գիտի, թե ով է զինվորն ու զինծառայողը ազգի համար: Նման դեպքերում մտածում ես` հա՞յ են արդյոք այս մարդիկ, ովքեր բժշկությունը դարձրել են թանկ բիզնես, և նրանց համար միևնույն է, որ այսօր նրանք ապրում ու հանգիստ քնում են, քանի որ այդ զինվորը, սպան իրենց կյանքի գնով են անառիկ պահում երկրի սահմանները: Նման մարդիկ չե՞ն մտածում արդյոք, որ մի օր էլ իրենց տղան է դառնալու զինվոր: Իսկ այսօր նրանք հանգիստ նստած իրենց փափուկ աթոռներին գներ են մշակում ու որոշումներ կայացնում, թե ինչքան շատ կարելի է էս հիվանդ ու անճար ժողովրդից փող վերցնել: Ընդամենը մի մոռացեք` մի օր աստված ձեզ նման բանի համար անպայման կպատժի, քանզի դուք որպես բժիշկ երդում եք տվել: Բայց տեսնելով այս ամենը` ես կարծում եմ, որ նման մարդիկ երդում են տվել ոչ թե Հիպոկրատի, այլ բիզնեսի աշխարհագրության նախահոր կամ մի քանի կապոց փողի վրա: