Lurer.com-ը գրում է.

Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին.

«Հարգելի՛ պարոն Օհանյան,

2011-2013թթ. ծառայել եմ ՀՀ ՊՆ N զորամասում: Ծառայության ընթացքում արժանացել եմ բազմաթիվ խրախուսանքների, ստացել շնորհակալական նամակներ, վայելել հրամանատարության սերն ու հարգանքը: Սույն թվականի հունիսի 23-ին զորացրվել եմ ՀՀ ԶՈՒ պահեստազոր «ավագ» զինվորական կոչմամբ:

Ծառայությունս ավարտելուց և զորացրվելուց հետո մեծ խանդավառությամբ պիտի շարունակեի ուսումս Երևանի պետական համալսարանում: Սակայն այդ խանդավառությունն ու հույսերը, որ փարատում էի՝ որպես հայրենիքի պաշտպանությանը սիրով մասնակցած ու հաջողությամբ հայրենիքի նկատմամբ պարտքը կատարած երիտասարդ, մարում են,երբ զգում ես քո հանդեպ վերաբերմունքը: Նախ՝ բուհում բացարձակ ոչ մի առավելություն բանակում այդքան խրախուսված, գերազանց ծառայած նախկին զինծառայող ուսանողների հանդեպ, երկրորդ՝ այն ցավալի հանգամանքը, որ բուհի ղեկավարությունը հրաժարվում է իրենց ուսանողին նորից դասի թողնել՝ մինչև չվճարվի առաջիկա ուստարվա վարձը:
Սա, իհարկե, անտարբեր ու ցավոտ վերաբերմունք է մեր նմանների հանդեպ,այն մարդկանց, ովքեր երկու տարի նվիրել են իրենց հայրենիքի պաշտպանության գործին, սակայն հետո տեսնում են այս իրականությունը:

Իմ այս վիճակում հայտված բոլոր երիտասարդների անունից խնդրում եմ Ձեզ վերանայել այս հանգամանքները պատասխանատու գերատեսչությունների հետ և ակնկալում արժանի վերաբերմունք ծառայությունն ավարտած ուսումնատենչ երիտասարդներին:

Հարգանքներով՝ Տիգրան Դադունց
Երևան,23 օգոստոսի 2013թ.

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել