
Panorama.am-ը գրում է.
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Այցը սկսվել է Վարդաբլուր համայնքից: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Գյուղնախարարը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նախ այցելել է համայնքի շուրջ 60 գյուղացիական մանր տնտեսությունների միավորմամբ ստեղծված «Սերմնաբույծ» ընկերություն և ծանոթացել աջակցության ծրագրով գյուղացիներին տրամադրված ցորենի սեմացուի վերադարձելիության աշխատանքներին, հետևել զտմանը, ախտահանմանն ու պարկավորմանը:
Նորաստեղծ ընկերության անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել պետական աջակցության ծրագրերի մասով՝ ասելով, որ իրենց աշխատանքն ավելի կազմակերպված է դարձել, տարիներ շարունակ անլուծելի թվացող խնդիրներն արդեն կարգավորվում են՝ արտադրությունից մինչև իրացում:
Նախարարն ի պատասխան ասել է, որ պետական աջակցության ծրագրերը կշարունակվեն և որպեսզի դրանք ավելի արդյունավետ և հասցեական լինեն, հարկ է, որ համայնքի բոլոր տնտեսությունները միավորվեն կոոպերատիվում:
Գյուղնախարարն իր խոսքում նշել է, որ գոհ է համայնքի հացահատիկի սպասվելիք բերքի ցուցանիշներից, հատկապես, որ մարզի ցանքատարածությունները հիմնականում անջրդի են և հաջողվել է ստանալ հեկտարից միջինը 40-45 ցենտներ բերք, այն դեպքում, երբ մարզային միջին ցուցանիշն այս տարի 32 ցենտներ է: Նույն համայնքում նախարարը հետևել է նաև կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ