
PanARMENIAN.Net -ը գրում է.
Թուրքիան սպառնացել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի պատգամավորներին իրավունք չտալ 2015-ին Թուրքիայի Գալիպոլի (Չանաքքալե) քաղաքում կայանալիք արարողություններին մասնակցելու: Նշյալ արարողությունները նվիրված են նույն քաղաքում Առաջին համաշխարհային պատերազմի օրերին տեղի ունեցած ճակատագրական ճակատամարտի հարյուրամյակին և պիտի իրականանան Ավստրալիայի և Նոր Զելանդիայի զինվորական ուժերի` Անզաք-ի (The Australian and New Zealand Army Corps) նախաձեռնությամբ: Այս մասին իր հոդվածում գրում է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրՇահան Քանդահարյանը: Հոդվածում մասնավորապես ասվում է.
Այստեղ ճիշտ է, որ Նյու Սաութ Ուելսի խորհրդարանականների կատարած քայլը Ցեղասպանության ճանաչման իրադրային նշանակություն ունի: Բայց խնդիրը միայն ցեղասպանության ճանաչման քաղաքական քայլերին Անկարայի դրսևորած հակադարձությանը չի վերաբերում: Այլապես, նման մակարդակի քաղաքական գործիչներ, տարբեր երկրների, հայտարարական հակազդեցությունների արժանացել են: Ամենայն հավանականությամբ նրանցից շատերը էլ Անկարայում գտնվել են նմանատիպ ձեռնարկների կամ խորհրդաժողովների մասնակցելու համար:
Այս արգելքը, որ Անկարան դնում է ավստրալիացի խորհրդարանականների նկատմամբ դիտարժան մի քանի շարժառիթներ կարող է ունենալ: Նյու Սաութ Ուելսն այն նահանգն էր, որ վերջերս ճանաչել էր Արցախի Հանրապետությունը: Այս երկկողմանի ճանաչումն է հավանաբար առաջին շարժառիթը, որ Անկարային մղում է հայտարարականից անդին քաղաքական քայլ առնելու և ուղղակի հակադարձելու ավստրալիացի խորհրդարանականների դեմ: Չմոռանանք նաև տեղի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախաձեռնությամբ անցյալ ամիս կատարված ավստրալիացի պետական անձնավորությունների այցելությունները Երևան և Ստեփանակերտ, ինչը որ բնականաբար աննկատ չէր կարող անցնել ինչպես Բաքվի, այնպես նաև Անկարայի կողմից: Արարողություններին մասնակցելու արգելքը, որ արծարծում է Անկարան, խորքում համազոր է Թուրքիայի մուտքի արգելքի: Եթե ավստրալիացի խորհրդարանականները Թուրքիա պիտի մեկնեին նման միջոցառումների մասնակցելու համար և որոնց արգելվում է այդ մասնակցությունը, նշանակում է, թե նրանք նոն գրատա են թուրքական իշխանությունների համար: Ինչը որ իր հերթին հուշում է սև ցուցակում ընդգրկված լինելու փաստը: Իսկ այդ սև ցուցակը միայն Անկարան չէ, որ կիրառելու փորձ է կատարում, այլ նաև Բաքուն:
Ուրեմն երկկողմանի այս ճանաչումը խորքում երկկողմանի նոն գրատա իբրև ընկալվելու տեղի տված է, ինչը որ նաև իր հերթին մտածել է տալիս, որ իրոք Նյու Սաութ Ուելսի կատարած քայլերը անհանգստացրել են թե՛ Բաքվի և թե՛ Անկարայի ղեկարարներին:
Բայց անկախ հայկական հարցերի վերաբերյալ քաղաքական աշխատանքներից և նոն գրատայականների non grata դասակարգման Բաքվի հետ համակարգելու Անկարայի դրսևորած այս վարքագծից, կա այլ կարևոր խնդիր, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ իբրև որդեգրված մարտավարական կարևոր մոտեցում անպայման մանրադիտակի տակ պետք է առնել:
Ի վերջո առաջադրված արարողությունների բնույթն ու հայտարարված անունը` Առաջին համաշխարհային պատերազմի օրերին տեղի ունեցած ճակատագրական ճակատամարտի հարյուրամյակը, ո՛չ հատուկ ցեղասպանություն բառն է օգտագործում, ո՛չ էլ ուղղակի դրա նշումն է կատարում։
Ի՞նչն է, որ Անկարային մտահոգել է այսքան, և մղում է, որ նման քայլի գնա ավստրալիացի խորհրդարանականների դեմ: Թվում է, որ հարցը Բաքվի հետ միացյալ անբաղձալիների սև ցուցակ ճշտելուց և Բաքվին տուրք տալու մղումից ավելին է: Անկարան ի՜նքն է վտանգը տեսնում նման համատեքստում Հայոց ցեղասպանության արծարծման երևույթի մեջ:
Այս մեկը իր հերթին իբրև մարտավարական մոտեցում մտածելու առիթ է տալիս հայկական կողմին։ Աշխարհը նախապատրաստվում է նշելու Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Նշումի այդ տարողությունը ինքնին հուշում է նաև պատերազմի ընթացքին պատմական նշանակություն ունեցող պատահարների, պետությունների կիրառած քաղաքականությունների, և … կանխամտածված, պետական մակարդակի վրա կազմակերպված ցեղասպանությունների մասին: Այստեղ արդեն միայն հայկական կողմի նախաձեռնության մասին չէ խոսքը, այլ ներգրավվելու համաշխարհային տարողությամբ ծրագրերի: Այնպիսի նախաձեռնությունների, որտեղ գերտերությունները իրենք առաջադրանքներ ունեն գործադրելիք, ուր իրենք ուղերձներն ունեն փոխանցելիք, ուր իրենք ժամանակակից պատմության կապված խնդիրների այժմեականացման կարգով հրատապ թեմաների անդրադարձ կատարելու հրամայականը ունեն: Այդ ուղերձներն ու առաջադրելի թեմաներից շատերը աշխարհաքաղաքական ներկա պայմանների բերումով կարող են կապ ունենալ Անկարայի հետ: Ուրեմն Առաջին աշխարհամարտի 100-ամյակը ճիշտ ու պատեհ շրջագիծն է, որի մեջ պետք է տեղավորել նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Անկարայի մերժումը խորքում ա՛յս մոտեցման կանխարգելման փորձն է: