
«168 ժամ» թերթին Նուբարաշենի ք/կ հիմնարկից նամակ է հասցեագրել ցմահ դատապարտված Արարատ Մուրադխանյանը:
Պարբերականը հիշեցնում է, որ նրան ցմահ դատապարտել են 2002 թ. իր պարտապան Լյովա Մեհրաբյանին և նրա հարազատներին սպանելու մեղադրանքով: Արարատ Մուրադխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա իր գործը քննելու խնդրանքով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ որոշմամբ՝ Հայաստանում խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ հոդվածը և ցմահ դատապարտյալ Արարատ Մուրադխանյանը 2004- 2007 թթ. անօրինական կերպով է կալանքի տակ պահվել: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Ա. Մուրադխանյանին վճարել 6000 եվրո:
Սակայն Արարատ Մուրադխանյանը ցայսօր անազատության մեջ է: Ստորև ներկայացնում ենք «168 ժամ»-ի ստացած Մուրադխանյանի նամակը:
«Ես չունեմ և ոչ մի առնչություն այն հանցագործության հետ, որի կատարման համար ինձ ցմահ ազատազրկման են դատապարտել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 05.06.12 վճռով հիմնավորվել է, որ իմ վերաբերյալ քր.գործը քննելիս Հայաստանի դատարանը թույլ է տվել մարդու իրավունքի խախտում: ՄԻԵԴ վճռի հիման վրա բողոք եմ ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ բարձրացնելով ինձ կալանքի տակ պահելու մասին որոշումների վերանայման, վարույթ հարուցելու և դրանք բեկանելու հարցը: ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքը 21.06.13թ. վարույթ է ընդունել:
Այսինքն՝ գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին 16.12.05թ. որոշումը՝ կալանքի մասով, ևս ենթակա է վերանայման: Այդ որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը ժամանակին ճանաչել է հանցագործությանն իմ մասնակցության մասին հետևության հանգելու անհնարինությունը, միաժամանակ անփոփոխ թողել իմ կալանքը: Սա չլսված դեպք է, երբ դատարանը կարգադրում է կալանքի տակ պահել անձի, ում մեղավոր չի ճանաչում:
Իմ կալանքն անօրինական է դեռ կիրառելու պահից, որովհետև քր.գործում բացակայում է հանցագործության կատարման մեջ ինձ մեղադրելու հիմք տվող հավաստի ապացույց: Ավելին, ինձ անօրինական անազատության մեջ պահելու հետ կապված դատական սխալները չեն սահմանափակվում եվրոկոնվենցիայի նորմերի խախտմամբ, այդ սխալներով ՀՀ դատական իշխանությունները հակասության մեջ են մտել ՀՀ Սահմանադրության հետ:
ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2007թ. լրացուցիչ նախաքննության ընթացակարգը համարվել է հակասահմանադրական: Հետևաբար, գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին 16.12.05թ. որոշման կայացմամբ և համապատասխան ընթացակարգի կատարմամբ իմ վրա տարածվել է հակասահմանադրական օրենքի ուժը: Սկզբնական նախաքննությամբ ստացվածը 16.12.05 որոշմամբ դատարանը ճանաչել է մեղադրանքի հիմքում դնել անթույլատրելի ապացույցներ, իսկ լրացուցիչ նախաքննությամբ ստացվածը պետք է անպայման ճանաչվի իրավաբանական ուժ չունեցող, որովհետև ձեռք է բերվել հակասահմանադրական ընթացակարգի արդյունքում»:
Նամակն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում: