1in.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Գևորգ Թ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

21-ամյա Գևորգին սուտ մատնություն կատարելու համար մեղավոր է ճանաչել ու դատապարտել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Այսօր վերաքննիչ դատարան Գևորգը ներկայացել էր տղամարդու հագուկապով ու կեպիով: Սակայն դեմքի փոքր-ինչ երկչոտ արտահայտությունն ու աչքերի զգուշավոր խոնավությունը, բնորոշ խոսվածքն ու պահվածքն «ակնարկում էին» նրա այլակողմնորոշվածության մասին:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել հետևյալը. մերձմայրաքաղաքային բնակավայրերից մեկի բնակիչ Գևորգը Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Կիրովի այգում, կրելով կանացի հագուստ, սեռական հարաբերություններ ունենալու ծառայություններ է առաջարկել ու մատուցել 2007 թվականից:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը նա եղել է իր մշտական «պոստում»: Բեյրութի փողոցում նրան է մոտեցել Ավետիս Բ.-ն և նրա ծառայություններից օգտվելու ցանկություն հայտնել: 

Գևորգը նստել է Ավետիսի մեքենան, ուղևորվել են «Սիլաչի» կոչվող թաղամաս: 

Գևորգը պահանջել է համապատասխան վճարը, սակայն անսթափ «կլիենտը» հրաժարվել է վճարել: 

Վիրավորված Գևորգը ձեռքը գրպանն է տարել ու չի գտել իր մոտ եղած գումարը՝ 500 դոլարն ու 40 հազար դրամը: Նա ենթադրել է, թե Ավետիսն է վերցրել փողերը, պահանջել է վերադարձնել: Նրանք սկսել են վիճել: Ավետիսը հայհոյելով՝ Գևորգին հրել, մեքենայի սրահից ցած է գցել ու հեռացել:

Մի քանի օր անց՝ մարտի 5-ին, Գևորգը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ոստիկանությունում հաղորդում է տվել, թե Երևանի Արցախի փողոցում իր ծանոթ «Արտոն» այսինչ պետհամարանիշի «Լեքսուս» ավտոմեքենայի սրահում իրենից հափշտակել է 600 դոլար:

Նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել կողոպուտի դեպքի առթիվ: Սակայն նախաքննության ընթացքում Գևորգը խոստովանել է, որ ինքը սուտ մատնություն է կատարել, Ավետիս Բ.-ն իրեն չի հարվածել, իր գումարը չի հափշտակել:

Գևորգի անձը բնութագրող տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նա նախկինում դատված չի եղել, սակայն նրա վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից կայացվել են քրեական հետապնդում չիրականացնելու մի քանի որոշումներ: Դրանցից երևում է, որ, ըստ երևույթին, գործի բերումով, Գևորգը բուռն կյանքով է ապրում, պարբերաբար ընկնում է կռիվների մեջ, իր հնարավորությունների սահմաններում «ինքնադրսևորվում» ու առաջին անգամը չէ, որ հայտնվել է «քրեական ոլորտում»:

Ընդհանուր իրավասության դատարանում այս քրեական գործով Գևորգը ցուցմունք է տվել, որ մանուկ հասակից հակում է ունեցել տղամարդկանց նկատմամբ, իսկ հասուն տարիքում արդեն ապրել է սեռական այլ կողմնորոշմամբ:

Շուրջ վեց տարի գիշերային ժամերին նա կերպարանափոխվում է, կանացի հագուստներով կանգնում Կիրովի այգու տարածքում ու հաճախորդներ է փնտրում՝ վճարովի սեքսուալ ծառայություններ մատուցելու համար:

Արդեն 5 տարի ճանաչում է Արտո անունով մոտ 50 տարեկան մի տղամարդու, ով ամսական երկու-երեք անգամ օգտվել է իր ծառայություններից, եղել է «մշտական կլիենտ»: 

Հենց «Արտոն»՝ իրականում՝ Ավետիս Բ.-ն է դեպքի օրը՝ 2012 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, իր «Լեքսուսով» Բեյրութի փողոցում մոտեցել Գևորգին, ապա մեքենայով գնացել են ամայի տեղ, սեռական հարաբերություններ ունեցել, որոնց համար Ավետիսը հրաժարվել է գումար վճարել: Վրդովված Գևորգն իր գրպաններում չգտնելով մոտը եղած գումարը՝ այն պահանջել է Ավետիսից, իսկ վերջինս զայրացել է, նրան հրելով դուրս նետել մեքենայից ու հեռացել:

Դատարանում Գևորգը ներկայացրել է, թե ոստիկանությունում հաղորդում տալիս համոզված է եղել, որ Ավետիսն է գողացել իր մոտի գումարը: Սակայն մի քանի օր անց իր գումարը գտել է իր իսկ կրծկալի ներսի կողմի պատռվածքի մեջ:

Գևորգը զղջացել է արարքի համար, ասել, թե քննիչի մոտ հարցաքննությունների ժամանակ եղել է շփոթահար, Ավետիսին վատություն անել չի ցանկացել:

Ավետիս Բ.-ն իր հերթին ներկայացրել է, թե դեպքի օրն ընկերների հետ խնջույքի է եղել ռեստորանում: Տուն գնալու ճանապարհին՝ Բեյրութի փողոցում նկատել է մի շիկահեր աղջկա, ով ներկայացել է Վիկա անունով: Աղջկան նստեցրել է ու մեքենան վարել Սիլաչի՝ զվարճանալու: Քանի որ խմած է եղել, անմիջապես չի կռահել, որ շիկահերը ոչ թե աղջիկ, այլ տղա է, բայց երբ հասկացել է, շրջադարձ է կատարել ու վերադարձել այնտեղ, որտեղից նրան վերցրել էր: 

Մարմնավաճառը պահանջել է վճարել կորցրած ժամանակի համար: Ինքը հայհոյել է ու մեքենայից դուրս հրել նրան: 

Այդ տղայի գումարը չի հափշտակել, նրան չի ծեծել, չի սպառնացել: Նա սուտ մատնություն է կատարել՝ ցանկանալով վրեժխնդիր լինել իրենից՝ չվճարելու համար: 

Գործով ապացույց են ճանաչվել Գևորգ Թ.-ի... կրծկալի լուսանկարները, որոնք Գևորգը ներկայացրել ու բացատրել է, թե ինչպես է ոստիկանությունում հաղորդում տալուց մի քանի օր հետո կրծկալի պատռվածքի մեջ հայտնաբերել իր գումարը, որ համարում էր հափշտակված: Ըստ լուսանկարների՝ կրծկալը, իրոք, պատռվածքներ է ունեցել, որտեղ կրծկալի տերը հավանաբար պահել է վաստակած գումարները:

Ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Թ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով և սուտ մատնություն կատարելու համար դատապարտել 2 ամիս կալանքի: Դատարանը եզրակացրել է, որ հոդվածի տվյալ մասով նախատեսված նվազ ծանր պատիժը՝ տուգանքը, այս դեպքում չի կարող ապահովել պատժի նպատակները:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրողը և ամբաստանյալը: 

Դատախազը պահանջել է Գևորգ Թ.-ին դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման: 

Գևորգ Թ.-ն, ում գրած բողոքին այսօր ծանոթ չէր անգամ նրա շահերի պաշտպանը, ըստ երևույթին, խնդրել է իր նկատմամբ տուգանք սահմանել, ենթարկել ազատազրկման հետ չկապված պատժի:

Քանի որ կողմերը միմյանց բողոքները չէին ստացել, ամբաստանյալի շահերի պաշտպանն ընդհանրապես ծանոթ չէր մեղադրողի և իր պաշտպանյալի բողոքների բովանդակությանն ու չէր կարող իրականացնել պաշտպանությունը, նրա միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց:

Գևորգ Թ.-ն, որպես իր կենսագրական տվյալների հավելում, հայտնեց, թե իր խնամքին են իր մայրիկն ու տատիկը, նրանց միակ կերակրողն ինքն է, բացի այդ՝ ինքը բուժվում է հեպատիտ C-ից: Դատարանն այդ հայտարարությունները հիմնավորող փաստաթղթեր պահանջեց ամբաստանյալից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել