1in.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ ավարտվել է Ռուբեն Հակոբյանի՝ երգիչ Կարենի գործի դատավարությունը:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել հետևյալը. Աշտարակ քաղաքի բնակիչ Ռուբեն Հակոբյանը տարիներ շարունակ ճանաչել է գործով տուժող Արամ Հովակիմյանին: 

Երբ Ռուբենն ամուսնացել է Արամի ազգականուհու հետ, նրանք մտերմացել են: Մինչև Ռուբենի՝ ԱՄՆ մեկնելը նրանք ընտանիքներով շփվել են, ընկերություն ու բարեկամություն արել:

2008 թվականին հանրությանը որպես երգիչ Կարեն հայտնի Ռ. Հակոբյանը մեկնել է ԱՄՆ, մինչև 2012 թվականի փետրվարը բնակվել այնտեղ: 

2010 թվականի ապրիլին Հակոբյանի ազգական Արման Ալեքսանյանի և կնոջ ազգական Արամ Հովակիմյանի բանավոր պայմանավորվածությամբ՝ Արմանը 3000 դրամ օրավարձով վարել է Հովակիմյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան: Կողմերը պայմանավորվել են, որ մեքենայի անսարքությունների հետ կապված մեծ ծախսերը պետք է հոգար Հովակիմյանը, իսկ առօրյա մանր ծախսերը՝ Ալեքսանյանը: 

2011 թվականի գարնանը Ալեքսանյանը մեքենայով անզգույշ հետընթաց է կատարել, ինչի հետևանքով մեքենայի հետևի ձախ անվաթևը վնասվել է: Ալեքսանյանը պարտավորվել է իր միջոցներով նորոգել մեքենան, սակայն Հովակիմյանը ցանկացել է մեքենայի բոլոր անսարքությունները վերացնել: 

10 օր մեքենան նորոգվել է: Հետագայում նորոգման ծախսերի և մեքենան չվարելու օրերի հետ կապված Ալեքսանյանն ու Հովակիմյանը զրույց են ունեցել: Հովակիմյանը Ալեքսանյանից պահանջել է 200 հազար դրամ:

Ալեքսանյանն առարկել է, հայտնել, թե այդ թիվն ուռճացված է: Ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար Հովակիմյանը զանգահարել է Ամերիկայում բնակվող երգիչ Կարենին ու ներկայացրել իրենց վեճը:

Հակոբյանը պարզաբանողական հեռախոսազրույցներ է ունեցել Ալեքսանյանի հետ, ով պնդել է իր կարծիքը, թե Հովակիմյանի ներկայացրած թիվն ուռճացված է: Հակոբյանը, հաշվի առնելով Հովակիմյանի՝ իր կնոջ ազգականը, ինչպես նաև իր ընկերը լինելու հանգամանքները, կոնֆլիկտային իրավիճակը կարգավորելու համար նրան է ուղարկել պահանջած 200 հազար դրամը:

Որոշ ժամանակ անց Հակոբյանը Ալեքսանյանից տեղեկացել է, որ Հովակիմյանը նորից հանդիպել է նրան, հայտնել, թե սխալ հաշվարկ էր կատարել, նա իրեն պարտք է ևս 90 հազար դրամ:

Այս հարցը պարզաբանելու համար 2011 թվականի ամռանը Հակոբյանն ու Հովակիմյանը հեռախոսազրույցներ են ունեցել: Հովակիմյանը պնդել է գումարի պահանջը Ալեքսանյանից, ինչպես նաև «բացասական առումով» է անդրադարձել Հակոբյանի՝ երգիչ լինելու հանգամանքին: Հեռախոսազրույցը շարունակվել է փոխադարձ հայհոյանքներով ու վիրավորանքներով: 

2012 թվականի փետրվարին Ռուբեն Հակոբյանը վերադարձել է Աշտարակ, իմացել, որ Արամ Հովակիմյանն իր հասցեին անվայել ու վարկաբեկող արտահայտություններ է արել:

Մայիսի 8-ին, ժամը 18-ի սահմաններում Ռուբեն Հակոբյանը գտնվել է իր ավտոտնակի մոտ, հանդիպել Ալեքսանյանին, ով հայտնել է, թե քիչ առաջ նորից հանդիպել է Հովակիմյանին, ով հիշեցրել է 90 հազար դրամ պարտքի մասին ու պահանջել է անհապաղ վերադարձնել այն: 

Ռուբեն Հակոբյանը անմիջապես գնացել է Հովակիմյանի հետ խոսելու՝ իր հետ վերցնելով դեռ 2006 թվականին իր կնքահոր կողմից ստացած նվեր ատրճանակը: 

Հանդիպումը տեղի է ունեցել ժամը 20-ին Աշտարակի Պռոշյան փողոցի շենքերից մեկի բակում: 

Հովակիմյանը մոտեցել է Ռուբեն Հակոբյանի վարած «Պրադո» ավտոմեքենային, քաշքշել է մեքենայում նստած Հակոբյանի հագուստից, պահանջել, որ դուրս գա, սպառնալիքներ է տվել, ապա պահանջել է, որ շենքի հետնամաս անցնեն: Վիճաբանության ընթացքում Հովակիմյանը դարձյալ ակնարկել է Հակոբյանի երգիչ լինելը՝ «վատ առումով»: 

Ռուբեն Հակոբյանն իր մոտ եղած ատրճանակով երկու անգամ կրակել է Հովակիմյանի ոտքերին, իսկ նա շարունակել է հայհոյել, փորձել է մոտենալ Հակոբյանին: Վերջինս ևս երկու կրակոց է արձակել նրա ոտքերին: 

Արամ Հովակիմյանին պատճառվել են զույգ ստորին վերջույթների՝ սուր արտաքին արյունահոսությամբ ուղեկցվող հրազենային, գնդակային միջանցիկ չորս վնասվածքներ՝ ձախ ազդրային զարկերակի խորանիստ ճյուղի, աջ ազդրային երակի փոքր ճյուղերից մեկի, աջ սրունքի մանր անոթների վնասումով, հեմոռագիկ չորրորդ աստիճանի շոկի զարգացմամբ:

Երբ Արամ Հովակիմյանն ընկել է գետնին, Հակոբյանը, ատրճանակը պահելով նրա ուղղությամբ, ասել է, թե սպանելու դիտավորություն չունի, հակառակ դեպքում կսպանի, այլ նման ձևով պատժում է, որ նա իր հասցեին այլևս ավելորդ արտահայտություններ չանի, իմանա, որ երգիչն էլ ինքնասիրություն ունի: 

Այնուհետև Ռուբեն Հակոբյանը հեռացել է՝ մտածելով, թե մարդու ոտքերին կրակելով՝ նրան մահ չի պատճառել:

Մինչդեռ հենց ազդրային հատվածում գտնվող զարկերակի վնասումը մեծամասամբ մահացու ելք է ունենում...

Կրակոցների ձայներից դեպքի վայր են շտապել մոտակայքում գտնվող ընտրական հանձնաժողովի շենքում ծառայություն կատարող ոստիկանները, հայտնաբերել են տուժողին, ահազանգել շտապօգնություն, բայց Արամ Հովակիմյանի կյանքը փրկել հնարավոր չի եղել. նա մահացել է 21-ն անց 5 րոպեին:

Նույն գիշեր մեղայականով ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել Ռուբեն Հակոբյանը, ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը և հայտնել, որ ինքն է կրակել Հովակիմյանի ոտքերին, բայց սպանելու դիտավորություն չի ունեցել: 

Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Ռուբեն Հակոբյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել, չի տառապում, նա կարող էր հաշիվ տալ իր գործողությունների համար ու ղեկավարել դրանք: Մասնագետները Ռուբեն Հակոբյանին ճանաչել են մեղսունակ:

Դատական հոգեբանի եզրակացությամբ՝ Ռուբեն Հակոբյանը կրակոցների պահին չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, բացակայում է աֆեկտին բնորոշ եռափուլ դինամիկան: Նա եղել է հուզական լարվածության, կուտակման սթրեսի և շփոթվածության վիճակներում, որոնք էապես ազդել են նրա գիտակցության և վարքի վրա:

Ընդհանուր իրավասության դատարանում Ռուբեն Հակոբյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Դատարանը Ռուբեն Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով և 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ ապօրինի զենք պահելու, կրելու և դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է:

Ռուբեն Հակոբյանը վերջին հաշվով դատապարտվել է 9 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի մայիսի 9-ից:
 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել