
Aysor.am-ը գրում է.
Այս պահի դրությամբ բժշկի մասնագիտությունը ամենապահանջվածն է Գյումրիում: Այս մասին կարելի է դատել ընթերցելով` Աշխատանքի և սոցիալական նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կայքէջում թափուր աշխատատեղերի մասին տրված հայտարարությունները: Գործատուները մեծամասամբ բժիշկներ են փնտրում, օրինակ ակնաբույժ` 67000 դրամ աշխատավարձով, ատամնաբույժ` 70.000 դրամ, բջջաբան, բջջաբանական կաբինետի բժիշկ, դիմածնոտային վիրաբույժ` 62000 դրամ, էխոսկոպիստ, թորակալ վիրաբույժ, նյարդաբան, նյարդավիրաբույժ, սրտաբան, քիթ-կոկորդ-ականջաբան և այսպես շարունակ: Այնպիսի տպավորություն է, որ Գյումրում կամ բժիշկ չի մնացել, բոլորն արտագաղթել են կամ աշխատավարձն այնքան ողորմելի է, որ լավ է բանվոր աշխատես, քան բժիշկ:
«Առավոտը» Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից փորձել է ճշտել, թե ո՞վ է տվել այս հայտարարությունները և մի՞թե Գյումրում բժիշկներ չեն մնացել, բոլորը արտագաղթե՞լ են, որ նորերին են փնտրում: Մարզպետարանի պաշտոնյան ասել է, որ հենց մարզպետարանն է տվել այդ հայտարարությունները` նպատակ ունենալով Գյումրի աշխատանքի հրավիրել նաև այլ մարզերի բժիշկների: «Օրինակ` կարող է Մեղրիից մեկը գալ, որը շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան մեզանից յուրաքանչյուրը, կամ Լոռուց գան, ի՞նչ կլինի որ: Քանի՞ Գյումրու բժիշկներ են աշխատում այլ վայրերում, ես ինքնս գյուղի տղա, չգնացի՞ մայրաքաղաք ու երևելի պաշտոններ զբաղեցրի: Ունենալով այս մասնագետների կարիքը` ամեն ինչ անում ենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան ավարտածները մեզ մոտ գան աշխատանքի, մարզպետի հետ համատեղ ծրագիր ենք իրականացնում, անգամ նրանց վճարն ենք փոխհատուցում, այդ մեկ միլիոն դրամը վերցրել ենք մեր վրա, որ պարտավորված զգան գալ ու Գյումրիում աշխատել: Արդեն իսկ կան բժիշկներ, որոնք եկել են»: