Թեժ ամառ` սառը թեյերով և կոկտեյլներով Cosmo.am-ը գրում է.

Ջուր, սառույց, ջուր, կրկին սառույց. այս շոգն սկսում է խանգարել ոչ միայն աշխատանքիդ, այլև չի թողնում վայելել հանգիստդ: Այս եղանակին դիմանալու ու առույգությունդ չկորցնելու համար անհրաժեշտ է շատ հեղուկ: 

Սառը ջրից, հյութերից բացի,  համոզված եմ,  չես հրաժարվի համեղ ու թարմեցնող սառը թեյերից, որոնք կարող ես պատրաստել հենց տնային պայմաններում կամ աշխատանքի վայրում: 

Անդրադարձը Գայանե Գալստյանի

Սառը թեյ՝ մուրաբայով ու թարմ մրգերով

Սկզբում տաք ջրով թեյի թուրմ պատրաստիր, լուծիր շաքարավազը, այնուհետև ավելացրու սառը ջուր ու սառույց: Շատ համեղ կլինի որևէ մուրաբա ավելացնել ստացված թեյին, որպեսզի համը տարբերվի սովորական թեյից (եթե որևէ մրգի թուրմ ես պատրաստել, ապա ավելացրու նույն մրգի մուրաբան): Չմոռանանք թարմ մրգերի մասին. թեյի մեջ ավելացրու մանր կտրտած ելակ կամ դեղձ, եթե թեյդ հատապտղային թուրմից է պատրաստված, ապա` հատապտուղներ:

Մի քիչ երես տանք մեզ

Եթե աշխատանքի վայրում չես ու կարող ես քեզ թույլ տալ մի քիչ լիցքաթափվել, ապա սառը թեյի մեջ կարող ես 30-50 մգ ռոմ կամ համապատասխան մրգային լիկյորներ ավելացնել (խնձորի համով թեյին՝ խնձորի լիկյոր):

Պատրաստում ենք Մոխիտո

Իսկ ի՞նչ կասես սրա մասին . մի զարմացիր, այս խմիչքը նույնպես կարող ես պատրաստել տանը: Մեզ հարկավոր են դաղձի տերևներ (նանա), լայմ, օշարակ, ռոմ ու գազավորված ջուր:

Երեք-չորս ճյուղ նանայի տերևներն առանձնացնում ենք բաժակի մեջ, կես լայմը կտրտում ենք՝ վրան ավելացնելով 15 մգ օշարակ, այս ամենը ճզմում ենք ու ավելացնում աղացած կամ սովորական սառույց, 50 մգ սպիտակ ռոմ, իսկ վերջում ՝ նույնքան գազավորված ջուր (կարող ես օգտագործել նաև Sprite, տոնիկ կամ Ջերմուկ): Ձևավորման համար բաժակին ավելացնում ենք լայմի շերտ ու նանայի տերև:

Նշեմ, որ կես լայմի փոխարեն կոկտեյլում կարող ես օգտագործել ¼ նարինջ:

Long Island

Ամռանն ամենազովացնող ըմպելիքներից է Long Island Iced Tea-ն, որը պատրաստելու համար կտրտում ենք կես լայմ, ավելացնում բաժակի մեջ ու ճզմում, ավելացնում սառույց և ռոմ, տեկիլլա, կուանտրո, օղի, ջին և կոլա՝ բոլորից 15 մգ: Եվ ահա պատրաստ է:

Սակայն չմոռանաս, որ այս կոկտեյլը շատ արագ է արբեցնում, քանի որ 5 տեսակ ալկոհոլային խմիչք է պարունակում:

Frozen Margarita

Եթե տանը կամ աշխատավայրում կա բլենդեր, ապա պատրաստածդ սառը թեյերն ու կոկտեյլները մեծ հաճույք կպարգևեն ու ընկերներիդ աչքում քեզ ուղղակի բարմեն կդարձնեն:

Բլենդերով պատրաստվող ամենազովացնող կոկտեյլներից է սառեցված «Մարգարիտան»: Վերցնում ենք 50 մգ տեկիլլա, 30 գրամ կուանտրո և 15-20 գրամ կիտրոնի թարմ քամած հյութ: Այս ամենին ավելացնում ենք սառույց ու բլենդերով հարում այնքան ժամանակ, որ ստանանք ձյան նման բյուրեղիկներով զանգված: Սա կարելի է նույնիսկ ուտել գդալով:

Վերը թվարկված բոլոր թեյերն ու կոկտեյլները կարող ես պատրաստել բլենդերով՝ ավելացնելով քիչ ավելի շատ սառույց ու համապատասխան չափով շաքարավազ: Շատ սառույց օգտագործելու դեպքում կրկին կստացվի բյուրեղիկներով զանգված:

P.S. Հա՛ , չմոռանամ ասել մրգային ֆրեշների մասին, սիրում ես, չէ՞. քո սիրած միրգը կտրտիր, ավելացրու մի քանի կտոր սառույց, մեկ-երկու ճ.գ. շաքարավազ, 50 մգ կաթ (կամ ջուր) ու սեղմիր բլենդերի կոճակը: Մի րոպեից այն պատրաստ կլինի. վայելիր ու չմոռանաս, որ Cosmo girl-ը միշտ իրեն երես է տալիս ու օգտվում կյանքի մեծ ու փոքր հաճույքներից;)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել