Քեմբրիջի համալսարանի շրջանավարտը «Նուբարաշեն»-ում է. Մայրը դժգոհում է Արմավիրի իրավապահներից ու նախագահից օգնություն խնդրումPanorama.am-ը գրում է.

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած և մագիստրոսի աստիճան ստացած Արամ Մուղալյանն այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Նա մեղադրվում է խուլիգանության (ՀՀ Քր. Օր. 258 հոդված) և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու (ՀՀ Քր. Օր 185 հոդված) համար: 

Արամի մայրը` Վարդուհի Շափաղաթյանը, պնդում է, որ չհիմնավորված մեղադրանք են ներկայացրել որդու նկատմամբ, ինչի արդյունքում երիտասարադը չորս ամիս է, ինչ կալանավայրում է: Տիկին Վարդուհին նամակ է գրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում նշվում է հետևյալը. «Ձեր հովանավորությամբ և «Լույս» հիմնադրամի ու Քեմբրիջի համալսարանի կրթաթոշակով իմ որդին` Արամ Մուղալյանը, դարձել է Քեմբրիջի համալսարանի մագիստրոս, Ձեր հայրենասիրական կանչին անսալով` եկել է Հայաստան և լծվել աշխատանքի: 

Այսօր նա Արմավիրի մարզի իրավապահների բազմաթիվ կեղծարարությունների շնորհիվ 4 ամիս ու 5 օր է, ինչ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում`որևէ փաստով չհիմնավորված մեղադրանքով. իբրև գյուղին հարակից ամայի վայրում, առանց որևէ մեկի ներկայության, գետնին թափված ոչ պիտանի ծղոտ են վառել, գոյություն չունեցող խոտի դեզ այրելու փորձ կատարել: Սա առնվազն զավեշտական է: Եվ այս անհիմն ենթադրությունների համար ներկայացված պատժաչափը մինչև 4 տարվա ազատազրկում է նախատեսում: Այստեղ, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

Նախաքննության սկզբում 18 օր շարունակ տղաս ու իր ընկերները` բոլորն էլ բարձրագույն կրթությամբ, գտնվել են ազատության մեջ և որևէ ձևով չեն խոչընդոտել քննչական աշխատանքներին: Մոտ 3 շաբաթ հետո միայն մեզ անհայտ պատճառներով նրանց նկատմամբ ընդունվել է կալանքի անօրինական և անտրամաբանական որոշում: 

Թե ինչպես հկիմնավորեն իրենց հակաօրինական գործողությունները, Արմավիրի իրավապահները կալանքը իրականացնելուց հետո են սկսել մտածել: Այս պարագայում երկար խորհելու կարիք էլ չկար, քանի որ վաղուց ի վեր գործում է իրեն գրեթե միշտ արդարացրած մեթոդը`«մշակել» տղաներին: Եվ սկսվում են սպառնալիքներով լեցուն բացատրական աշխատանքները տղաների ու ծնողների հետ: Բայց ապարդյուն:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել