... Եթե ես քեզ վաղը էլի տեսնեմ, կկանգնեմ, կժպտամ ու մեր հնարավոր կարճատև զրույցի ընթացքում կբացատրեմ, որ ես մարդկանց ընդհանրապես կոպտել չեմ սիրում, առավել ևս` կիսածանոթ ու հիմարի տպավորություն թողնող մարդկանց: Հենց այդպես, չնեղանաս: Ինձ համար քո չնեղանալն էլ արժեք ունի: Ես քեզ կբացատրեմ, որ մեն-մենակ, արդեն կտրվող անձրևի տակ համարյա թռվռալով քայլող աղջկան չեն մոտենում, ինչ-որ հարցեր չեն տալիս: Հասկանու՞մ ես, անձրևոտ եղանակին չշտապող ու իր երջանկությունը գրկած քայլող մարդու մենակությունը խախտելը հավասար է հանցագործության: Չէ, եթե հիմար չլինեիր, կհասկանայիր: Մի նեղացիր: Ու մի նեղացիր, որ առաջին երկու հարցերիդ պատասխանը տալով` երրորդին արդեն կոպտեցի: Արժանի էիր, թե չէ` չեմ փոշմանում: Բայց չեմ սիրում, որ մարդիկ դառը մտքերով են նայում թիկունքիս: Ա՜հ, այս մարդկային շարունակ ուշացող խղճմտանքը...
Եթե վաղը հանդիպենք նորից, քեզ կհիշեմ քո մանկական մեծ, կապտախառը ու մի քիչ տարօրինակ աչքերով. ուրիշ ոչ մի հիշողություն չեմ ունեցել քո արտաքինից, չունեմ: Մի բան գիտեմ հիմա` որ հիմար ես: Չնեղանաս...
Եթե ես քեզ վաղը տեսնեմ, անչար կժպտամ ու կբացատրեմ, որ մարդկանց հարցեր տալու համար բարեհամբույր ժպիտով միշտ ու ամենուր կարելի է մոտենալ, եթե նրանք մենակ են, բայց այդ մենակությունից երջանկություն չի կաթում: Հասկացիր, գիտակցված մենակությունը այն ամենակարևորներից է, ինչ պետք է մարդուն այս կյանքից: Գուցե շատ բան չասեմ, բայց ուզում եմ իմանաս, որ միայնությունից փախչողը պետք է փախչի նրա մոտ, ով իրեն մենակ է զգում: Այդպիսիների մոտ միշտ տեղ կա...
Չգիտեմ... Բայց կուզենայի քեզ վաղը տեսնել: Ու տեսնել` իմ թողած անժպիտ հիշողությունը ցրելու, մեկ էլ ցույց տալու համար, թե ինչ հրաշք է հանդարտ անձրևը, ու ինչ գեղեցիկ զգացողություն է, երբ դու դրսում մեն-մենակ քայլելով` քեզ միայնակ չես զգում այդ անձրևի հետ ու ուրիշ ոչնչի, ոչ մեկի ընկերակցության կարիքը չունես:
Դու, կարծում եմ, վատ մարդ չես, ես էլ չեմ սիրում իմ տպավորություններին կասկածել: Ուղղակի մի քիչ հիմար ես: Չնեղանաս:
Ու շնորհակալ եմ, որ իմ անձրևային երջանկությունը ամբողջությամբ չփչացրիր:
Իսկ խիղճս մի տեսակ տանջում է... Եթե քեզ վաղը էլի տեսնեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել