Վերջին շրջանում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից տարվող աշխատանքները՝ համակարգում բարեփոխումներ և բարելավումներ մտցնելու կապակցությամբ, ի՞նչ խոսք, ողջունելի են, սակայն խոստումներն ու համոզումները որպեսզի չվերածվեն փուչ արտահայտությունների, դրանք պետք է հասցնել տրամաբանական ավարտի։ Եթե հիմնվենք ոստիկանապետի` ասուլիսների ժամանակ արված հայտարարությունների վրա, ապա պետք է, որ համակարգի աշխատակիցները` Վլադիմիր Գասպարյանի ենթակաները, ովքեր անվեհապահորեն պետք է կատարեն նրա հրամանը, պետք է որ ձեռք բերեին հասարակության սերն ու հարգանքը։ Բայց ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել մի տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ոստիկանը ինչպես է գետնին տապալում իր մոր տարիքի և դեռ ավելի տարեց կնոջը։ Ի՞նչ խոսք, երևույթը բնութագրել որպես վանդալիզմ, անարգանք սեփական հասարակության նկատմամբ, թքած ունենալ վերադասի հրամանի վրա, անդաստիարակության կատարելություն շատ տեղին կլինի։ Այս ամենից հետո կարելի է եզրակացնել, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերը, հորդորները, ինչո՞ւ չէ նաև հրամանները ուղղակի ցուցադրական շոու են, ոչ ավել։ Եթե մարդ չի կարողանում իր իսկ ենթականերին տիրապետել, ուրեմն տվյալ անձը ղեկավար կոչվելու իրավունք չունի, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ոստիկանությանը, որ անմիջական շփման մեջ է գտնվում հասարակության հետ։ Պրն. ոստիկանապետ, քանի՞ կոպեկ արժեն Ձեր խոսքերը, եթե նրանք ի կատար չեն ածվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել