
«Առավոտ»-ը գրում է.
«Տարիներ առաջ Երուսաղեմում վախճանվեց հոգևոր առաջնորդներից մեկը, ով ժառանգներ համարյա չուներ։ Թեթևակի հաշվարկներով, նրա կարողությունը գնահատվում էր 400-600 մլն դոլար։ Դրա մեջ կար հնագույն զենքերի հավաքածու՝ 148 կտորից, հնդկական ռաջաներից մնացած փիրուզե շախմատ, 17-18-րդ դարի ֆլամանդական դպրոցի յուղանկարներ և այլն։ Եթե աշխարհում հողը վաճառվում է քառակուսի մետրով, Երուսաղեմում՝ դեցիմետրով։ Փոքրիկ դղյակները տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեն»,-«Առավոտի» հետ զրույցում օրինակ բերեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ Երուսաղեմի պատրիարքն այսօր ամեն կերպ պետք է փորձի զերծ մնալ Էջմիածնի փնտրողական հայացքից։
Հայկական եկեղեցական աթոռների միջև ծագած վեճը, ըստ նրա, «միլիոնավոր դոլարների շուրջ է պտտվում» ու մեր հոգևոր առաջնորդներին բնավ չի հետաքրքրում, թե ո՞ւր կտանի այս ամենը, քանի որ նրանք «իրենց շահի ետևից ընկած մարդիկ են»։