
Tert.am-ը գրում է.
Tert.am-ը Սյունիքի մարզի Տաթև համայնքի խնդիրների, զարգացման հեռանկարների և բնակիչներին «ՏաԹևեր» ճոպանուղու բերած օգուտների ու վնասների մասին զրուցել է գյուղապետ Մուրադ Սիմոնյանի հետ։ Գյուղապետը նշում է, որ գոհ են զբոսաշրջության զարգացումից, սակայն համայնքում խնդիրներ դեռ կան, մարդիկ դեռ ունեն զբաղվածության խնդիր, ուշադրության արժանի է նաև բնակչության աճի խնդիրը։
- Պարոն Սիմոնյան, քանի՞ առաջին դասարանցի ունեք այս տարի:
- Երեք, ցավոք սրտի, երեք: Խորհրդային Միության էն դժվար տարիներին է համընկնում մեր հիմիկվա ապրուստը, երիտասարդները խուսափում են ամուսնությունից, ճիշտ է, բնակվում են, որ ասեմ երիտասարդներ չունենք գյուղում, սուտ կլինի, բայց չեն ամուսնանում, երեք տղա էլ ինձ ունեմ, էստեղ ապրում են, բայց մեկն է ամուսնացել, մյուսը 30 տարեկան է, բայց դեռ չի ամուսնացել: Դե բնակարան են ուզում, հարմարավետ պայմաններ, որ կարողանան ընտանիք պահեն, ես ի՞նչ անեմ: Մի քանի տարի առաջ երիտասարդներից արտահոսք կար դեպի Կապան, Քաջարան, հիմա ահագին երիտասարդներ են էնտեղ բնակվում, էդ պատճառով էլ էստեղ քիչ են երեխաները:
- Իսկ հիմա գյուղից գնացողները շա՞տ են:
- Էս վերջին երեք տարվա ընթացքում հիմնական գնացողներ համարյա չկան, քիչ են:
- Քանի՞ տուն կա Տաթևում:
- Տուն շատ կա, բայց բնակվողներ չկան, 218 ծուխ կա:
- 218 ծուխ ու ընդամենը 3 առաջին դասարանցի՞:
- Հա, ծերերն են շատ, թոշակառուներ են, երիտասարդներն էլ ամուսնացած չեն, բայց հետագա տարիներին լինելու են, էս տարի քիչ են:
- Դպրոցում բավարար քանակով ուսուցիչներ կա՞ն:
- Այո՛, էդ ամեն ինչը ապահովված է բարձր մակարդակով, բայց որ երեխաները քիչ են, էդ ա ցավոտ հարցը: Բոլոր 12 դասարաններն էլ կան, բայց ընդամենը 98 աշակերտ ունենք էս տարի, երկու տարի առաջ 150-ից եկել–դառել է 98:
– Անցած տարի քանի՞սն են եղել առաջին դասարանցիները:
- Էլի երեքը, ցավոք, իսկ նախանցած տարի 9 աշակերտ ունեինք, բայց ինձ թվում ա՝ կավելանան, հույս ունենք, կարող ա եկող տարի 6 հոգի լինեն:
- Կարելի է մտածել, որ Ձեր վիճակը ուրիշ գյուղերի համեմատ լավ է, գյուղ կա, որ մեկական աշակերտ ունի ամեն դասարանում, բայց արդյո՞ք զբոսաշրջության զարգացման գոտի համարվող Տաթևի համար դա լավ ցուցանիշ է:
- Դե ինչ անեմ, ինչ անեմ այ ձեր ցավը տանեմ, կարո՞ղ ա ես ուզում եմ, որ էդպես լինի:
- Լավ, ի՞նչ «բերեց» ճոպանուղին Տաթև:
- Որ ասեմ օգուտ չտվեց, սխալ կլինի, ճոպանուղուց էսօր օգտվում են, աշխատողներ կան գյուղից, ընտանիքները մարդկանց հյուրընկալում են, բայց շուկայի հարց կա, որը ձգձգվում է, պիտի արդեն լուծեն էդ հարցը, Տաթևի առաջնահերթ խնդիրը եղել է այդ շուկան, որ ժողովուրդը օգտվի, վաճառի: Հիմա, չնայած, արգելում են, բայց մարդիկ դեռ կանգնած են էնտեղ:
- Փաստորեն վանքի հարևանությամբ արգելո՞ւմ են տեղացիներին առևտուր անել:
-Հա էլի, մի քիչ հարմար չի, Մայր Աթոռը դժգոհում ա, ասում են վանքի պահպանության գոտի ա, սեղանիկներ են դրված, պահանջում են, որ փակ բան լինի, բայց դե էլի մեր համայնքն ա, պահպանում ենք, մինչև ժամանակավոր 6 փայտե տնակներ ենք պատրաստել, ուզում ենք տեղափոխենք էդտեղ, մինչև որ մեծ, հիմնական շուկա ունենանք:
Իրենք դժգոհել են, ես էլ ասել եմ՝ մինչև իմ հարցերը չլուծվեն, շուկան չբացվի, պայմաններ չլինեն, ես չեմ կարա իմ ժողովրդին արգելեմ,ասեմ՝ մի՛ օգտվեք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ