«Առավոտ»-ը գրում է.

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի օգոստոսի 16-ի որոշմամբ վերացվել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների արտադրության արգելանքը:

 «Արգելքը դրվել էր օգոստոսի 8-ին, վերը նշված արտադրանքները փորձաքննության ենթարկելուց հետո՝ դրանցում հայտնաբերելով որոշակի խախտումներ: Շրջելով Երեւանի սուպերմարկետներում եւ վաճառողներից հետաքրքրվելով, թե այս ամսվա ընթացքում «Արզնի կաթի» արտադրանք վաճառքում միշտ եղե՞լ է, թե՞ ոչ, համոզվեցինք, որ արգելքի ընթացքում այն, միեւնույն է, արտադրվել է եւ փոխանցվել խանութներին: Վաճառողուհիներից մեկը վստահեցրեց, որ իրենց խանութում ապրանքը միշտ եղել է, եւ որ իրենք երբեք ժամկետանց ապրանք չեն վերցրել.«Մենք ամեն օր, պարտադիր կերպով, ընկերության տարբեր ապրանքներ էինք ստանում»:

Երեւանի մի քանի սուպերմարկետների հաճախորդները «Առավոտի» հետ զրույցում հայտնեցին, որ անգամ տեղյակ էլ չէին, որ կաթնամթերքի վրա արգելանք է դրված եղել: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են օգտվում այդ արտադրանքից եւ արդյոք երբեք բողոքներ չե՞ն եղել, պատասխանը գրեթե նույնն էր. «Որովհետեւ 10-20 դրամով ավելի էժան է, քան մյուս ընկերությունների կաթնամթերքները»:

«Միշտ օգտվել եմ, երբեք չեմ էլ նկատել համի որեւէ փոփոխություն, միշտ նույնն է եղել: Մի քանի օր առաջ էլ գնեցի, էլի նույն համն էր, անգամ չգիտեի էլ, որ չպետք է լինի վաճառքում»,- ասաց մի գնորդուհի, որը չցանկացավ ներկայանալ...»,- գրում է «Առավոտը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել