«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խմբագրականն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 «Նախօրեին դեռ աշխույժ և կենսախինդ մարդը, ով առնվազն 100 տարի ապրելու ծրագրեր ուներ, հանկարծ ինքնասպանություն է գործում: Առաջին միտքը, որ ծագում է նման պատահարից հետո, վաղամեռիկի հոգեկան առողջության հետ կապված կասկածներն են:

 Մարդկային տրամաբանությունը հրաժարվում է ընկալել երկարատև ու անլուծելի խնդիրներ չունեցող անձի՝ կյանքից կամովի և սթափ ուղեղով հրաժարվելու բացատրությունները: Բայց հաճախ պարզվում է, որ ինքնասպանություն գործած անձը բոլորվին էլ հոգեկան հիվանդ չի եղել: Գուցե հոգեպես անհավասարակշիռ: Բայց շատ ավելի հաճախ՝ ընդամենը էգոիստ:

 Ակնհայտ է, որ 20-ամյա այն երիտասարդը, ով այդպես թեթևությամբ հրաժեշտ է տալիս կյանքին, ինչ-որ մեկին պատժելու, ցավեցնելու մղումով է առաջնորդվում: Մյուս կողմից՝ այնքան եսակենտրոն է, որ իրենից հետո մնացողների, իրեն սիրող մարդկանց հոգեվիճակի և հետագա կյանքի մասին բոլորովին չի մտահոգվում: Նաև, անպայման, հավատքի ու Աստվածաշնչի հետ երբևէ առնչություններ չի ունեցել: Ամեն անգամ նման ցավալի դեպքից հետո մենք սկսում ենք խորհել երիտասարդ սերնդի հոգեկան անհավասարակշռության, ինչու չէ՝ դաստիարակության ու կուլտուրայի պակասի մասին: Պահն անցնում է՝ ամեն ինչ մոռացվում է: Բայց արժե այս մասին ավելի համակարգված մտածել: Արժե միջոցներ ձեռնարկել, որ դպրոցում, ընտանիքում, երկրում այնպիսի մթնոլորտ ձևավորվի, որը կմերժի ինքնասպանության մասին ցանկացած միտք ու փորձ: Արժե, որ օրումեջ տարբեր ակումբներում այս թեմաներով ճամարտակող հոգեբանները, սոցիոլոգները, բժիշկները, մանկավարժները լրջորեն մտահոգվեն և կոնկրետ գործողությունների, քայլերի ծրագիր մշակեն՝ ինչպես կոփել երիտասարդ սերնդին, որ կյանքին հրաժեշտ տալու միտքը նրանց ուղեղում ամենավերջինը ծագի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել