
1in.am-ը գրում է.
Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը չի շտապում օգոստոսի 17-ին Ստամբուլի Ֆերիկոյ թաղամասում 80-ամյա հայ կնոջ վրա կատարված հարձակման հիմքերում ազգային պատկանելություն փնտրել: «Մեր քաղաքում բացառված երևույթներ չեն սրանք: Չէի ցանկանա հատկապես «հայ կանանց վրա հարձակում» ձևակերպումը տալ, որովհետև նման հարձակումներ գուցե հաճախ են լինում, մինչդեռ մենք լսում ենք հայ կանանց հետ կապվող դեպքերը։ Դրանք ավելի արձագանք են գտնում մեր միջոցով, քանի որ հայ բնակչությունը մեծ թիվ չի կազմում, և ինքնաբերաբար ենթադրվում է, որ այս հարձակումն ատելության, ազգային պատկանելության հողի վրա է կատարված»,- ասաց Էստուկյանը:
Նա նկատեց, որ այդ պատճառով է անգամ նմանատիպ խուլիգանական հարձակումն այլ ենթադրությունների տեղիք տալիս, բայց քանի դեռ հեղինակը պարզված չէ, հնարավոր չէ ասել` սա ինչ կարգի հարձակում է: Էստուկյանի խոսքերով` տարեցներն ավելի անպաշտպան են, հետևաբար ավելի հաճախ են թիրախ դառնում: «Քաղաքում անհոգի մարդիկ շատ են, ովքեր կարող են մի քանի կոպեկի համար հարձակվել: Մեզ դրդապատճառները հայտնի չեն: Սա կարող է լինել ինչպես զուտ խուլիգանական, այնպես էլ ազգային պատկանելության հողի վրա հիմնված հարձակում: Էստուկյանը նկատեց, որ այս կարգի հանցագործություններ հաճախ են հանդիպում, այդ թվում՝ նաև ոչ հայազգի տարեցների հետ կապված:
Օգոստոսի 17-ին Ստամբուլում տեղի ունեցած հարձակման զոհն 80-ամյա Մարգարիտ Ջամքոշօղլուն է եղել, ով ապրել է մենակ: Հարձակումը տեղի է ունեցել Սավաշ փողոցի վրա գտնվող բնակարանում: Այս հարձակումը 2012 թվականի դեկտեմբերին և 2013 թվականի հունվարին Ստամբուլի Սամաթիա բնակավայրում տեղի ունեցած հայ տարեց կանանց վրա հարձակումների շարունակությունն է: Այդ դեպքերից մեկի ժամանակ սպանվել էր Մարիցա Քուչուքը: Ոստիկանությունը 2012 թվականի մարտին ձերբակալել է այդ սպանության մեջ կասկածյալ Մուրադ Նազարյանին: