
Galatv.am-ը գրում է.
Գործարար Փայլակ Հայրապետյանը նոր հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն «Ամերիա» բանկի դեմ: Այս մասին գործարարն ասաց ԳԱԼԱ-ի հետ զրույցում՝ հայտարարելով, որ ինքը դժգոհ է սկսված իրավական գործընթացից:
«Բանկին տվել եմ դատարան, հույս ունենամ, որ գոնե այս անգամ ինչ-որ բան կփոխվի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց գործարարը:
Հիշեցնենք, Փայլակ Հայրապետյանը այն նույն գործարարն է, ում ունեզրկման համար, ըստ «Հետք» էլեկտրոնային օրաթերթի բացահայտումների, մեղավոր են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Գործարարը, այսպիսով, ճանաչվել էր տուժող:
Սակայն գործարարն ասաց, որ ինքը չի կարող ասել անգամ՝ ինքը դժգո՞հ է, թե՞ գոհ է ՔԳՎ ՀԿԳ-ի վարույթում քննվող գործից, քանի որ իրեն արդեն տևական ժամանակ ասում են, որ առերեսում են կատարելու, սակայն միայն մի քանի անգամ հարցաքննել են:
«Ես գոհ կլինեմ միայն այն դեպքում, երբ իմ ունեցվածքը ինձ վերադարձնեն, այն ունեցվածքը, որ ես վաստակել էի քրտինքով և որը ես ներդրեցի իմ ժողովրդի համար և թալանվեցի»,- ասաց Փ. Հայրապետյանը:
Գործարարը նաև ԳԱԼԱ-ին պատմեց, որ ինքը օրեր առաջ իր բջջային հեռախոսին փակ համարից հեռախոսազանգ է ստացել, իսկ զանգահարողը հետախուզման մեջ գտնվող «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանն է եղել, ով ջանացել է գործարարին համոզել, որ հետ վերցնի բողոքը և որ ինքը կվերադարձնի Փ. Հայրապետյանի գումարները:
«Ձեռքիս էր զանգել, համարը փակ էր, բայց ես ձայնից միանգամից ճանաչեցի... Ասաց՝ պարոն Հայրապետյան, Աշոտն ա, ասի՝ ուրախ եմ, որ ձայնդ լսում եմ, ինքն էլ ասաց, որ ուզում է իմ հետ համագործակցել... դա մոտավորապես կլինի մեկ ամիս, ամիս ու կես առաջ էր, ասի՝ ես ինչ կարամ անեմ, բանկին պիտի դիմվի...»:
Փայլակ Հայրապետյանն ասաց, որ իրեն չի հաջողվել նաև ճշտել, թե ուր է անհետացել Ա. Սուքիասյանը...
Նյութն ամբողջությամբ` այստեղ