
1in.am-ը գրում է.
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԿԳ նախարարությունում հանդիպեց մի խումբ ակտիվիստների հետ, ովքեր արդեն մի քանի շաբաթ է՝ պայքարում են բուհերում վարձավճարների թանկացման դեմ:
Հանդիպման սկզբում նախարարը նշեց, որ միշտ պատրաստ են լսել երիտասարդներին, ընդունել առաջարկներ. «Ես որպես նախարար ոգևորությամբ եմ փաստում, որ երիտասարդները Հայաստանում պատրաստ են ցավել և պայքարել հանրային հետաքրքրություն ունեցող խնդիրների համար»:
«Ազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահան Մարտիրոսյանը ընթերցեց նախարարին և նախարարությանն ուղղված դիմումը՝ նշելով, որ ակնկալում են նախարարի գրավոր պատասխանը. «Դիմում ենք ԿԳ նախարարությանը և անձամբ նախարար Աշոտյանին, պահանջում կասեցնել սույն թվականի մայիսին ռեկտորների խորհուրդների կողմից կայացրած՝ որոշ բուհերում 80 000-ից 200 000 դրամով վարձավճարները թանկացնելու որոշումը: Մենք ուսումնասիրելով խնդիրը՝ եկել ենք այն եզրակացության, որ հիմնավորված չէ որոշումը և սպառնում է ազային շահերին, քանզի այդ որոշմամբ շատ շնորհալի երեխաներ կզրկվեն ուսանելու հնարավորությունից. դա կնպաստի նաև ազգի դեգրադացմանը: Մեր՝ առանց այն էլ արտագաղթի պայմաններում դա ոչ այլ ինչ է, քան միտումնավոր ազգաթափություն»:
Վ. Մարտիրոսյանը նշեց, որ իրենք պահանջում են ազդել ռեկտորների վրա՝ կասեցնելու որոշումը, ԱԺ նիստում հանդես գալ առաջարկով՝ պետական բուհերի համար արտոնություններ սահմանելու համար:
Երիտասարդները դիմումը հանձնեցին Արմեն Աշոտյանին: Նախարարն էլ իր հերթին ասաց. «Այս խիտ նամակում մի շարք խնդիրներ են բարձրացվել՝ միայն ուսման վարձի բարձրացումը չէ, սա նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակին առնչվող հարց է: Ես ձեզ վստահեցնում եմ՝ միտումնավոր ազգաոչնչացման քաղաքականություն չկա: Այո, ուսման վարձերի թանկացման հետ կապված որոշումը բուհերինն է, մենք երկար տարիներ փորձել ենք զսպել և ռեկտորներին խնդրել ենք նման որոշումներ չկայացնել, բայց հարկ է անպայման նշեց, որ բուհերի ֆինանսատնտեսական վիճակը մոտ ապագայում վատթարանալու է: Մյուս կողմից՝ բոլորդ էլ երևի թե ունեք բարեկամներ դասախոսների մեջ և գիտեք, որ ուռճացված են դասախոսության կազմերը, մենք երկար տարիներ փորձել ենք զերծ մնալ կրճատումներից, այսօր, սակայն, համակարգում վիրաբուժական միջամտությունների ժամանակն է: Եթե մենք այսօր չկարողանանք լուրջ քայլեր անել, մոտ ապագայում լուրջ ճգնաժամի առաջ կկանգնենք»:
Արմեն Աշոտյանը ընդգծեց, որ իր անձնական խնդիրն է համարում հետևել հարցին և ապահովել լավ սովորող ուսանողների համար օպտիմալ սոցիալական փաթեթ, որ լավ սովորող ոչ մի ուսանող սոցիալական խնդիրներով ուսանելուց չզրկվի: Նա նաև նշեց, որ երկու հազար տասնչորս թվականին տասից քսան տոկոսով կավելանա պետպատվերով սովորող ուսանողների թիվը:
Անդրադառնալով Հայաստանում բուհերի վարձավճարներին առհասարակ՝ նախարարն ասաց. «Նոմինալ արժեքով Հայաստանում կրթությունն էժան է, բայց երբ համեմատում ենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի արժեքը, ապա շուրջ քսան տոկոս է կազմում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ում, դա բավականին մեծ գումար է»:
Ա. Աշոտյանը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ոչ մի լավ ուսանող ուսման վարձավճարի պատճառով ուսանելու հնարավորությունից չի զրկվի: