1in.am-ը գրում է.

«Ցեղասպանության հարյուրամյակը շրջադարձ է լինելու մեր հատուցման թղթածրարի և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման առումով՝ հատուցման իրավական թղթածրարի պատրաստության միջազգային օրենքներին համահունչ և միջազգային օրինաչափություններին ընդառաջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանը:

Նրա կարծիքով՝ Ցեղասպանության հարյուրամյակի ուղղությամբ Սփյուռքը և Հայաստանն առանձին չէ, որ պետք է հատուկ ռազմավարություն մշակեն կամ միջոցառումներ կազմակերպեն: 

Ըստ Շահան Գանդահարյանի՝ Թուրքիայից, Ցեղասպանության ճանաչումից բացի, նաև հատուցման պահանջներով պիտի հանդես գա հայությունը, դրա նախադրյալներն արդեն, ըստ նրա, հնչել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: 

«Այս ամենը կարելի է իրականացնել համատեղ խորհրդակցություններով, քննարկումներով։ Հատկապես ռազմավարական որոշակի ուղղվածություններ են ճշտվում: Հատուցման իրավական թղթածրարի նախապատրաստությունը շրջադարձ կլինի, սա կլինի ճանաչումից մի շատ կարևոր քայլ անդին, իբրև պահանջ և համահայկական պահանջատիրություն՝ Ցեղասպանության մեր կորցրած բոլոր իրավունքների վերամիավորման առումով»,- ասաց Շահան Գանդահարյանը: 

Նրա համոզմամբ՝ ընդհանուր ռազմավարական մոտեցումը պիտի լինի մեկը, և դրա համար շատ ճիշտ է, որ ստեղծվել է պետական հանձնաժողով, որին ներգրավվել են ինչպես հայաստանյան պետական և հասարակական, այնպես էլ սփյուռքյան և արցախյան բոլոր հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հոգևոր ներկայացուցիչներն՝ իրենց առաջին դեմքերով, բոլոր հայ համայնքները, կուսակցությունները, միությունները, այսինքն՝ ներգրավվածության ձևաչափը, ըստ «Ազդակ»-ի խմբագրի, բավական տարողունակ է, և համահայկական առումով գործելու համար բավական ճիշտ ձևաչափ է ընտրվել պետության կողմից: 

«Իրավական հատուցման թղթածրարը երեք հիմնական ուղղությունն ունի. նախ՝ Ցեղասպանության զոհ գնացած մարդկանց անհատական կալվածքների, ինչքերի հատուցման խնդիրը, և Ցեղասպանության միջազգային օրենքով սահմանված կարգով կա նաև արյան գին (վնասների հատուցման ենթաբաժնում է), երկրորդը, որի առաջին քայլն արվել է դեկլարատիվ հարթության վրա, եկեղեցիների երկու վեհափառների համատեղ հայտարարությունը վանքերի և եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ, և երրորդը՝ ամենակարևորը, տարածքային պահանջների խնդիրը և դրա նախաբանային դեկլարացիան արեց նաև Հայաստանի գլխավոր դատախազը, երբ այլ իրավագետների հայկական համաժողովին հայտարարեց, որ ՀՀ-ն պետք է ստանա իր կորցրած տարածքները Թուրքիայից»,- ընդգծեց Շահան Գանդահարյանը: 

Նրա տվյալներով՝ հողային պահանջատիրությունը Սփյուռքում զանազան առիթներով հնչում է: Այս ամենը նաև հանգեցնելու է բոլոր պահանջների իրավական հարթության թղթածրարի պատրաստությանը: Սա այն դեպքն է, որի շուրջ չկա տարակարծություն։ Չի կարող լինել, որովհետև և՛ ՀՀ-ն, և՛ Սփյուռքը թե՛ Ցեղասպանության ճանաչման, թե՛ դրանից բացի, հատուցման նախապատրաստ լինելու առումով, երևում է, համընդհանուր համահայկական միացյալ դիրքորոշում, միացյալ կեցվածք ունեն: 

«Կարծում եմ, որ հարյուրամյակի ձևավորման հանձնաժողովը ճիշտ ձևն է, ճիշտ միջավայրն է՝ այս բոլորը համակարգելու և հիմնական ուղղվածությունները և շեշտադրումները ճշտելու առումով»,- նշեց «Ազդակ»-ի խմբագիրը:
 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել