Այսօր գրեթե բոլորը խոսում են Ռուսաստանի կողմից նախաձեռնված Եվրասիական Միության մասին: Սակայն որքան հաճախ որ շոշափվում է աշխարհաքաղաքական այս նոր կառույցի ու վերջինիս հետ կապված, նաև այդ կառույցի «ճարտարապետ» Վ. Պուտինի անունը, նույնքան և անհայտության մշուշով է պարուրված նույն այդ կառույցի գաղափարական հեղինակի, կարելի է ասել «կնքահոր»` ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի անունը: Վերջինս փիլիսոփայական գիտությունների թեկնածու է և մասնագիտական շրջանակներում հաճախ է որակվում որպես նեոֆաշիստ: Եվ այսպես ո՞վ է նա` ԵվրԱզԵս-ի գաղափարական կնքահայրը: Մոկվայաբնակ այս հասարակական գործիչը ծնվել է Ռուսաստանի մայրաքաղաքում, ուր և ստացել է իր կրթությունը: Իրեն համարում է Եվգենի Գոլովինի ռուսական միջավայրում «Սև օրդեն ՍՍի» հիմնադրի աշակերտը և ժամանակին նաև անդամակցել է այս կառույցին: Մշտապես աչքի է ընկել իր ազգայնական հայացքներով: Զբազվել է խմբագրական աշխատանքով, եղել ռադիոհաղորդավար: 1998-ից նա արդեն Ռուսաստանի Պետդումայի նախագահ Գ. Սելեզնյովի խորհրդականն է, ապա հաջորդ տարվանից աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահը: 2000թ. «Քաղաքականության փիլիսոփայություն» առարկան է դասավանդել Միջազգային անկախ բնապահպանական-քաղաքագիտական համալսարանում, իսկ 2001-ից համառուսաստանյան հասարակական-քաղաքական «Եվրասիա» շարժման նախագահն է: 2008-ից համարվում է իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության գաղափարախոսը: Նույն տարում ստացել է Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորի գիտական կոչում: 2012 թ. ՌԴ Պետդումայի նախագահ Ս. Նարիշկինին կից փորձագիտական-խորհրդատվական կենտրոնի անդամ է: Մինչ խորհրդային կարգերի փլուզումն աչքի է ընկել ընդգծված հակախորհրդային ու հակակոմունիստական հայացքներով, իսկ 1990-ից հետո հակազատական և հակաամերիկյան հայացքներով: 2000-ականների սկզբից արդեն նա եվրասիականության և պահպանողականության գաղափարների մունետիկն է և այդ գաղափարախոսություններն է առաջարկում ռուսական իշխանություններին` որպես քաղաքական պլատֆորմ: Իր գործունեության և գաղափարախոսության գագաթը եվրասիական գերտերության ստեղծումն է Ռուսաստանի առաջնորդությամբ, որն, ինչպես տեսնում ենք, այսօր արդեն աստիճանաբար դառնում է իրականություն: Նշենք, որ ռուսական գիտական շրջանակներում Դուգինը ենթարկվում է նաև որոշակի քննադատության, և երբեմն նրա հայացքները դիտվում են ֆաշիստական: Ի դեպ, ռուսական քաղաքական փիլիսոփայության այս գաղափարախոսը մի քանի ամիս առաջ բավական կոշտ և նույնիսկ սպառնալից արտահայտություններ էր արել նաև Հայաստանի հասցեին` խոսելով վերջինիս ԵվրԱզԵս-ի անդամակցության կամ եվրաինտեգրացիայի հարցի շուրջ:

operativ.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել