Հետո գյուղացիներից մեկը հրավիրեց նրան մտնել իր հետ ղահվետունը մի բաժակ արաղ խմելու: Նա ընդունեց հրավերը: Այնտեղ գտնվում էր բոլորովին հարբած մի բազմություն: Նա ինքը շատ փոքր խմեց, բայց վճարեց բոլորի համար: Այնտեղ ևս սկսեց քարոզները գյուղացու բարօրության մասին և սկսեց բացատրել նրա թշվառության պատճառները: Նա խոսում էր տաք և ոգևորված կերպով: Ես առաջին անգամ զգում էի իմ մեջ, թե ինչ մեծ ներգործություն ունի խոսքի ուժը: Բայց գյուղացիները արհամարհանքով լսում էին նրան: Մեկը հարցրեց նրանցից, թե «ի՞նչ պաշտոն, ի՞նչ աստիճան ունիս», երբ պատասխան ստացավ, թե ծառայության մեջ չէ գտնվում, խիստ լրբաբար ասաց նրան. «էլ ի՞նչ ես դուրս տալիս»...

 — Այո՛, այդ հասարակության վրա ազդելու համար անպատճառ պետք է կամ մուդիր, կամ գայմագամ և կամ Թոմաս էֆենդու նման մուլթեզիմ լինել: Հասարակ գիտնականը ի՞նչ նշանակություն ունի նրանց աչքում...,- խոսեց Վարդանը խորին տխրությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել