Ինչ ուզում ես ասա, մեկ է, հայերը քաղաքակրթությունից հեռու են, այն էլ բավականին հեռու: Չգիտեմ մետրերով, կիլոմետրերով, ուղղակի համապատասխան չափման միավոր չեմ գտնում, որպեսզի ավելի հստակ բացատրեմ, բայց օր օրի գնալով համոզվում եմ, որ մեր արյան մեջ քաղաքակրթությունը բացակայում ա: Չտես ենք հոգով, մտքով ու ամեն-ամեն ինչով: Երբեմն տարրական բաները չգիտենք ու ամենավատը՝ որ մեր էշն ենք քշում ու չենք ուզում իմանալ, այ ամբողջ խնդիրը դրանում ա կայանում: Մեկ-մեկ ուղղակի տգիտությունը սահմաններն անցնում ա, ու մի կերպ ես քեզ զսպում, որպեսզի չփռթկաս: Ես սա ասում եմ ցավով, որովհետև ամեն ինչ սկսվում ու ավարտվում է հենց այս երևույթի շուրջ: Մեր դժբախտություններից մեկը հենց անքաղաքակիրթ վարքն ա, որը մեր տունը քանդում ա: Մենք սիրում ենք ծիծաղել էնպիսի բաների վրա, որը ուղղակի նորմալ ա, այսինքն` էդպես էլ պետք ա լինի, բայց չգիտես ինչի, մեր երիտասարդների լեզվով ասած, շատերին էդ հանգամանքը «բացում ա», բայց էդ նույն շատերի մտքով անգամ չի անցնում, որ էն մարդիկ, ովքեր ուզում են սովորել ու ձգտում են ապրել մի երկրում, որտեղ կա քաղաքակրթություն, նրանք ուղղակի գնալով սկսում են գարշել է՛ս երկրից էլ, մարդկանց վերաբերմունքից էլ:

Հասկանում եմ` քար ու սարի վրա մեծացած ժողովուրդ ենք, բայց արդեն ժամանակն ա վայրիությանն ու չտեսությանը վերջ տալու: Ժամանակն ա մեր ուղեղները մի լավ լվանալու ու ամբողջ աշխարհին բաց աչքերով նայելու: Բայց չգիտես ինչու հայերը սովոր են ջայլամների պես գլուխները մտցնել ավազի մեջ ու ապրել իրենց տգիտությամբ: Փաստորեն դա ապրելակերպ ա դարձել մեզ մոտ, ոչ թե ուղղակի երևույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել