
1in.am-ը գրում է.
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։
- Պարոն Զոհրաբյան, վերջին շրջանում սրվել է Հայաստանի՝ Ռուսաստանի և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման թեման: Եվ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի առաջիկա նախաստորագրման հետ կապված՝ գործընթացների գրեթե ավարտական շրջանում ՌԴ-ն ակնհայտ անբարեհաճ վերաբերմունք է դրսևորում դրա նկատմամբ: Արդյո՞ք այդ գործընթացների զարգացմանը զուգահեռ՝ մեր երկիրը խնդիր է ունենալու ՌԴ-ի հետ:
- Չեմ կարծում, թե ՌԴ-ՀՀ հարաբերություններում ինչ-որ խնդիրներ առաջանան, որևէ փոփոխություն ես չեմ տեսնում: Մեր թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական հարաբերությունները եղել են նորմալ: Իսկ այդ աղմուկը ավելի շատ մամուլում և որոշ տոն ստեղծող ուժերի կամ գործիչների մոտ է, և ոչ թե մեր երկու երկրների հարաբերություններում: Գոնե մինչև այսօր, ինչ սկսվել է այդ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը (չէ՞ որ դա երեկ կամ մեկ ամիս առաջ չեղավ, տարիների հարց է), մեր հարաբերությունների մեջ բան չի վատացել: Եթե խոսքն Ադրբեջանին վաճառված զենքին է վերաբերում, նորից մամուլում աղմուկ բարձրացավ, բայց մասնագիտական ոլորտների հաշվարկներում ասվում է, որ ՌԴ-ն տարածաշրջանում ունի իր ռազմավարական քաղաքականությունը և հավասարակշռում է այն: Ինչ-որ տեղ այդ երկիրը նաև հաշտարարի դեր ունի, և եթե փորձի ետ քաշվել, միգուցե պատերազմ լինի: Հիշեք, որ օրեր առաջ հենց Բաքվում էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե ԼՂՀ հակամարտության կարգավորումը պետք է լինի միայն քաղաքական ճանապարհով: Այսինքն Ադրբերջանի ղեկավարությանը հասկացրեց, թե մտքներովդ չանցնի՝ պատերազմ սկսեք, և ինքը դրան չմիջամտի:
- Այս դեպքում էլ կարծիք կա, թե Վ.Պուտինի ակնկալած տնտեսական, էներգետիկ կամ քաղաքական ակնկալիքները Բաքվում չբավարարվեցին, այդ պատճառով էլ նա այնտեղ նման հայտարարություն արեց:
- Եթե մինչ այդ ԼՂՀ խնդին այլ կերպ շահարկված լիներ, ես կհավատայի դրան: Բայց ՌԴ-ն՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, միշտ էլ ասել է, որ ԼՂՀ հակամարտության կագավորումը պետք է խաղաղ ճանապարհով լինի: Այսինքն ՌԴ-ն չի փոխել իր դիրքորոշումը:
- ՌԴ-ն իր ազդեցությունը որևէ երկրի վրա պահպանելու համար նաև տնտեսական պատժամիջոցներ է կիրառում: Օրինակ, նույն ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու պատճառով ՌԴ-ն օրեր առաջ ուկրաինական քաղցրավենիքի ներմուծման վրա արգելք դրեց: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանից ներմուծվող թառափի մեջ էլ ինչ-որ ցուպիկներ են հայտնաբերվել: Եվ չի բացառվում, որ ՌԴ-ն նույն կերպ արգելք դնի ՀՀ-ից ներմուծվող խմիչքի, ձկնամթերքի, գյուղմթերքի և այլ ապրանքատեսակների վրա: Ինչպես ժամանակին արեց նաև վրացական ապրանքների նկատմամբ:
- Վրաստանի տարբերակը մի փոքր այլ էր: Այդ երկիրը ՌԴ-ի հետ բոլոր կապերը ընդհատեց՝ ԱՊՀ-ից դուրս եկավ, ռուսական ռազմաբազաները հանեց: Մենք երբեք չենք ասել, որ մենք ընդհատելու ենք ՀԱՊԿ պայմանագիրը, ռազմաբազան դուրս ենք հանելու և այլն, որ իրենք էլ արգելքներ դնեն մեր արտահանման վրա: Մեր հարաբերություններն այն մակարդակի վրա են, որ դա տեղի չի ունենա: Նման բանը ոչ մեր շահերին է համապատասխանում, ոչ էլ` իրենց: Եվ այնպես չէ որ միայն մեր շահերին է ձեռնտու ՌԴ-ի ներկայությունը մեր տարածաշրջանում, դա նաև այդ երկրին է անհրաժեշտ: Պատահակա՞ն էր, որ մենք ռուսական ռազմաբազաների ներկայությունը ՀՀ-ում երկարացրեցինք: Կամ՝ ինչի համար մեր նկատմամբ կիրառեն տնտեսական պատժամիջոցներ: Դուք գիտեք, որ ռուսական տնտեսության բավականին ծանրակշիռ ներկայություն կա մեր երկրում: Եվ եթե ՀՀ-ն գնում է ԵՄ Ասոցացման համաձայնագրին և ազատ առևտրի պայմանագրին, ապա ՀՀ-ում ռուսական բոլոր ընկերությունները նույնպես անցնելու են եվրաստանդարտների: Այսինքն ՌԴ-ն ՀՀ-ի միջոցով նաև պատուհան է ձեռք բերում դեպի եվրոպական շուկա:
- Ռուսաստանի համար դժվա՞ր է անմիջապես եվրոպական շուկա մտնել, որ Հայաստանի նման միջնորդությունը պետք է օգտագործի:
- Քաղաքականությունն այնպես է, որ մի քանի մեթոդներ են կիրառում: Դա մի փոքր պատուհան կլինի ՌԴ-ի համար: Իսկ ապագայում երբ մենք կարողանանք ստորագրել այդ համաձայնագիրն ու պահանջվող բարեփոխումներն իրականացնել, մեր տնտեսությունը հզորանալու է ոչ միայն ԵՄ-ի, այլև ՌԴ-ի հետ: Մեր առևտուրը ՌԴ-ի հետ իրականացնում ենք, բայց մեր երկրի կենսամակարդակը դեռ ցածր է: Այսինքն ցանկանում ենք եվրոստանդարտներ, նոր տեխնոլոգիաներ ներդնել, եվրոպական շուկա մտնել և բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղեր ստեղծել: Եվ եթե այդ ամենը անենք, ապա ոչ միայն արտագաղթը կկասեցնենք, այլև գնացածներն էլ ետ կգան: Նաև նշեմ, որ այդ անցումն էլ բավականին ցավալի է լինելու, և շատ գործարարներ, ձեռներեցներ տուժելու են, քանի որ պետք է նոր տեխնոլոգիաներ ներդնեն: Բայց հետագայում դա մի քանի անգամ ավելի փոխհատուցվելու է: Մենք շրջափակված ու մեկուսացված ենք, և Ասոցացման համաձայնագիրն այդ վիճակը ինչ-որ չափով կթեթևացնի: Թեկուզ Եվրոպայի հետ սահմանակից չենք, բայց նա ջանքեր է գործադրելու ճանապարհներ բացելու և իր հետ տնտեսապես համագործակցելու համար: Իսկ ՌԴ-ի հետ որևէ ռազմավարական խախտումներ չենք անելու և մնալու ենք նույն բարեկամները:
- Ռուսաստանում փոխվել է նաև վերաբերմունքը այնտեղ աշխատող և բնակվող հայերի նկատմամբ:
- Վերաբերմունքը հայերի նկատմամբ չի փոխվել, ընհանուր էմիգրացիոն պայմաններն են փոխվում՝ դա կլինի տաջիկ, ուզբեկ, կիրգիզ, թե հայ: ՌԴ-ն մեծ երկիր է, որտեղ բազմաթիվ ազգությունների ներգաղթյալներ կան, և բոլորի նկատմամբ էմիգրացիոն նույն կանոններն են սահմանում: Ինչ վերաբերում է ԼՂՀ խնդրին, թե մեր երկրի եվրաինտեգրացիոն պրոցեսների արդյունքում միգուցե պատերազմ սկսվի, ապա ԵՄ-ի հետ համագործակցությամբ հավելյալ երաշխիքներ ենք ձեռք բերելու: Եթե այսօր տարածաշրջանում հաշտարարի կամ միջամտելու դերը հիմնականում ՌԴ-ինն է, ապա եթե ԵՄ Ասոցացման համաձայնագրի անդամ ես, եթե նրա Մաքսային միության մեջ ես, քո օրենքները համահավասարեցնում ես Եվրոպայի հետ, ապա այդ կառույցը միջամտելու իրավունք է ձեռք բերում: Եվ Եվրոպան արդեն իրավական հնարավորություն է ունենում ճնշում գործադրել այն երկրների վրա, ովքեր կփորձեն խախտել խաղաղությունը:
- Բայց ո՞ւր է այն երաշխիքը, որ ԵՄ-ն տարածաշրջանի կամ Հայաստանի համար անվտանգության երաշխավոր կլինի: Չէ՞ որ դեռ հայտնի չէ՝, ստորագրվելիք համաձայնագրերում կա՞ նման երաշխիք: Հատկապես որ ՀԱՊԿ պայմանագրով այդ երաշխիքն ինչ-որ կերպ կա:
- Անպայման չէ, որ այդ երաշխիքներն ուղղակիորեն թղթի վրա գրված լինեն: Կամ ԼՂՀ-ի հետ կապված՝ եթե կոնֆլիկտ լինի, ի՞նչ եք կարծում, Ղազախստանը կօգնի՞ Հայաստանին: Նրանք հիմա են ասում, որ նման դեպքերում Հայաստանի պարագայում ձեռնպահ են մնալու: Հակառակը, նրանք հայտարարում են, որ ԼՂՀ հարցում Ադրբեջանի հետ են համախոհ: