Tert.am-ը գրում է.

Մայր աթոռը ևս, եթե ոչ ուղղակի, սակայն դեմ է արտահայտվում «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքին, որն ավելի կարճ կոչում են «Գենդերի մասին օրենք»:

 Բանն այն է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հասարակական հայեցակետային գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում օրերս տեղադրել էր այս թեմային նվիրված ծավալուն մի հոդված և ևս դեմ արտահայտվել՝ նշելով, որ օրենքը հենց սկզբից սխալական է և շփոթեցնող, քանի որ բովանդակությունն ու մեկնաբանությունն իրար չեն համապատասխանում:


«Իր հետագայ վտանգաւոր զարգացումներով՝ առնչուած ընտանիքին, երեխաների իրաւունքին եւ պատասխանատւութեանը, նոյնասեռականութեանը եւ նոյն կողմնորոշմամբ ամուսնութեան վաւերականացմանը: Օրէնքը ոչ թէ կանանց եւ տղամարդկանց հաւասար իրաւունքների եւ հաւասար հնարաւորութիւնների ապահովման մասին է, որը բնականաբար ընդունելի եւ միանշանակ խրախուսելի է, այլ գենդերային հաւասարութեան, որոնք ըստ էութեան տարբեր հասկացութիւններ են»,- գրել է Բագրատ սրբազանը:

 

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին «Օրինաց երկրի» պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի համահեղինակությամբ ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում տեղ է գտել մի դրույթ, ըստ որի՝ «սեռը» համարվել է ձեռքբերովի վարք, և մի շարք հասարակական կազմակերպություններ օրերս կոչ են արել մտավորականությանը, մտահոգ կազմակերպություններին, լրատվամիջոցներին, անհատներին՝ միանալ «գենդերի» մասին օրենքը վերանայելու կամ հետ կանչելու գործին:

 Իսկ օրենքին դեմ արտահայտված երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը դեմ արտահայտվելով օրենքին՝ հայտարարել էր, որ մարդու համար գոյություն ունի երեք տիտղոս՝ մարդ, սեռ, ազգություն, և չի կարելի դրանք խեղել:

 Բագրատ սրբազանն իր հոդվածում այնուհետև եզրակացնում է.«… Գենդեր եզրաշերտը (տերմինը) ինքնին սոցիալական եւ քաղաքական, նաեւ այսպէս կոչուած հոգեբանական հասկացութիւն է, որը չի սահմանում կին եւ տղամարդ սեռային կամ կենսաբանական ընկալումը, այլ բնորոշում է իգական եւ արական ըմբռնումը՝ համարելով այն սոցիալապէս ձեռքբերովի եւ ընտրովի: Հետեւաբար, սոյն ըմբռնումը բոլորովին առնչութիւն չունի կանանց եւ տղամարդկանց իրաւահաւասարութեան սկզբունքի հետ»։

 Նա հարկ է համարել շեշտել, որ կնոջ և տղամարդու իրավահավասարության սկզբունքը քրիստոնեական մարդաբանական ըմբռնման կարևորագույն և առանցքային հասկացություններից է: Եվ ըստ այս ընկալման Աստված ստեղծեց ոչ թե անհատին, այլ ստեղծեց ամբողջական մարդուն՝ կին և տղամարդ՝ իր պատկերով և նմանությամբ՝ այսինքն՝ ստեղծեց որպես համայնք, որպես արտացոլանքն «իր իսկ երրորդութենական համայնական կեանքի՝ հաւասար իրաւունքներով, պատասխանատւութեամբ եւ, սակայն, արտայայտութեան եւ զգացմունքների յստակ տարբերութիւններով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել