Operativ.am-ը գրում է.

Գերմանացիներն այլևս կարիք չեն ունենա գրանցելու իրենց նորածին երեխաներին որպես «տղաների» և «աղջիկների»: Եթե չհաջողվի սեռը որոշել, ապա ծննդականում կթույլատրվի անել «այլ» գրառումը կամ ուղղակի գիծ քաշել համապատասխան սյունակում: 

Նոր օրենքը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից: Օրենքի ընդունման գործում մեծ է սահմանադրական դատարանի դերը, որի համաձայն յուրաքանչյուր մարդ իրավունքն ունի ինքնուրույն ընտրել իր գենդերային պատկանելիությունը:

 Օրենքը չի վերաբերում տրանսսեքսուալներին: Այն առնչվելու է բացառապես այն մարդկանց, ովքեր ի ծնե ունեն ինչպես արական, այնպես էլ` իգական հատկանիշներ, այսինքն` հերմաֆրոդիտներին: 

Այսուհետև, եթե երեխան ծնվում է կոնկրետ անոմալիաներով, որոնք թույլ չեն տալիս որոշել նրա սեռը, ապա ծնողներն իրավունք ունեն նրան նշել որպես «երրորդ», «այլ» կամ տվյալ հատվածը դատարկ թողնել: 

Գերմանիայի արդարադատության նախարար Սաբինա Լյոյթեսսեր-Շարրենբերգերը հայտարարել է, որ որոշումը կպահանջի համապարփակ բարեփոխումներ պետական փաստաթղթերի հանձնման համակարգում: Ներկայումս մեծահասակ գերմանացիների անձնագրերում բոլոր սյունակները պետք է լրացված լինեն ավանդաբար: Այդ կանոնը պահպանվում է մասամբ այն բանի համար, որ սահմանը հատելիս մարդկանց մոտ խնդիրներ չառաջանան:

«Երրորդ սեռ» սահմանումը որոշ փոփոխություններ կպահանջի նաև ամուսնական օրենսդրության մեջ: Այսօր Գերմանիայում օրինական կերպով ամուսնանալու իրավունք  ունեն միայն տղամարդիկ և կանայք: Համասեռամոլ զույգերին թույլատրված է միայն, այսպես կոչված, «քաղաքացիական զուգընկերություն»: Ոչ մի այլ տարբերակ նախատեսված չէ: 

Եվրոպական երկրների մեջ Գերմանիան առաջինն էր, որ նման նորամուծություն իրականացրեց: 

«ILGA Europe» իրավապաշտպան ընկերության ղեկավար Սիլվան Ագիուսը «Spiegel» պարբերականին տված իր հարցազրույցում հայտնել է, որ Գերմանիայի իշխանությունների որոշումը համանման քայլի պետք է դրդի նաև եվրոպական այլ երկրների կառավարություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել