
Lragir.am-ը գրում է.
Մեր զրուցակիցն է սոցիոլոգ «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամ Սոնյա Մսրյանը:
Հետևե՞լ ես քաղաքացիական պայքարին մինչև ներգրավելդ այս պրոցեսների մեջ, ի՞նչը քեզ բերեց դեպի այս դաշտ:
-Հետևել եմ լրատավամիջոցներով, ֆեյսբուքով: Ակտիվորեն հետևել եմ Մաշտոցի պուրակի շարժմանը, ու կարող եմ ասել ամենագրավիչ բանը, որ կա, մարդկանց ըմբոստությունն է, հատկապես երիտասարդների ըմբոստութունը: Տեսնում ես, որ իսկապես կան մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց գաղափարի համար պայքարել ու պատրաստ են իրենց իրավուքները հետ նվաճել: Իրենք ամեն քայլափոխի ապացուցում են, որ չեն վախենում, որովհետև այսօր այնպիսի իրականության մեջ ենք ապրում, որ համատարած վախի մթնոլորտ կա, ինչ-որ չափով դա հաղթահարվել է, բայց այն որ երիտասարդները դուրս են գալիս, իրենց դժգոհությունն են արտահայտում համակարգի դեմ, որը ոտնահարում է մարդկանց իրավունքները, ես համարում եմ, որ դա ամենամեծ ձեռքբերումն է:
Ես հասկացա, որ բացի ֆեյսբուքում ստատուսներ գրելուց կարելի էն նաև դուրս գալ իրական պայքարի, հենց ռեալում տանել պայքարը, ոչ թե օնլայն: Այն կարծիքը, որ ես ունեի՝ կարող եմ պայքարել, ավելի հաստատակամ դարձավ, ես կարող եմ և ոչ մի բանից չեմ վախենում:
Մեկ ամիս է, ինչ այս պրոցեսները գնում են, ի ՞նչ ես դու տվել պայքարին, ի՞նչ է պայքարը տվել քեզ:
-Սկսեմ նրանից՝ պայքարը ինձ ինչ է տվել: Շատ բան: Բացի նրանից, որ անձնական մակարդակում, սեփական ուժերի մակարդակում ինքանվստահություն, ես բախտ եմ ունեցել ծանոթանալ լիքը մարդկանց հետ, մարդկանց հետ, ում հետ ունենք նույն արժեքային համակարգը, դա իմ համար ամենամեծ ձեռքբերումներից է: Այն, որ շփվում ենք իրար հետ, քննարկում ենք, ինչ-որ բան ենք որոշում, կիսվում ենք մտքերով, ես հասկանում եմ, որ այդ մարդիկ իմ աշխարհից են, մենք նույն մոլորակից ենք, ես մենակ չեմ: Գաղափարական առումով շատ բան եմ հասցրել իրենցից սովորել: Հասկացել եմ որ դրանք այն գաղափարներն են, որոնց մասին միշտ մտածել եմ, բայց չեմ բարձրաձայնել, դա մնացել է իմ ներսում: Ես հիմա ազատություն եմ զգում, որ կարող եմ իմ գաղափարները հանգիստ արտահայտել: Իսկ ես ի՞նչ տվեցի պայքարին, կարող եմ ասել, որ կազմակերպչական հարցերում օգնել եմ, նյութեր եմ տեղադրել, գաղափարներ եմ տվել: Այս ամեն ինչը պետք է լինի վարակովի, դա շատ կարևոր է, որ ամեն մարդ, ով կրում է այդ ազատագրման գաղափարը, ամեն մեկը եթե կարողնա կիսի ուրիշների հետ, քաղաքացիական գիտակցություն զարգացնի, արդեն իսկ մեծ գործ արած կլինի:
Կա նոր քաղաքական մշակույթ, հանրային ժողովներ, անվճար մեքենա, նոր ստեղծագործական ներուժ, փոխադարձ փոխօգնության մշակույթ, ինչպե՞ս անել, որ մարդիկ վարակվեն այդ գաղափարներով և իներտ վիճակից դուրս գան, կանգնեն այնտեղ, որտեղ հիմա դու ես կանգնած:
-Կարմիր գծի նման այդ թելը գնում է այս ամբողջ շարժման և ամբողջ գործընթացներում, դա այն է, որ մարդը դադարել է միայն գործել՝ մենակ մտածելով սեփական շահերի մասին: Մարդը դառնում է քաղաքացի: Գործընթացում կարմիր գիծը դա է՝ մարդուց քաղաքացի դառնալն է: Քաղաքացին պետք է պատասխանատվություն զգա հանրության առջև, իր արարքներով և իր նվաճած իրավունքով ինքը ճանապարհ է հարթում մյուսների համար: Եվ ինչ-որ չափով հնարավոր է եղել, յուրաքանչյուր ոք մյուսների առաջ զգա այդ պատասխանատվությունը: Եթե այսօր ինչ-որ մի բանի իրավունքը վաստակեմ պայքարի գնով, գիտեմ, վաղը այդ նվաճած իրավունքից օգտվելու է մեկ ուրիշը: Այն, որ ես ինչ-որ չափով արդարություն եմ վերականգնում, իրավունք եմ վերականգնում, այդ ամեն ինչը նպասոտւմ է, որ մեկ ուրիշը կարողանա օգտվել այդ իրավունքից:
Այսօր շատ են վարկաբեկումները տարբեր տիպի պիտակավորումները: Ինչ-որ փոքր խմբեր, ովքեր առաջնորդվում են այլ փոքր խմբերի մասնավոր շահերից, ներդրված են ուղակի այս ամեն ինչի մեջ, որպեսզի իրենց կեղծ գաղափարները տարածեն և վարակաբեկեն: Իրենց տեսակին պետք է ի գիտություն իմանալ և չհետևել, չտրվել սադրանքների: Մաքուրը, ազնիվը, ճիշտը առաջին հերթին մարդ պետք է իր մեջ գտնի, հետո աշխատի գտնի այն մարդկանց, ովքեր կրում են այդ արժեքները:
Մի եզրագիծ էր, սահման էր, որ պետք էր անցնել: Մի ժամանակ ես աշխատում էի թերթի խմբագրությունում և իրականացնում էի նոր սոցիոլոգիական հարցումներ, հասցրել եմ Հայաստանի բոլոր մարզերում ու շատ գյուղերում լինել, երբ տեսնում էի մարդկանց ծանր սոցիալական պայմանները, բացի նրանից, որ գալիս էի տուն ու լացում էի, ուրիշ ոչ մի բան չէի կարողանում անել: Հիմա հասկանում եմ, որ այդ ամենը քո մեջ պահելով ոչ մի բանի հասնել չես կարող:
Մի դեպք կուզենամ ասել, գտնվում էինք Վայոց Ձոր մարզի Վայք քաղաքի կողքի գյուղերից մեկում, մի 8 տարեկան երեխայի հանդիպեցի, ով երազում էր ջութակի գնալ, իր մորաքույրն ասում էր, չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ, տրանսպորտ չկար այդ գյուղից Վայք տանող, իսկ տաքսին շատ թանկ է: Այդ երեխան նայում էր, թե ոնց եմ հարցաթերթիկ լրացնում, ինքն այնքան մեծ հույս ուներ, որ այդ ամեն ինչից ինչ-որ բան կփոխվեր: Երբ վերադարձա տուն, ուղակի լաց եղա, որովհետև ոչինչ չէի կարող անել այդ երեխայի համար, որ ինքը կարողանա ջութակ նվագել սովորել: Ես գտնում եմ, որ պետք է ուղակի բարձրաձայնել խնդիրների մասին, պետք է քաջություն գտնես, եթե համարում ես, որ այս երևույթը արդարացի չի և դու կարող ես օգնել:
Ի՞նչ գործիքների փաթեթ ես պատկերացնում, որ պետք է տալ գյուղացուն, որ ինքը կարողնա ինքնուրույն իր հարցերը լուծել, ինքը ցանկանա, որ իր համայքնում ինչ-որ բան փոխվի: Ինչպե՞ս է գալիս փոփոխությունը:
-Այդ մտքի հետ լիովին համաձայն եմ, որ մարդը ինքը պետք է բարձրաձայնի իր խնդիրների մասին և չսպասի դրսից օգնության: Հանրության շատ մեծ մասը սպասում է, որ մեկը դրսից կգա և իրենց հարցերը կլուծի, ինչ-որ լիդերի են սպասում, ինչ-որ միջազգային կազմակերպության են սպասում, որ պիտի գա և իրենց օգնություն տա: Դա կատեգորիկ սխալ եմ համարում: Ընդհանարպես սոցիոլոգիայի մեջ կա հասկացություն՝ բավարարվածության պարադոքս, որ մարդն ապրում է վատ ծանր տնտեսական պայմաններում, բայց իրեն թվում է, որ ինքը լավ է ապրում, ինքն այդ ամեն ինչից բավարարաված է: Մարդկանց մեջ պետք է այդ գիտակցությունը բարձրացնել, երբ դու պայքարում ես, որ քո գյուղում, քո այգում լինի ոռոգման համակարգ, դու դրանով նպաստում ես, որ հարևանն էլ ունենա այդ ոռոգման համակարգը: Պետք է կոլեկտիվ գիտակցության գաղափարը լինի, որ մարդիկ հասկանան, որ իրենց իրավուքները, շահերը պաշտպանելով, իրենք օգնում են նաև մյուսներին:
Քաղաքացիական իրավագիտակցությունը պետք է զարգացնել, որ մարդիկ հասկանան՝ իրենք ունեն իրավուքներ և պետք է այդ իրավուքները նվաճեն: Իրավունքը ե՞րբ է առաջ գալիս, երբ կա սահմանափակում, օրինակ ինչի՞ չկա օդ շնչելու իրավունք, որովհետև սահմանափակում չկա: Այդ սահմանափակման առկայության պարագայում ոչ մեկ քեզ չի շնորհի այդ իրավունքը, եթե նույնսիկ դա ամրագրված է օրենքներով: Մենք այդ ժողովրդավարական երկրում չենք ապրում, որ հարգեն մարդկանց իրավուքները, այս այն դեպքն է, որ մարդիկ իրենք պետք է պայքարեն իրենց իսկ իրավուքների համար: