Դպրոցում մի աննման ուսուցիչ ունեի, որ մեզ աշխարհագրություն էր պարապում: Երբ որևէ աշակերտ դասի չէր գալիս, նա, նկատելով բացակայությունը, հաջորդ օրը հարցնում էր չգալու պատճառը:
Որպես կանոն, մեծամասնությունը պատասխանում էր, թե գլուխս էր ցավում, դրա համար չեմ եկել:
Անկեղծորեն զարմանում էր և ասում.
«Չգիտեի, որ դատարկ գլուխը կարող է ցավել»:
Տարիներ հետո ինձ «համոզում են», որ դատարկագլուխ այդ աշակերտները, որոնցից կատարյալ դատարկագլուխները ինչ-որ աթոռների են նստած և երկիր են կառավարում, կարող են ծաղկացնել ... մեր հայրենիքը:
Սրանք ոչնչացրեցին ողջ ուսման համակարգը, քանդեցին դպրոցը, դաստիարակեցին մի սերունդ, որոնց համար դիպլոմը դարձավ այնքան մատչելի, որքան որ անտեր ծառից խնձոր պոկելը, և այսօր նմանները ինչ-որ կոչերով են հանդես գալիս, ապահով Հայաստան մատուցում` չմոռանալով ապահովել իրենց Դանայան ախորժակը:
Դրանցից քանի՞սն է օրվա հացի կարոտ, քանի՞սն է բավարարվում իր ստացած աշխատավարձով: Բոլորը գիտեն, և ոչ մեկը ամոթի նշույլ անգամ չի ապրում արածի համար, անարժան աթոռին բազմելու համար: 
Ավելին, ինչ-որ հողեր են պահանջում, որոնք թե ստանան էլ, իրենք պիտի «տեր ու տիրեկան» լինեն, իրենց ձևով կառավարեն և վայելեն «իրենց պապերի» վաստակը:
Սա կապիտալիզմի նոր բացահայտված տեսակ է, որին ես անվանում եմ «Դատարկագլուխների անզուգական կապիտալիզմ»...
Սրանք ունակ են միայն ժողովրդին հասցնելու ինքնահրկիզման և կամ ճարահատյալ փախստականների, որն էլ սիրով անում են առանց վախի նշույլի` օգտագործելով ամենատարածված մեթոդները, որոնք են խավարն ու խավարամտությունը, արվեստի կատարյալ ոչնչացումը, արժեքների նյութականացումը և այսպես շարունակ:
Մտավորականությունը այս պայմաններում անզոր է պայքարել, քանզի զուրկ է կարգավիճակը ուղղելու բոլոր հնարավոր միջոցներից, անգամ գյուղերում, շրջաններում և փոքրիկ քաղաքներում...
Ամենուր այդ ուրվական-տերերերն են և կամ նրանց ժառանգները:

Էդուարդ Պողոսյան
Սանկտ-Պետերբուրգ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել