
Emedia.am-ը գրում է.
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Նախարարի առաջին կանգառը Սիսիանի Նորավան համայնքն էր:
Նախարարը շրջել է ցորենի արտերում, ծանոթացել բերքահավաքի ընթացքին, զրուցել նոր կազմավորված ֆերմերային տնտեսության ներկայացուցիչների հետ, հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել նախարարին պետական նպատակային ծրագրերի կապակցությամբ` նշելով, որ դրանց շնորհիվ հնարավոր է եղել ապահովել ցորենի բարձր բերքատվությունը:
Այս տարի Սյունիքի մարզում ցանքատարածությունները շուրջ 3 հազար հեկտարով ավելացել են, որից ցորենի ցանքերրը` շուրջ 2500 հեկտարով, իսկ գարունը ` 500 հեկտարով: Ֆերմերները գյուղնախարարին տեղեկացրել են, որ սուբսիդավորված ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի, տրամադրված վարկային ռեսուրսի, ինչպես նաև ցորենի բերքատու սորտերի շնորհիվ հացահատիկի միջին բերքատվությունը մարզում բարձրացել է: Այս տարի Սյունիքի մարզում հացահատիկի մեկ հեկտարից ստացված բերքը 30-35 ցենտներ է:
Նախարարը և նրան ուղեկցող Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը այցելել են նաև նորակառույց սպանդանոց, որն իր արդիական տեխնոլոգիաներով առայժմ եզակի է հանրապետությունում: ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ այն լուրջ խթան կհանդիսանա մարզում ոչխարաբուծության զարգացման համար, քանի որ Սյունիքի մարզը ոչխարաբուծությամբ առաջատարն է հանրապետությունում: Միայն այս տարի ոչխարների քանակն ավելացել է շուրջ 15,5 տոկոսով` գերազանցելով հարյուր հազարի սահմանագիծը:
Այս տարի Սյունիքի մարզն աչքի է ընկել անասնաբուծության ճյուղի բարձր ցուցանիշներով: Բավական է նշել, որ տավարի գլխաքանակն ավելացել է շուրջ 4 հազարով` կազմելով 56 հազար գլուխ, իսկ խոզերինը ավելացել է 2,8 հազար գլխով` կազմելով 10,6 հազար գլուխ: Նախարարը և նրան ուղեկցող մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած անասնապահական ֆերմա, ապա կաթի ու մսի վերամշակման արտադրամաս, ուր արդեն տեղադրված էին գերմանական արտադրության նոր սերնդի կիթի շարժական մեքենաները:
Գյուղատնտեսության նախարարն այցելել է նաև Սիսիանի տարածաշրջանի Գորայք համայնք և ծանոթացել ջրարբիացման աշխատանքներին, ինչն ընթանում է «Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» ծրագրի շրջանակում: Աշխատանքային այցի ավարտին Սյունիքի մարզպետարանում գյուղատնտեսության նախարարը հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին և պատասխանել նրանց հարցերին: