Աստղագետները վերջերս մի մոլորակ են հայտնաբերել, որն ադամանդների իսկական գանձարան է: Սա երբևէ հայտնագործված ամենազարմանահրաշ մոլորակներից մեկն է, որը տիեզերական չափանիշներով մեզ շատ «մոտ» է գտնվում՝ 40 լուսային տարի հեռավորության վրա (ով ֆիզիկայի դասերից փախել է, հիշեցնեմ. լույսի արագությունը 300.000 կմ/վ է, հետևաբար` 40 լուսատարին կազմում է 40*365*24*60*60*300.000 կմ):

Մոլորակն անվանել են 55 Cancri e, և այն հանդիսանում է Խեցգետնի համաստեղության 55 Cancri աստղի 5 մոլորակներից մեկը: Այն ամբողջությամբ բաղկացած է ածխածնից՝ ալմաստից ու գրաֆիտից, իսկ մոլորակի մակերևույթին միայն աննշան քանակությամբ են երկաթի ու այլ նյութերի միացություններ հայտնաբերվել:

Այս մոլորակը հայտնաբերվեց ամերիկացի աստղագետների խմբի կողմից դեռ 2004 թվականին, բայց դրա ուսումնասիրությունները ձգձգվեցին մի քանի տարի: Թուլուզի գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր Օլիվյե Մոուսիսի գլխավորությամբ անցկացված հետազոտությունների արդյունքները հրապարակվեցին ամերիկյան գիտական «Astrophysical Journal Letters» պարբերականում: Դրանցում մասնավորապես պատմվում էր նրա մասին, որ 55 Cancri e-ի ծավալի առնվազն մեկ երրորդը ալմաստներ են և որպեսզի հասկանաք, թե դա որքան շատ է, նշեմ, որ մոլորակը 8 անգամ ավելի մեծ ծավալ ունի, քան Երկիր մոլորակը:

Հետազոտությունների համահեղինակներից մեկը՝ Նիկկու Մադհուսուդխանը, նշում է, որ ալմաստների մեծ մասը նման է երկրային ալմաստներին, սակայն դրանց արդյունահանման մասին մտածելը առնվազն վաղ է երկու հիմնական պատճառներով` մոլորակի հսկայական հեռավորությունը մեզանից և դրա մակերևույթի շատ բարձր ջերմաստիճանը, որը կազմում է 1600 աստիճան Ցելսիուս: Եթե երբևիցե այս մոլորակը դառնա էլ մարդկության գանձարանը, ապա ավելի շուտ դա կլինի գիտելիքների գանձարան, որովհետև, ըստ գիտնականների, այս մոլորակն ունեցել տեկտոնական էվոլյուցիայի լրիվ այլ ճանապարհ, քան Երկիրը:

Աստղը, որի շուրջ պտտվում է ադամանդե այս մոլորակը, կարելի է տեսնել երկնակամարում անզեն աչքով: 55 Canvri e-ն շատ արագ է պտտվում արևատիպ իր աստղի շուրջ, և օրվա տևողությունը կազմում է 18 ժամ: Մոլորակի շառավիղը 4 անգամ ավելի մեծ է, քան Երկիր մոլորակինը, իսկ ծավալը, ինչպես արդեն նշեցի՝ 8 անգամ: Ադամանդե մոլորակի խտությունը ենթադրաբար նույնն է, ինչ Երկրինը, ինչը հազվադեպ երևույթ է նմանատիպ երկնային մարմնի համար, որովհետև լեռնոտ մոլորակները, որոնք ավելի վաղ էին հայտնաբերվել, միշտ ավելի մեծ խտություն ունեին: Սա հիմք տվեց ենթադրելու, որ Կանկրիի վրա կա նաև հեղուկ վիճակում գտնվող ալմաստ:

Ալմաստի պաշարներ ունեցող մոլորակներ նախկինում էլ հայտնաբերվել են, բայց դրանց քանակով ու տեսակարար կշռով Կանկրին բացառիկ մոլորակ է: Գիտնականներն այսօր էլ շարունակում են ուսումնասիրել «Ալմաստների աշխարհ» կոչվող այս երկնային մարմնի մթնոլորտը, մակերևույթն ու ընդերքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել