![](/static/news/b/2013/08/76458.jpg)
1in.am-ը գրում է.
Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանատնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին, որ Եգիպտոսում հայ զբոսաշրջիկներ կան, բայց քիչ են: Դեսպանատան աշխատակիցը նշեց, որ հանգստավայրերը Կահիրեից բավական հեռու են, դրա համար դեռ գնացողներ կան:
«Յունոնա-տուր» տուրիստական ընկերությունն այս տարվա հունվարից Հայաստան-Եգիպտոս ուղիղ չվերթ չի իրականացրել: Ընկերության աշխատակցի խոսքերով՝ ո՛չ Հայաստանից, ո՛չ Վրաստանից ներկայում այնտեղ չեն ուղարկում, նախատեսվում էր սեպտեմբերին չվերթները վերականգնել, բայց մինչև չկարգավորվի իրավիճակը՝ զբոսաշրջիկներ չեն ուղարկի Եգիպտոս:
«Յունոնա-տուր»-ի աշխատակցի խոսքերով՝ ավելի մատչելի ու լավ տուրեր կան, ու ամենակարևորը՝ անվտանգ:
«Էյր Կովկաս» տուրիստական ընկերության տուրօպերատորը ևս հորդորեց խուսափել Եգիպտոսում հանգստանալուց: Գործակալության գործընկեր կազմակերպությունը Վրաստանից ամեն կիրակի իրականացնում է չվերթ դեպի Եգիպտոս և «Էյր Կովկաս»-ին ուղարկում է գնացուցակ, որպեսզի այստեղից ևս զբոսաշրջիկներ ուղարկեն: Տուրօպերատորի կարծիքով՝ «50/50» է մեղավորությունը տուրիստի և տուրընկերության, մեկը՝ գնալու, մյուսն՝ ուղարկելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից ասացին, որ Եգիպտոսում գտնվող հայաստանցի զբոսաշրջիկների ստույգ թիվը հայտնի չէ, բայց շատ քիչ են: ԱԳՆ-ի տվյալներով՝ հայ քաղաքացիներից որևէ մեկը չի տուժել:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հորդորում և կոչ է անում խուսափել Եգիպտոս մեկնելուց:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների վրա ուժայինների հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 525-ի, բախումներում 3 հազար 717 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: