
Չգիտե՞ք, թե ինչ է նշանակում HTC –ն: Դուք միակը չեք, ով չգիտի այս հապավման նշանակությունը: Թայվանցի սմարթֆոններ արտադրողը 1 միլիարդ դոլարի գովազդային քարոզարշավ է սկսել, որտեղ ներգրավված է կինոաստղ Ռոբերտ Դաունի կրտսերը:
Երկու րոպե տևողությամբ գովազդում կինոաստղը հայտնվում է տարբեր տեսարաններում: «Երկաթե մարդը» ֆիլմում սուպերհերոսի դեր խաղալուց հետո նրա անունը հրապարակվեց «Ֆորբեսի» ցուցակում իբրև ամենաբարձր վարձատրվող դերասան:
Ֆինանսական վերլուծաբանները կասկածում են, որ այս գովազդը կարող է որոշակիորեն նպաստել HTC – ի զարգացմանը: Ընկերությունը պայքարում է, որպեսզի մի օր ինքն էլ «Սամսունգի» և «Էյփլի» պես հսկաների կողքին տեղ զբաղեցնի տեխնոլոգիական շուկայում: Անցած ամիս HTC-ից ասում էին, որ ակնկալվում է, որ HTC-ի եկամուտները կնվազեն 30 %-ով:
Հետազոտությունների գծով մենեջեր Մելիսա Չուն ասել է, որ ընկերության համար լավ է, որ Դաունիի նման հայտնի դերասանն է ներկայացնում իրենց բրենդը, սակայն դա բավարար չէ ընկերության ներկայիս դրությունը կտրուկ փոխելու համար:
Չուն ասում է, որ կարևոր է նախ և առաջ ուշադրությունը կենտրոնացնել հեռախոսների վրա: Օրինակ, եթե հիշենք Բլեքբերիի օրինակը, ապա կտեսնենք, որ Ալիշա Քիզը առանձնապես մեծ ներգործություն չունեցավ նրանց շահույթների աճի վրա: Սմարթֆոնների շուկայի առաջատար Բլեքբերին հայտնել է, որ եթե չկարողանան բավարար չափով սպառել իրենց արտադրանքը, ապա ստիպված կլինեն զեղչեր սահմանել:
Ոլորտի մասնագետներից Լու Վի Թեքն ասում է, որ աստղերին արտադրանքի գովազդում ներգրավելը շատ տարածված է վերջին ժամանակահատվածում, սակայն հազիվ թե դա օգնի ավելացնել վաճառքի քանակը: Օրինակ` Լեդի Գագան գովազդել է Պոլարոիդի արտադրանքը, սակայն հաջողությունները այնքան էլ նկատելի չեն: Աստղի հետ համագործակցությունն օգնում է կազմակերպությանն ավելի հայտնի դառնալ, սակայն ի վերջո արտադրանքի որակն է, որ թույլ է տալիս ձեռք բերել ցանկալի եկամուտները: