
168.am-ը գրում է.
Վերջերս Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը տվյալներ հրապարակեց, որոնց համաձայն՝ 2013 թվականի առաջին կիսամյակում ամուսնալուծությունների թիվն աճել է 14,2% ով, գրանցվել է 1822 դեպք: Կոտայքի մարզում ապահարզանների թիվն աճել է շուրջ 10%-ով: Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 66 ապահարզանի դեպք, իսկ անցյալ տարի 118 դիմում է բավարարվել: Ընդ որում, ապահարզանի տասնյակ դեպքեր դեռևս դատական ընթացքում են գտնվում և սովորաբար դրանց 90%-ը բավարարվում է: Ամուսնալուծությունների թվի ավելացման պատճառների մասին 168.am-ը զրուցեց Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Աբովյանի վերականգնողական կենտրոնի և «Սատար» հոգեբանական կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյան-Թովմասյանի հետ: - Բաժանությունների թիվն ինչո՞ւ է ավելանում և որո՞նք են հիմնական պատճառները: - Ամուսնալուծության պատճառները բազմաթիվ են: Սովորաբար, ամուսնությանը նախապատրաստվելը զույգերի կողմից չի դիտարկվում որպես լուրջ, կարևոր գործոն: Սովորաբար երկու տեսակի ամուսնություններ են լինում՝ մեկը, երբ զույգը որոշ ժամանակ հանդիպում է, կայանում է որպես զույգ, և երկրորդը, երբ շատ արագ, առանց որոշակի հոգեբանական էտապներ անցնելու՝ ամուսնանում են: Նախքան ամուսնանալը պետք է հաշվի առնել որոշ կետեր, որոնց համապատասխանելու դեպքում զույգերը կարող են հանգիստ լինել ապագայի հարցում: Այդուհանդերձ, եթե ընթերցողների մեջ լինեն մարդիկ, ովքեր այս իմաստով չեն համապատասխանել, բայց նորմալ ընտանիք են կազմել, թող չանհանգստանան, որովհետև ամեն ինչ, այնուամենայնիվ մարդկանց ձեռքերում է: Առաջին կարևոր պայմանը՝ զույգը պետք է ճանաչի միմյանց ոչ պակաս, քան 6 ամսից մինչև 3 տարի: Սովորաբար յուրաքանչյուր մարդ շփման սկզբնական շրջանում փորձում է ներկայանալ միայն դրական կողմերով, փորձում է շահել դիմացինի վստահությունը, հաճոյանալ նրան: Ժամանակի ընթացքում բացահայտվում է մարդկանց ավելի ամբողջական, իրական կերպարը: Ամուսնության որոշում կայացնելուց առաջ զույգը ցանկալի է, որ հանդիպի նվազագույնը 6 ամիս և ոչ ավել, քան 3 տարի: Առհասարակ, ծայրահեղությունների մեջ ընկնել պետք չէ, ոչ շատ արագ է պետք ամուսնանալ, ոչ էլ հետաձգել: Թեև վստահ եմ, որ կլինեն զույգեր, ովքեր շատ կարճ ժամանակահատվածում ամուսնացել են ու կազմել ամուր, երջանիկ ընտանիք: Այս դեպքում կարելի է խոսել կայացած անհատների միության մասին: - Բայց նույն հոգեբանները պնդում են նաև, որ սերն ապրում է 3 տարի: - Ես չեմ ընդունում, որ սերն ապրում է 3 տարի: Ո՞վ է չափել և ինչպե՞ս: Պարզապես տարիների ընթացքում սերը որակական փոփոխության է ենթարկվում: Եթե մարդիկ 3 տարի շփվում են միմյանց հետ և հասկանում են, որ համատեղ կյանքն անհնարին կլինի՝ ուրեմն շարունակելն անիմաստ է, որովհետև հետագայում մեղադրելու են իրենք իրենց կամ կողակցին, որ անիմաստ ժամանակ են ծախսել: Եթե, իհարկե, ամուսնությունը հաշվարկով չի արված: Երկրորդ. միևնույն ոլորտի, դասի մարդիկ ավելի համատեղելի են: Հետազոտությունները ցույց են տալիս, որ միևնույն ոլորտի, դասի մարդիկ առավել համատեղելի են: Խոսքը՝ ոչ թե հասարակական դիրքի կամ ունեցվածքի մասին է, այլ մարդկանց ընդհանուր արժեքային համակարգի: Եթե մեկը գնահատում է բարեկեցությունը, լավ աշխատանքը, լավ մարդկանց հետ շփվելը, իսկ մյուսը նախընտրում է «մեկ օրով» ապրելը, ապա այդ զույգերը երկար չեն կարող ապրել միասին: Երրորդը. կարևոր է զույգերի ծնողների մոտ կամ հեռու ապրելը: Երբ զույգերի ծնողները մոտ են ապրում, ապա այսպես, թե այնպես միջամտում են նոր կազմավորվող ընտանիքի կյանքին: Ծնողները պետք է հասկանան, որ շատ հարցեր, խնդիրներ զույգերն ինքնուրույն պետք է հաղթահարեն, որպեսզի կայանան որպես ընտանիք: Պարտականությունների ու բեռի մեծ մասը վերցնելով՝ օգնություն չեն ցուցաբերում: Անխոս, ծնողներին պետք է սիրել, հարգել, պատասխանատվության զգացում ունենալ նրանց նկատմամբ: Առավել հասկանալի է ծնողների հոգատարությունն ու ուշադրությունը երիտասարդ ընտանիքի նկատմամբ: Սակայն անհրաժեշտ է գիտակցել ինքնուրույնության և նոր սերնդին սեփական կյանքի համար պատասխանատվության զգացմունքի փոխանցման կարևորությունը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ