
1in.am-ը գրում է.
Ուկրաինական արտահանողների մաքսային բեռների շուրջ ծավալված իրավիճակի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարար Իգոր Պրասոլովը հայտարարել է, որ Ուկրաինան երկուշաբթի օրը կորոշի՝ արդյո՞ք արժե ռուսական շուկա արտահանվող ուկրաինական արտադրանքների հետ կապված խնդիրներով դիմել ԱՀԿ-ին, տեղեկացնում է РИА Новости-ն:
Նա մասնավորեցրել է նաև, որ Ուկրաինան պատասխան միջոցներ չի ձեռնարկի: «Մենք չենք պատրաստվում սահմանափակել ռուսական ապրանքների ներկրումը: Մենք ցանկանում ենք պարզել, թե ինչու են այժմ մեր ապրանքների հետ կապված խնդիրներ առաջացել»,–ասել է Պրասոլովը:
Երկու երկրների փորձագետներն էլ մաքսային բեռների հետ իրավիճակը բացատրում են նրանով, որ Ռուսաստանը փորձում է ստիպել Ուկրաինային Մաքսային միություն մտնել կամ ձգտում է խանգարել ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը: Երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչները հերքում են քաղաքական միջամտության հնարավորությունը: