
1in.am-ը գրում է.
Շարունակվում է 2009 թ. հունիսին վախճանված Մայքլ Ջեքսոնի մահվան հետ կապված դատական գործընթացը: Հիշեցնենք, որ ապրիլին երգչի մայրը դատարան էր դիմել՝ մեղադրելով AEG ընկերությանն աստղի անձնական բժշկի անզգույշ ընտրության մեջ: Ավելի վաղ բժիշկ Կոնրադ Մյուրեյը մեղավոր էր ճանաչվել փոփ-աստղին անզգուշաբար սպանելու մեջ և դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման:
Նախօրին դատական նիստին մասնակցել են Ջեքսոնի նախկին կինը՝ Դեբի Ռոուն, ով երգչի երկու երեխաների մայրն է: Ցուցմունքներ տալիս կնոջ աչքերում մի քանի անգամ արցունքներ են հայտնվել:
Ռոուն պատմել է, որ երգչի հետ ծանոթացել է այն ժամանակ, երբ նրա մաշկաբանի օգնականն էր հանդիսանում: Այդ ժամանակ Մայքլը շատ ծանր էր տանում Լիզա Մարիա Փրեսլիի հետ ամուսնալուծությունը: Երգիչը Ռոուին խոստովանել է, որ ամենից շատ տխրում է այն պատճառով, որ երեխաներ չունի: Հենց այդ ժամանակ էլ Ռոուն առաջարկել է Մայքլին նրա երեխաների մայրը դառնալ:
Դեբբիի խոսքերով՝ Մայքլը մի քանի շաբաթ մտածել է այդ առաջարկության վրա: Կինը չի մասնավորեցրել, թե ինչ ճանապարհով է տեղի ունեցել բեղմնավորումը՝ բնական, թե արհեստական: Նա պատմել է, որ երբ հայտնել է Մայքլին, որ հղի է, վերջինս ուրախությունից բղավել է: Կինը պատմել է, որ երբ հղի է եղել Փրինսով, Մայքլն իրեն երկու աուդիոսկավառակներ է տվել, որպեսզի հղի կինն ամեն երեկո ականջակալները փորին դնի, և հոր բացակայության ժամանակ երեխան նրա ձայնը լսելու հնարավորություն ունենա:
Երբ երեք տարի անց Ջեքսոնը և Ռոուն ամուսնալուծվել են, կինը հրաժարվել է իր ծնողական իրավունքներից, որի համար մինչև այժմ զղջում է:
Ռոուն խոստովանել է, որ չի պայքարել իր մայրական իրավունքների համար: Նա շատ է սիրել Մայքլին և մինչև այժմ էլ սիրում է, նա ցանկացել է, որ Մայքլը հայր դառնա և իր երեխաների հետ ապրի, ինչից ինքը զրկված է եղել իր մանկության ժամանակ:
Իր երեխաների հետ հարաբերությունների մասին Դեբին ասել է, որ դստեր հետ ավելի մտերիմ է, քան որդու:
Դատավորը Ջեքսոնի նախկին կնոջը երգչի առողջական վիճակի վերաբերյալ հարցեր է տվել, որին Ռոուն պատասխանել է, որ իր նախկին ամուսինը վիտիլիգոյով էր տառապում, որի ժամանակ մաշկը կորցնում է գույնը: Մաշկի գույնը հավասարեցնելու նպատակով երգիչը հաճախ էր դիմում բժիշկների օգնությանը:
Նա կեղծիք է անվանել այն կարծիքները, թե այդպիսով նա փորձել է սպիտակեցնել մաշկը:
Դեբիի ցուցմունքների համաձայն՝ փոփ-արքան նաև խրոնիկական գայլախտով է տառապել և մշտական ցավեր է ունեցել, որի պատճառով էլ 80-ականներին սկսել է մեծ քանակությամբ ցավազրկողներ օգտագործել:
Վերջում Ռոուն հայտարարել է, որ ամենավատ բուժօգնությունը հարուստները, աղքատները և հայտնի մարդիկ են ստանում: Առաջինները կարող են ցանկացած դեղորայք գնել, երկրորդները չեն կարող, երրորդներն էլ իրենք են թելադրում, ինչպես բուժել իրենց: