Երևանի քաղաքապետի դեռևս հուլիսի 25-ի 3723-Ա «Երևանի քաղաքապետի 2013 թ.-ի հուլիսի 19-ի 3661-Ա որոշման գործողությունը կասեցնելու մասին» որոշման 2-րդ կետով Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանին հանձնարարվել էր կազմակերպել հանրային քննարկումներ` ներգրավելով Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի անդամներին, տրանսպորտային ոլորտի մասնագետներին, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլ անձանց և դրանց արդյունքներով ներկայացնել համապատասխան եզրակացություն:
Հավանաբար քաղաքապետարանում տեղյակ չեն, որ ՀՀ-ում գոյություն ունի հանրային քննարկումների իրականացման ընթացակարգ, որն իմիջիայլոց հաստատված է Կառավարության 2010 թ.-ի մարտի 25-ի N 296-Ա «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» որոշմամբ: Իսկ համաձայն նույն ընթացակարգի՝ նախագիծը մշակող մարմինն իր ինտերնետային կայքում պետք է հրապարակի հանրային քննարկումների հրավեր, որը պետք է պարունակի քննարկումների իրականացման տեսակի, վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, ինչպես նաև հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետի (եթե, ըստ նախագիծը մշակող մարմնի, նման դիմում ներկայացնելն անհրաժեշտ է) մասին տեղեկություններ: Ընդ որում, դիմումների ընդունման վերջնաժամկետը չի կարող պակաս լինել, քան հանրային քննարկումների հրավերի հրապարակման պահից տասը օրը: Նախագիծը մշակող մարմինը հանրային քննարկումների հրավերը կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվամիջոցներով և ժամանակակից հեռահաղորդակցման այլ միջոցներով:
Իսկ թե ինչո՞ւ մինչ օրս չեն իրականացվել այս աշխատանքները, և ինչպե՞ս եղավ, որ «Այլևս անխուսափելի» թանկացման հարցն օրակարգային չէ, թերևս հարցեր են, որոնց քաղաքապետը պարտավոր է պատասխանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել