
Նուրհան սրբազանի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված հրապարակային նամակի բովանդակության և դրա շուրջ հանրային քննարկումների կոշտ ենթատեքստի առկայու¬թյունը մտահոգության և ափսոսանքի պատճառ են դարձել:
Որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ ինձ համար ցավալի և մտահոգիչ է այս փաստը:
Ելնելով նամակի հրապարակային բնույթից պիտի հասկանանք, որ նամակը ուղղված է բոլորիս` ընդունելով մեզ միասնական Եկեղեցի Վեհափառ Հոր գլխավորությամբ: Այդ նամակի հանրայնացման առաքելությունը ո՞րն էր, արդյո՞ք նամակը հրապարակային դարձնելը պիտի ծառայի հայ ազգին: Այս հարցերը, ավաղ, պատասխան չեն գտնում իմ սրտում: Որպես մեր Եկեղեցու զավակ մեծ երանությամբ ակընկալում եմ քրիստոնեական սեր մեր հոգևոր հայրերի քայլերում, որոնք մեզ համար դաստիարակչական և ուղղորդող պիտի լինեն: Համոզված եմ, որ առողջ մարմինը չի կարող վնասել իր բաղադրիչ մասերից որևէ մեկին, ուստի Հայաստանյայն Առաքելական Սուրբ Եկեղեցին իբրև միասնական մարմին չի կարող հարված հասցնել իր բաղադրիչ թևերին:
Հազարամյա պատմություն ունեցող Եկեղեցին բոլոր մարտահրավերներին պատասխանել է իր միասնու¬թյամբ և բարեպաշտ «հոտի» համատեղ ջանքերի շնորհիվ: Հասարակական կարծիքների ազատությունը հաճախ պատճառ է դառնում զանազան, իրարամերժ դիրքորոշումների կայացմանը, որոնք կարող են բևեռացնել հայ ազգը` բաժանելով «ճակատների»: Այս հանգամանքը ազգային անվտանգությանը միտված սպառնալիք է: Վերջինիս հաղթա¬հարման համար Ազգը պետք է դրսևորի հոգևոր միասնություն:
Մեջբերելով երջանկահիշատակ Վեհափառ Հայրապետ Վազգեն I իմաստությունը. «Սէր երբեք ոչ անկանի», մաղթում եմ բոլորին դրսևորել Սեր և հանդուրժողականություն միմյանց նկատմամբ: