![](/static/news/b/2013/08/76031.jpg)
1in.am-ը գրում է.
«Ռոսսելխոզնադզորը» կասեցրել է Ռուսաստան հայկական սառեցված թառափի խմբաքանակի ներմուծումը: Լաբորատոր փորձաքննության ժամանակ «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի արտահանած սառեցված թառափի խմբաքանակում հայտնաբերվել են մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ: Կատարվել է կրկնակի փորձաքննություն, որը տվել է նույն արդյունքը: Եվ հաշվի առելով այն, որ այդ խմբաքանակն ընկերությունը Ռուսաստան է ներմուծել մինչև ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմին անցնելը, ծառայությունը որոշել է երկրորդ անգամ զգուշացնել Հայաստանի անասնաբուժական պետական ծառայությանը՝ միջոցներ ձեռնարկելու համար:
Նույն օրը «Ռոսսելխոզնադզորը» վտանգավոր նյութեր և մանրէներ է հայտնաբերել նաև Ֆարերյան կղզիներից ներմուծվող ձկնատեսակներում և Նորվեգիայից ներմուծվող սառեցված ձկան լյարդում: Առաջինի նկատմամբ սահմանվել է խիստ հսկողություն, իսկ Նորվերգայից ներմուծումը ժամանակավորապես կասեցվել է:
Հայաստանի համար ձկան արտահանումը Ռուսաստան շատ կարևոր է, և վերջին տարիներին այն կտրուկ ավելացել է: Եթե 2010 թվականին Հայաստանից արտահանվել է 428 տոննա ձուկ, ապա 2011 թվականին ձկան արտահանման ծավալներն ավելացել են գրեթե 4 անգամ՝ կազմելով 1634,7 տոննա: Եվ եթե կրկնվի անցած տարվա պատմությունը՝ ներմուծման ժամանակավոր արգելքով, դա կարող է մեծ հարված լինել Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունների համար:
Հիշեցնենք, որ 2012 թ. սեպտեմբերին Ռուսաստանը սահմանափակեց 4 հայկական ընկերությունների մուտքը ռուսական շուկա՝ աղիքային ցուպիկի հայտնաբերման պատճառով:
Այժմ մեր երկրում գրանցված են մոտ 250 ձկնաբուծական տնտեսություններ: Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանից ձկան արտահանման 80-90 տոկոսը: Քիչ քանակությամբ ձուկ է արտահանվում նաև Վրաստան, ԱՄԷ և ԱՄՆ: