
Galatv.am-ը գրում է.
«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ այդ աղջիկը սկսնակ է և նույնիսկ ծանոթ չէ իր պարտականություններին, որովհետև բացարձակապես չի տիրապետում Ժնևյան կոնվենցիայի հիմնական կետերին և երևի բոլորովին ծանոթ չէ միջազգային իրավունքի դրույթներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում խոսելով ԿՄԽԿ-ի Բաքվի գրասենյակի մամուլի քարտուղարի ԳԱԼԱ-ին տված հարցազրույցի մասին՝ կարծիք հայտնեց ռազմագերիների հարցերով հանձնաժողովի անդամ, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
«Բանն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը, միանալով այս կոնվենցիային, իրենց վրա վերցրել են պարտավորություններ, որոնք այլևս ենթակա չեն քննարկման:
Ես ուղղակի ուզում եմ կոնվենցիայի առաջին հոդվածն ընթերցել զինգերիների մասին. Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն Կոնվենցիան: Սա այնքան հստակ է, իսկ ԿՄԽԿ-ի Բաքվի գրասենյակի անտարբեր վերաբերմունքն ուղղակի անհանգստացնող է, ու չիմացող մեկին վստահել պատասխանելու միջազգային ԿՄԽԿ-ի անունից, կարծում եմ դա ուղղակի աննախադեպ է:
Իմ շփումները միջազգային ԿՄԽԿ-ի ներկայացուցիչների հետ վկայում են, որ նրանք երբեմն կարող են լինել ոչ հետևողական, բայց որ այդպես մեկնաբանեն, ես առաջին անգամ եմ լսում, նման անգրագիտություն առաջին անգամ լսեցի»:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն հարցը, որ ԿՄԽԿ-ի Ադրբեջանի գրասենյակից նշեցին, որ զինգերուն չեն հանդիպել, քանի որ կողմերի ղեկավարները բանակցում են, ԱԺ նախկին պատգամավորը պատասխանեց.
«Օրինակ հոդված 126-րդը հստակեցնում է՝ պետությունը, որը գերության մեջ է վերցրել անձին, պատվիրակության ներկայացուցիչներին թույլ է տալու այցելել բոլոր այն տեղերը, որտեղ գտնվում է զինգերին, ավելին, իրենց պետք է տրամադրվի ամենայն ազատությունը զինգերու հետ հանդիպման տեղի ընտրության մեջ, այսինքն որ Ադրբեջանի Կարմիր Խաչի կողմից դեռ չի ստացվել այցելել ռազմագերուն, դա Ադրբեջանի կողմից կոպիտ խախտում է, իսկ ադրբեջանական պատվիրակության կողմից աններելի պասիվություն և կոնվենցիայի խախտում»:
Նախկին ՄԻՊ-ից հետաքրքրվեցինք՝ արդյոք երբևէ եղել են դեպքեր, որ նման իրավիճակներում համագործակցել են ԿՄԽԿ-ի այլ գրասենյակներ և նրանք են ռազմագերուն օգնություն ցուցաբերել, Ալավերդյանը պատասխանեց.
«Եղել է միջազգային խումբ, որը բաղկացած է եղել Վրաստանի, Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչներից, նրանք պայմանավորվածության հասան Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ և այցելում էին գերիներին, բայց միջազգային Կարմիր Խաչի համար որևէ խոչընդոտ չի կարող լինել. իրենք առաջին տարին չեն այնտեղ, որ նման բարբաջանք տարածեն, թե պետությունները պետք է հասնեն ինչ-որ համաձայնության. դա ինձ համար ավելի քան զարմանալի է:
Կոնվենցիայի մեջ ամեն ինչ այնքան պարզ նշված է. օրինակ՝ ամեն մի զինգերի այն պահից, երբ գերեվարվել է, իրավունք ունի արդեն ուղարկել որևէ տեղեկություն իր գտնվելու տեղի ու վիճակի մասին. և գրված է՝ եթե ոչ այդ պահին, ապա ամենաուշը մեկ շաբաթվա ընթացքում տեղեկությունը պետք է լինի, այս դրույթները քաջ հայտնի են և Հայաստանին, և Ադրբեջանին:
Կամ` հասկանալով, որ կարող է պատահի գերի վերցնող պետությունը կարող է չարաշահի զինգերու իրավունքը և ասի, որ ինքը՝ զինգերին, հրաժարվում է իր որոշ իրավունքներից օգտվելուց, ապա հոդված յոթերորդը պարզ ասում է, որ զինգերին որևէ դեպքում չի կարող հրաժարվել մասնակի կամ լիովին իր իրավունքներից»:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ