Ես չեմ հասկանում, միայն Հայաստանու՞մ է գործում «վճարիր ոչնչի համար» «ոսկե» կանոնը: Օրինակ` կարո՞ղ եք ինձ բացատրել` ինչո՞ւ պետք է վճարեմ 300.000-ից ավել վարձավճար և դրա փոխարեն ստանամ ոչինչ: Հասկանում եմ, ամեն ինչ սկսվում է դպրոցից՝ ֆոնդի փողից, ուսուցիչների տոնի համար գումար հավաքելուց, դեռ դպրոցներից մենք վճարում ենք ամեն ինչի համար` բացի գիտելիքի: Դպրոցում ինձ թվում էր` գրականությունը սկսվում է Թումանյանով ու ավարտվում Չարենցով, մինչև չավարտեցի դպրոցս, չհասկացա` ինչ բան է ի վերջո սովորելը, կրթվելը: Հիմա արդեն համալսարանում եմ սովորում, բայց մեկ է, նորից նույն կանոնն է գործում` վճարում ենք ոչնչի կամ ավելի շուտ կապտականաչ դիպլոմի համար, որը իրականում մենք վաստակում ենք մեր պինդ նյարդերի և հզոր կամքի շնորհիվ: Ես ուզում եմ սովորել, սովորել համալսարանում և հասկանալ, թե ինչ եմ սովորում այնտեղ: Բայց արի ու տես, որ մի քանի խզբզված տեսական գիտելիքից, որը երկու տողով մեզ են հրամցնում և վրան էլ գրում ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՎԱՐՏ, բացի դրանից ոչ մի ավել բան մենք չենք կարողանում սովորել, որովհետև դասախոսները կա՛մ ժամանակ չունեն, կա՛մ հավես՝ նոր, ավելի հետաքրքիր ու բովանդակալից ծրագիր-գիտելիք մատուցելու համար: Չեմ ուզում ոչ ոքի վատաբանել, պարզապես սովորելով ուս. հաստատություններում` ի վերջո հասկանում ես, որ ոչինչ էլ չես սովորում, եթե ինքդ չես պրպտում և ձգտում սովորել: Իսկ այդ դեպքում գոնե որևէ մեկը ինձ կբացատրի՞, թե ինչու եմ վճարում կամ առհասարակ ինչի համար պետք է տանջվեմ, աշխատեմ ու գումարը իրենց հաշվեհամարներին փոխանցեմ: 

Հ.Գ. Երազում եմ Հայաստանում լավ ուս. հաստատությունների մասին, ես դեռ յոլա կգնամ, բայց մեկ բանում համոզված եմ, որ իմ երեխաները ոչ ԵՊՀ-ներ և ոչ էլ ՀՊՄՀ-ներ չեն հաճախելու, որովհետև ուզում եմ` գոնե նրանք հասկանան` ինչ է գիտելիքը: Ճիշտ է, այն հեշտ չի տրվում և չի էլ յուրացվում, բայց որ առհասարակ չի տրվում ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԴԱ ՓԱՍՏ Է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել