
Հայտնի է, որ հին Եգիպտոսը իր ժամանակներում բավականին առաջադեմ էր շինարարությամբ, բուրգերով, բժշկական համալիր տեխնոլոգիաներով, իրենց հատուկ հետաքրքիր նորաձևությամբ և այլն: Իսկ այժմ գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք նույնիսկ մեկ քայլով առաջ էին իրենց ժամանակակիցներից: Ինչպես նշվում է «American Chemical Society» պարբերականում հրապարակված հետազոտության մեջ, հայտնի եգիպտական կապույտ պիգմենտը` ներկը, ժամանակակից հեռահաղորդակցական տեխնոլոգիաների մեջ կարող է կարևոր կիրառություն ունենալ մեր օրերում:
Նայելով հին եգիպտական արվեստի գործերին` կարելի է իսկապես ապշել դրանց վրա հաճախակի երևացող կապույտ գույնով արված շեշտադրումներով: Պատմաբանները հավատացած են, որ եգիպտացիները գերվել էին այս գույնով, երբ նրանք սկսել են օգտագործել Աֆղանստանից բերված կիսաթանկարժեք կապույտ քարը (lapis lazuli)` ամեն ինչ դրանով գունավորելով` որմնանկարներից մինչև աչքերի կոպերը: Եվ քանի որ այս քարերը ձեռք բերելն այնքան էլ հեշտ չէր, նրանք սկսեցին նոր մեթոդներ մշակել արհեստական վառ կապույտ երանգ ստանալու համար և հայտնագործեցին պղնձի կալցիումի սիլիկատը` այն ստանալով կրաքար, ավազ և պղինձ հալեցնելով և դրանք միախառնելով իրար: Հետագայում «Եգիպտական կապույտ» անվանումը ստացած այս քիմիական միացությունը սկսել է արտադրվել փոշու տեսքով:
Եգիպտական կապույտով սկսել են զարդարել քանդակները, կառույցներն ու հուշարձանները դեռևս Ք.ա. 2500թ.-ին: Այս պիգմենտից հայտնաբերվել է նաև Հին Միջագետքում: Այն օգտագործել են նաև հռոմեացիները Պոմպեյում և կոչել դա «caeruleum»` կապույտ: Իսկ 2009թ.-ին արված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ այս պիգմենտը իրենց հերթին օգտագործել են նաև հույները Պարթենոնում:
Եգիպտական կապույտը համարվում է առաջին արհեստական պիգմենտը կամ ներկը, որը դադարել են օգտագործել մ.թ. 1000թ.-ից, և միայն 19-րդ դարում էր, որ գիտնականները սկսեցին ուսումնասիրել դրա բաղադրությունը: Իսկ այսօր արդեն գիտնականները նշում են, որ այս հին քիմիական միացությունը կարող է բեկումնային նշանակություն ունենալ արդի նանոտեխնոլոգիաների ոլորտում: Ջորջայի համալսարանի գիտնականները, Թինա Սալգուերոյյի գլխավորությամբ, հայտնաբերել են, որ պղնձի կալցիումի սիլիկատը ջրի մեջ մի քանի օր պահելով ու թափահարելով կարելի է մասնատել նոնոշերտերի, որոնք այնքան բարակ են, որ դրանցից 1000 հատ անհրաժեշտ կլինի, որպեսզի կազմի մարդու մազի հաստությունը: Այս նանոշերտերը արտազատում են ինֆրակարմիր ճառագայթներ, որոնք նման են հեռահար կառավարման և մեքենաների դռների փակման համակարգում օգտագործվող ճառագայթներին:
Գիտնականները պնդում են, որ շուտով մումիաների դամբարանները զարդարելու համար օգտագործվող նյութը մեր օրերում կարող է վերածնվել իբրև հեռահաղորդակցական սարքերում ու անվտանգության համակարգերում ներդրվող միջոց: