Նորվեգիայի վարչապետ Յենս Սթոլթենբերգը մեկ օր տաքսու վարորդ է աշխատել Օսլո քաղաքում։ Վարչապետը տեղեկացրել է, որ ինքն ուզում էր անմիջականորեն շփվել իր ընտրողների հետ, քանի որ, մեջբերում եմ, «տաքսին այն քիչ տեղերից մեկն է, որտեղ մարդիկ անկեղծորեն կիսվում են իրենց տեսանկյունով»։ Վարչապետը տաքսու վարորդի համազգեստ է հագել, մուգ ակնոցներ և իր անձը բացահայտել է միայն այն դեպքերում, երբ ուղևորներին հաջողվել է վերջինիս ճանաչել։ Երբ «Euronews»–ով դիտեցի այս տեսանյութը, ակամա մտածեցի այն երկրի վարչապետի մասին, որի քաղաքացին եմ ես։ Պատկերացրի, որ Տիգրան Սարգսյանը առավոտյան հագնում է տաքսու վարորդի համազգեստն ու մի ամբողջ օր մայրաքաղաքի բնակիչներին մի տեղից մյուսը տանում։ Նաև պատկերացրի, որ համազգեստով, թե առանց դրա, մուգ, թե թափանցիկ ակնոցներով, Հայաստանի վարչապետը 100%–ոց «ճանաչում» կունենա։ Նորվեգիայի ներկայիս ղեկավարին ուղևորները ժպտում էին, կատակում, խոսք տալիս հերթական ընտրությունների ժամանակ իրենց ձայները տալ Սթոլթենբերգի կուսակցությանը։ Տեսանյութից երևում էր, որ քաղաքացիները գոհ են վարչապետից և նրա կուսակցությունից։ Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի խոստումներ կտային Տիգրան Սարգսյանին երևանցիները (նկատի ունեմ ո՛չ մականունավոր, բնակչությանը թալանող զանազան պոռճերին)։ Վստահ եմ, որ ոմանք ոչ միայն կխոստանային, այլև կփորձեին հենց տաքսու մեջ իրականացնել իրենց խոստումները։ Վստահ եմ նաև, որ Հայաստանի վարչապետը, նախապես իմանալով «գլխի գալիքը», չէր էլ համարձակվի տաքսի նստել և առանց թիկնապահ «ջեբի շների» հանդիպել քաղաքացիների հետ։ Եվ նա ունի արդարանալու տեղ։ Ինչպե՞ս երևա մարդկանց աչքերին, երբ սեփական ապաշնորհ քաղաքականության պատճառով քանդել է երկիրը։ Ինչպե՞ս երևա մարդկանց աչքերին, երբ արդեն վաղուց կորցրել է տղամարդկային արժանապատվությունը։ Երբ մի քանի տարի առաջ հանգստանում էի Փարիզում, քաղաքի տեսարժան վայրերը ցույց տալու ժամանակ մեր խմբի գիդը տեղեկացրեց, որ քաղաքապետն աշխատանքի է գնում հեծանիվով։ Ամեն առավոտ կարելի է տեսնել, թե ինչպես Եվրոպայի ամենահայտնի քաղաքներից մեկի ղեկավարը, դուրս գալով տնից առանց թիկնապահների, նստում է իր հեծանիվը և գնում աշխատանքի՝ ճանապարհին անպայման կանգառներ անելով՝ զրուցելու համար քաղաքացիերի հետ, լսելու նրանց խնդիրները։ Հետաքրքիր է, Երևանի քաղաքապետը կկարողանա՞ եթե ոչ հեծանիվով, ապա գոնե ոտքով քայլել մայրաքաղաքի փողոցներով, զրուցել մարդկանց հետ։ Երթուղային տաքսիների տխրահռչակ որոշումից հետո արդեն ո՛չ։ Ընդամենը մեկ որոշում, մեկ քայլ, և չինովնիկը բացահայտում է իր իրական դեմքը, իսկ պոռճերի ցուցակն ավելանում է մեկ անդամով։ Աշխարհի ամենապաշտպանված և հզոր երկրներից մեկի մայրաքաղաքում՝ Վաշինգտոնում, կարելի է ընդամենը 3 դոլարով տոմս գնել և այցելել Սպիտակ տուն, զբոսնել բոլոր հարկերով, տեսնել ամենահայտնի սենյակները։ Նման շրջագայություն կազմակերպելու ժամանակ Սպիտակ տան աշխատանքը չի դադարում, այն չի դատարկվում, և ամեն քայլին ահռելի թիկնապահներ չկան կանգնած։ Պատկերացրի, որ գամ Բաղրամյան փողոցի հայտնի շենքի մոտ, փորձեմ տոմս գնել, որպեսզի մասնակցեմ կազմակերպվող շրջագայությանը։ Ավելի շուտ ես կհանդիպեմ այլմոլորակայինների կամ կիմանամ, որ մեր վարչապետը կին է, քան տոմս կգնեմ և կզբոսնեմ «նախագահականի» տարածքում։ Ինչու՞ մեզ մոտ էլ այդպես չէ։ Պատասխանն ակնհայտ է։ Համենայն դեպս, ինձ համար։ Հայաստանի Հանրապետություն վեհ անունը կրող, բայց, ցավոք սրտի, ողորմելի իշխանություն ունեցող երկրի չինովնիկները ժողովրդի հետ կարող են խոսել միայն բարձր ամբիոններից՝ շրջապատված հաստավիզ ու դեգեներատ, կապիկի ուղեղ ունեցող թիկնապահներով։ Նրանք չեն կարող գալ ժողովրդական հավաքներին, քանզի այդ հավաքների պատճառը հենց իրենք են։ Եվ վերջում։ Միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է ցրտից չսառչելու համար վարկով «բաքսի» գնել, մեկ տարի չարչարվել ու փակել վերոհիշալ վարկը, ապա նստել ու նայել «բաքսիին»՝ ի վիճակի չլինելով վճարելու ամենամսյա գումարը, որը հարկավոր է այն աշխատացնելու համար։ Մի կողմից ծիծաղելի, մյուս կողմից խայտառակ և դաժան իրավիճակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել