«Առավոտ»-ը գրում է.

«Տաքսու ծառայություն մատուցող Աշոտ Աբգարյանն իր «opel» մակնիշի ավտոմեքենայով հուլիսի 11-ին Կոմիտասի փողոցի Վրացական խաչմերուկի հատվածում կանգառ է կատարել, որտեղ ճանապարհային երթևեկության կանոններով կանգառն արգելված է։ Աշոտ Աբգարյանի տաքսին նկատելով, մոտեցել է ճանապարհային ոստիկանը և արգելված վայրում կանգառ կատարելու համար վարորդ Աբգարյանին տուգանել՝ 3000 դրամ։ Ոստիկանը, Աշոտ Աբգարյանի խոսքերով, ակտը կազմել է տեղում՝ նշելով, որ վարորդին տուգանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21– րդ մասով, այն է՝ կանգառն արգելված տեղում կանգառ կատարել։

 Վարորդ Աբգարյանը համաձայն լինելով իր կատարած խախտման հետ՝ պարտաճանաչ տարել և բանկում վճարել է 3000 դրամ տուգանքը (առկա է վճարման անդորրագիրը)՝ մտածելով, որ ճանապարհային ոստիկանության հետ այլևս պարտք ու պահանջ չունի։ Ակտը կազմել է ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի տեսուչը։ Չանցած մի քանի օր՝ ճանապարհային ոստիկանությունից վարորդի նույն խախտման համար մեկ այլ ծանուցում է ուղարկվել՝ այս անգամ նույն խախտման չափը ֆիքսած 5000 դրամ։ Պարզվել է՝ «opel»– ի վարորդի խախտումն արձանագրել է նաև Կոմիտասի փողոցի Վրացական խաչմերուկի հատվածում տեղադրված տեսախցիկը։

«Առավոտի» հարցին, թե նույն խախտման վերաբերյալ քաղաքացուն կրկնակի տուգանել են, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ վարորդը պետք է գնա ճանապարհային ոստիկանություն՝ դիմում գրի և տուգանքներից մեկնումեկը չեղյալ կհամարվի, բայց թե որ մեկը՝ 5000 դրամանոցը, թե 3 հազար դրամ ակտը, դեռ պարզ չէ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել