ԱՌԱՋԱԲԱՆ
Պերճ Զեյթունցյանը XX դարի երկրորդ կեսի և XXI դարասկզբի հայ գրականության ականավոր դեմքերից է, արձակագիր, թատերագիր, հրապարակախոս: Նրա ստեղծագործական կենսագրությունը ձևավորվեց մեր գրականության բարդագույն ժամանակներից մեկում, երբ անցում էր կատարվում երկրորդ աշխարհամարտից հետո խորհրդային գրականության մեջ, որի բաղկացուցիչներից մեկն էլ նորագույն շրջանի հայ գրականությունն էր, գերակա դիրք գրաված ,,անկոնֆլիկտայնությունից,, դեպի կենսական բարդ խնդիրների, արդիական կոլիզիաների պատկերումը՝ այսպիսով գրականությունը դուրս բերելով կաղապարների և պարտադրվող գաղափարաբանության շրջածիրից: Մասնավորապես 1930-ականներից ի վեր խախտվեցին խորհրդային գրականության զարգացման օրինաչափությունները, 1920-ականներին ձևավորված ինքնատիպ շարժումներն ու գեղարվեստական հայտնությունները, որոնք արդյունք էին դարասկզբի բուռն քաղաքական իրադարձությունների, նոր ժամանակների թելադրած պահանջների, աստիճանաբար դուրս մղվեցին , մոռացության տրվեցին՝ իրենց տեղը զիջելով պրոլետկուլտական արվեստի ու գրականության անդրադարձներին, ոճաձևային միօրինակություններին, թեմատիկ սահմանափակումներին: Մինչև 1930-ականների սկիզբը տակավին խորհրդային գրականությունն իր վրա էր կրում դարասկզբի բոլոր գեղարվեստական ուղղությունների նկատելի ազդեցությունները, ձևավորում գեղագիտական բազմազանություն, որոշակիորեն շարունակում ֆուտուրիզմի գեղագիտական դրսևորումների հանդեպ հետաքրքրությունները: 1930-ականների կեսերից ի վեր խորհրդային գրականության մեջ ուղղորդող և առաջատար դարձավ ,,սոցիալիստական իրապաշտության,, մեթոդաբանությունը, որի մասին գրականագետ Զավեն Ավետիսյանը գրում է. ,, Հնարավո՞ր է գտնել մի տարողունակ մեթոդի անվանում, որն իր մեջ ներառի այս ամենը՝ հեշտացնի գրականության պատմաբանների ու տեսաբանների գործը։ Ի դեպ՝ այդպիսի «հաջողված» փորձի օրինակ է սոցիալիստական ռեալիզմը, որ այսօրվա հայացքի տակ անհեթեթ տեսք ունի։ Տասնյակ հատորներ են գրվել այս նորահայտ մեթոդի մասին, այդպես էլ չեն կարողացել հաստատել նրա ինքնությունը՝ որպես մյուսներից, հենց թեկուզ «արյունակից» ռեալիզմից սահմանազատվող մեթոդ։ Այսօր ստացվել է այնպես, որ սոց. ռեալիզմի ուղղափառ տեսաբանները, որպիսի կրքոտությամբ հիմնավորել ու հաստատել էին նրա գոյությունը, նույն հաջողությամբ մերժում են այն,,: Որքան էլ տեղին լինի գրականագետի պնդումը, թե այս մեթոդի ինքնությունը դժվար է տարազատել մյուս «արյունակից» մեթոդներից, այնուհանդերձ ակնհայտ էր, որ այս մեթոդի հիմնադիր Մաքսիմ Գորկին այն դիտարկում էր ընդամենը որպես գրականության և արվեստի համար ,,անցումային,, մեթոդ, որի խնդիրը պիտի լիներ պատկերել ,,սոցիալիստական ռեալիստական պրակտիկան,, , ցույց տալ բանվոր դասակարգի հեղափոխական պայքարը՝ այսպես հռչակելով աշխարհի և իրականության վերափոխման հեղափոխական ճանապարհի բացառիկությունը: Չունենալով տեսական-գեղագիտական խոր արմատներ և կայուն տեսադրույթներ, սոցիալիստական ռեալիզմի մեթոդն, այնուամենայնիվ, օգտագործվեց որպես պայքարի զենք խորհրդային ավանգարդի դեմ՝ այսպես չգոյության դատապարտելով բոլոր առաջավոր ուղղություններն ու գեղարվեստական հաստատումները: 
Հետպատերազմյան տարիներին արդեն խորհրդային ողջ գրականության համար առաջնային դարձավ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի պատկերումը՝ թեմային ստորադասելով գեղարվեստական հայտնությունները, ֆաբուլայի ու ձևի նորահաստատումները: Պարզագույն լրագրությունն իր նկարագրական ժանրերով եկավ ու միախառնվեց գեղարվեստական գրականությանը և ամեն ինչ հիմնավորեց-բացատրեց արդեն տիրական դարձած մեթոդի գոյությամբ, նրա հաստատած պայմանաձևերով, որոնք չունեին հստակ արտահայտված գեղարվեստական ելակետեր և գեղագիտական ընդգծումներ: Միաժամանակ, հատկապես թատերգության մեջ, հիմնավորվեց ,,անկոնֆլիկտայնության,, տեսությունը, որը դուրս գալով թատերգության տիրույթներից ու թատրոնից, արդեն իր ներկայությունը հաստատեց նաև գեղարվեստական արձակում: 1949 թվականին ռուս գրող Կոնստանտին Սիմոնովի ,,Խորհրդային թատերգության և թատերական քննադատության խնդիրները,, վերտառությամբ զեկուցման մեջ, որը նվիրված էր ,,թատերական քննադատների հակահայրենասիրական խմբին,,՝ հրապարակայնորեն հնչեց այս տեսության մասին դիտարկումը, որի գլխավոր թիրախը կոսմոպոլիտիզմն էր: Նորից խնդիր դրվեց անդրադառնալ դասակարգային պայքարին, սոցիալիստական հեղափոխության ձեռքբերումներին, ,,համահարթեցումից,, գալ դեպի սուր դասակարգային խնդիրների արծարծումները: Նշանակում է, գրականությունը նորից կորցրեց իր առաջնային նշանննաաակությունը և վերածվեց գաղափարախոսական պայքարի հանգրվանի՝ այսպիսով նաև բացառելով շփումները արևմտյան գրական արժեքների և նոր գրական խմորումների հետ: Մինչդեռ հատկապես հետպատերազմյան համաշխարհային գրականության մեջ տեղի էին ունենում լուրջ տեղաշարժեր, ընդլայնվում էին պատկերացումները ,,մարդու ինստիտուտի,, մասին, հատկապես Լուիջի Պիրանդելոյի, Կոբո Աբեի և այլոց ջանքերով քննարկման նյութ էր դառնում ,,կորուսյալ սերնդի,, հոգեբանական այլափոխումների, անկումայնության սինդրոմը: 
Իբրև գրող՝ Պերճ Զեյթունցյանը հանրությանը ներկայացավ այս ժամանակաշրջանում՝ 1956 թվականին ընթերցողի սեղանին դնելով ,,Նրա առաջին ընկերը,, պատմվածքների անդրանիկ ժողովածուն: Ընդամենը տասնութամյա պատանու համար, որը նոր էր ավարտել միջնակարգ դպրոցը, 160 էջ ծավալ ունեցող գրքով, ինչը առաջին գրքի համար տվյալ ժամանակաշրջանում բացառիկ իրողություն էր, ընթերցողին ներկայանալն արդեն խիզախում էր, համարձակ քայլ: Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում ծնված և 1948-ին Հայաստան ներգաղթած պատանու համար առաջին գիրքը դեպի մեծ գրականություն տանող ուշագրավ հայտ էր, ինքնահաստատման առաջին ազդակը: Որոշակիորեն ծանոթ լինելով համաշխարհային գրականությանը, ունենալով սուր դիտողականություն, պատանի գրողը իր պատմվածքներում դիմում էր յուրատեսակ այլաբանության՝ պատկերելով իր ծննդավայր քաղաքի, գրականությունից իրեն ծանոթ երկրներում ապրող մարդկանց կյանքն ու մտորումները՝ այս ամենի տակ թաքցնելով հայաստանյան իրականությունից ստացած իր տպավորությունները: Իսկ այդ տպավորությունները դաժան էին, մռայլ էին: Հայրենիք եկած հայրենադարձները, որոնց ընդունեցին ,,ախպար,, դիմելաձևով՝ այսպես եղբայր բառը հեգնելով, գրոտեսկացնելով, երբեմն անկեղծ անմիջականություն դնելով նրա մեջ,- հայտնվեցին անմարդկային պայմաններում, մի այնպիսի իրականության մեջ, որը հակապատկերն էր իրենց երազներում փայփայած Հայրենիքի պատկերին ու կերպարին: 1948-ին ԽՍՀՄ-ն ու Հայաստանը թաղված էին աղքատության ու ավերածությունների մեջ, երկրորդ աշխարհամարտը ամայացրել էր Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի բազմաթիվ տարածքներ, պատերազմի շնչառության մեջ հայտնված Հայաստանում աղքատությունը դարձել էր մռայլ իրականություն… Արևելքից Հայաստան եկածներին պարտադրեցին ապրել մի կյանքով, որը նրանցը չէր, հեռու էր նրանց ընկալումներից: Պերճ Զեյթունցյանի ընտանիքը, որը Եգիպտոսում բարեկեցիկ կյանքով էր ապրել, հայտնվել էր անասելի ծանր պայմաններում, նշանակում է՝ փշրված պատրանքներն ու հիասթափությունն էին ամենօրյա ուղեկիցները: Հենց այս իրավիճակն էլ, 1949-ին սկիզբ առած նոր հալածանքների փոթորկող ալիքներն էլ պատանի գրողին ստիպում են հեռու մնալ ապրվող իրականության պատկերումից և գնալ դեպի ,,այլ իրականություն,,՝ նրա թախծոտ-տագնապած պատկերների մեջ տեսնելու այն ամենը, ինչ կատարվում էր իր շուրջ: Արդեն իսկ այս մոտեցումը գրողի մոտ ձևավորում են պատկերացումներ շերտի և ենթաշերտի մասին, երբ պատկերվողն ու նկարագրվողը, ծավալվող գործողություններն ընդամենը միջոց են դառնում արտաքին կեղևի տակ թաքցնելու ենթաշերտը՝ այն մեծ ճշմարտությունը, վավերական-անհերքելին, որն անհնար էր ներկայացնել որպես առաջնային շերտ և ուղղակի իրողություն: Անտարակույս, առաջին գրքում զետեղված տասնչորս պատմվածքից վեցը նվիրված էր խորհրդային իրականությանը, Զեյթունցյանի կողք կողքի դպրոցում սովորած պատանիներին ու աղջիկներին, երևանյան միջավայրին: Այս պատմվածքներն այսօր թվում են անչափ մակերսային, որոշակիորեն կքված ժամանակի գաղափարախոսության բեռան տակ: Զեյթունցյանը չէր կարող հրաժարվել սրանցից, որովհետև սրանք էին այն ,,անցաթուղթը,, , որի շնորհիվ պիտի գիրքը հասներ տպագրության: Որքան էլ արհեստական, պարտադրված մի իրականություն էր հառնում այդ պատմվածքներից, այնուհանդերձ անհնար է չնկատել գրական որոշակի վարպետությունը, նկարագրականության և նկատելի հոգեբանական թափանցումների զուգորդումները: Որքան արհեստական, ,,պատվիրված,, էին ,,Մտերիմ ընկերներ,, , ,,Դիմակները,, կամ ,,Փախուստ,, պատմվածքների դիպաշարերը, հիմնավորումից զուրկ, անչափ սխեմատիկ էին գործող անձանց հարաբերությունները, նույնքան հաջողված, ինքնատիպ և ուշագրավ էր ,,Նոր հարևաններ,, պատվածքը, որում պատանի գրողը կարողացել էր պատկերել դեռահասների վարքում և ըմբռնումների մեջ տեղի ունեցող փոփոխությունները, գաղտնի ինքնահաստատումները: Խորհրդային Միությում երկար ժամանակ տարազատված էին իգական և արական դպրոցները: Բայց ահա դպրոցները միավորվեցին, ինչն էլ դարձել էր պատանի գրողի ստեղծագործության նյութը: Ինքնատիպ դիտումներով էր Զեյթունցյանը պատկերում այն փոփոխությունները, որոնք տեղի էին ունենում դեռահասների մետ՝ հայտնվելով միանգամայն նոր իրավիճակում: Ինչպես այս, այնպես էլ այլ պատմվածքներում Զեյթունցյանը կարողացել էր որոշակի հմտությամբ, դիտողականությամբ ներկայացնել դեռահաս հերոսներին, հայ գրականություն բերել նոր օրերի պատանիներին, բաղդատվել նրանց մեջ…
Պերճ Զեյթունցյանի անդրանիկ ժողովածուն անմիջապես գրավեց ընթերցողների ուշադրությունը, պատանի գրողի հայտնությունը դարձավ ինքնատիպ խոսակցությունների նյութ, իսկ Նաիրի Զարյանը՝ ժամանակի գրական մեծություններից մեկը, շտապեց իր գրողական կարծիքն ու գնահատականը հնչեցնել: Սա իսկապես բացառիկ երևույթ էր, երբ պատանեկան թերթի էջերից արդեն հայտնի դարձող անունը ներկայանալով ամբողջական գրքով՝ առիթ էր տալիս լուրջ խոսակցության: ,,Հաճելի զարմանք է պատճառում քեզ այն, որ այս պատանի հեղինակը իր գրչի առաջին փորձերը նվիրել է հասարակության զրկված ու մերժված խավերի կյանքին: Նա նկատել է, թե ինչպես ծեր, ուժասպառ բեռնակիրը գետին է տապալվում անտարբեր ուղևորների ճամպրուկների ծանրության տակ (,,Բեռնակիրները,,), նա թափանցել է գործազուրկ Մահմուդի հոգին և զգացել աշխատանք չունենալու մղձավանջային դրաման (,,Նվեր,,), նա տեսել է, թե հոգեկան ինչպիսի տանջանքներով բանվոր Ռոբերտը իր փոքրիկ տղայից թաքցնում է իր գործազրկությունը (,,Հայրիկ,,),- գրել է Նաիրի Զարյանը՝ մեծ լրջությամբ խորանալով պատանի գրողի պատմվածքների մեջ:1 
Նաիրի Զարյանը հատկապես բարձր էր գնահատել այսպես կոչված եգիպտական պատմվածքները, որոնք հիմնականում նվիրված էին ,,փոքր մարդկանց,,՝ թշվառության ու աղքատության, հիասթափությունների մեջ ապրող մարդկանց: Հեռավոր մի աղերս կար Ստեփան Զորյանի ,,Տխուր մարդիկ,, պատմվածքաշարի հետ. Զորյանը գրականություն էր բերել ստվերված կենսագրություններով, իրենց մշտական հոգսերի ու անհանգստությունների մեջ ապրող մարդկանց, պատկերել նրանց լուռ տառապանքներն ու հոգոցները: Զեյթունցյանը կարծես յուրովի էր զարգացրել զորյանական դիտումները՝ այժմ իր դիպաշարերի կենտրոն բերել եգիպտական իրականության մեջ ապրող մարդկանց, գլխավորապես՝ աղքատների, որոնցից ամեն մեկը կեցության իր կռիվն էր տալիս: Ընթերցողների և գրողնմերի ուշադրությունը հիմնականում սևեռվել էր ,,Նրա առաջին ընկերը,, պատմվածքի վրա, որն այսօր էլ ընթերցելով, հանգում ենք այն եզրակացության, որ այս ստեղծագործությունը սկզբունքային նշանակություն ուներ ապագա գրողի համար, քանզի այստեղ նա հասել էր ինքնատիպ գրական վարպետության, արդեն իսկ հայտածել իր ոճը, պատում կառուցելու յուրատիպությունը: Ն. Զարյանի գրախոսության մեջ կարդում ենք. ,,Ժողովածուի լավագույն պատմվածքը թերևս ,,Նրա առաջին ընկերն է,,: Այդ անունն է կրում և ամբողջ գիրքը: Այստեղ հեղինակը մերկացրել է հասարակական մի լուրջ արատ: Թափառաշրջիկ որբ Աբդուլլան, որ իր ուժով ու ճարպկությամբ սարսափ է ազդում դպրոցական պատանիներին, ձգտում է գրագիտություն սովորել ու դառնալ ազնիվ մարդ: Աբդուլլային հաջողվում է ընկերանալ մի աշակերտի հետ և դարձնել նրան իր ուսուցիչը: Պարզվում է, որ ունևոր ծնողների այդ զավակը իր թանկագին հագուստի և մաքուր լվացված երեսի տակ թաքցնում է շատ էժանագին ու կեղտոտ հակումներ: Նա դպրոց է հաճախում միայն ծնողների վախից, Աբդուլլային խնդրում է, որ իրեն սովորեցնի ծխել, հայհոյել, և դրդում է նրան փողոցային տուրուդմբոցի: Ի վերջո, նա իր մոր ու մոլլայի հարկադրանքով հրաժարվում է Աբդուլլայի հետ պարապելուց և նրան ետ է մղում դեպի թափառաշրջիկ խուժանի կյանքը: Հեղինակը հարկադրում է քեզ դառնորեն ցավել, որ ստի և կեղծիքի վրա հիմնված հասարակության մեջ ազնիվ ձգտումներով լեցուն շատ աբդուլլաներ դուրս են շպրտվում կյանքից և ակամա պատիժ են դառնում հասարակության համար,,:2 Թեմայի առումով՝ Զեյթունցյանը հայտնություն չէր արել, սակայն նրբորեն ու հետաքրքիր էր բացահայտել մարդկային հարաբերությունները, դեռահասների հոգեբանական հակադրությունները: Ուշագրավը հատկապես հոգեբանական թափանցումներն էին, անհատի զգայական աշխարհի հանդեպ գրողական ինքնատիպ մոտեցումն էր: Պատանի գրողը կառուցում էր հոգեբանական սուր իրավիճակներ և յուրովի թափանցում դրանց մեջ, արտացոլում ինքնատի-յուրակերպ հոգեբանական շրջադարձները՝այսպես ձգտելով արտաքին կեղևից մղվել դեպի հոգեբանական ենթաշերտը, դեպի նուրբ դիտարկումները, որոնք նրա պատմվածքներին առանձնակի խորքայնություն էին հաղորդում: 
Պերճ Զեյթունցյանի առավել հասուն շրջանի ստեղծագործություններում բացակայում են սոցիալական հակադրությունները, սոցիալական հակամարտությունները, հետևաբար առաջին գրքում առկա ստեղծագործությունները դիտարկվում են որպես ապրած իրականության արտացոլումներ և, միաժամանակ, որոշակի տուրք խորհրդային գաղափարախոսությանը, քանզի ընդունված էր այպանել կապիտալիստական բարքերը, ամեն ինչ վերագրել իրավակարգին՝ այսպես ցույց տալու համար խորհրդային իրականության առավելությունները: Պատանի գրողն, իհարկե, հեռու էր երկու խորհրդային իրականության փառաբանումից, սակայն այսպես էին ընկալվում և մեկնաբանվում այն ստեղծագործությունները, որոնց կենտրոնում եգիպտական միջավայրն էր, հերոսները գլխավորապես արաբներ էին: Գրողի երախայրիքը նաև առիթ տվեց տեսնելու նրա գրողական յուրատիպությունը, հեռացումը հատկապես ազգային գեղարվեստական արձակում ընդունելի դարձած գունագեղ նկարագրականությունից, բնապատկերների փառաբանումներից: Չափազանց զուսպ, նպատակասլաց, պաճուճապատումներից հեռու, նկարագրականությանը տուրք չտվող. այսպիսին էր ներկայանում առաջին գրքից հեղինակը՝ հետագայում զարգացնելով և հարստացնելով իր նախասիրությունները, ոճական հակումները: 
Պերճ Զեյթունցյանի առաջին գիրքը յուրատեսակ նախադուռ էր վաթսունականների համար: Իսկ 1960-ականները նշանավորվեցին ողջ խորհրդային գրականության մեջ և արվեստում որպես ինքնատիպ վերածննդի և վերարժևորումների ժամանակաշրջան: Ողջ Խորհրդային Միությունում ձևավորված շարժումը հենց ,,վաթսունականներ,, անվանումը ստացավ, որովհետև ամենուրեք զգացվեցին վերանայումները, ձևավորվեց ազատ մտածողություն, որը պայմանավորված էր խրուշչովյան ,,ձնհալով,,: Անպայմանորեն, այս շարժման ձևավորման համար կարևորագույն խթան հանդիսացան երկրորդ աշխարհամարտն ու ԽՄԿԿ 20-րդ համագումարը: Հետպատերազմյան տարիներին աստիճանաբար նկատվեց հեռացումը կաղապարված-ավանդական միտումներից, մտածողությունից, արվեստում գերակա համարվող ձևերից: Տասնամյակներ շարունակ մարդկանց, մասնավորաբար արվեստի ու գրականության գործիչների, աշխարհայացքը շղթայվել էր, ենթարկվել էր կաշկանդումների, հետևաբար տիրապետող էր աշխարհայացքային ճգնաժամը, որն էլ պիտի հաղթահարվեր: 1956-ին տեղի ունեցած ԽՄԿԿ 20-րդ համագումարը, Խրուճչովի կողմից ստալինյան բռնությունների սուր քննադատությունը ճանապարհ բացեցին ,,վաթսունականցիների,, գործունեության համար: Նկատելի դարձավ աշխարհայացքային կատարսիսը, ինչն էլ կանխորոշեց շարժման ուղղությունն ու նպատակները, սկզբունքներն ու մեթոդաբանությունը: ,,Վաթսունականցիների,, համար առաջնային դարձավ ,,աշխարհն առանց սահմանների,, կարգախոսը, որն էլ հնարավորություն տվեց իբրև պաշտամունքային անհատներ հռչակել Վ. Մայակովսկուն, Վս. Մեյերխոլդին, Բ. Բրեխտին, Է. Չէ Գևարային, Ֆ. Կաստրոյին, գրականության մեջ՝ Է. Հեմինշգուեյին և Է. Մ. Ռեմարկին: Շարժման ազդականչերը հնչեցին ռուս գրականությունից և ռուսական արվեստից: 1958 թվականին «Новый Мир» հանդեսի գլխավոր խմբագիր նշանակված Ալեքսանդր Տվարդովսկին դարձավ այս նոր, արտասոցիալիստական շարժման ջատագովներից մեկը՝ հանդեսում տեղ տալով Վիկտոր Նեկրասովի ,,Ստալինգրադի խրամատներում,, , Գրիգորի Բակլանովի ,,Մի թիզ հող,, , Յուրի Բոնդարևը ,,Գումարտակները կրակ են խնդրում,, , Վասիլ Բիկովի ,,Մահացածները ցավ չեն զգում,, , Ալ. Սոլժենիցինի ,,Իվան Դենիսովիչի մեկ օրը,, և այլ ստեղծագործությունների: Հենց այս շրջանում հրապարակային դարձավ այլախոհներ Վլադիմիր Բուկովսկու, Յուրի Գալանսկովի, Էդուարդ Կուզնեցովի գործունեությունը: ,,Վաթսունականցիների,, աշխարհայացքի, աշխարհաճանաչողության նոր դրույթների վրա ահռելի ազդեցություն ունեցավ փիլիսոփա Նելլի Միտրոշիլովան, որն առաջիններից մեկը, քննադատելով մի շարք փիլիսոփայական ուղղությունների կտրվածությունը կյանքից, դրանց կիրառական ճգնաժամը՝ քննախույզ հայացք հառեց էքզիստենցիալիզմին, նրա դրսևորումներին գեղարվեստական մշակությում: Սա չափազանց կարևոր էր, որովհետև ,,վաթսունականցիներից,, շատերի, ինչպես նաև Պերճ Զեյթունցյանի համար էքզիստենցիալիստական աշխարհայեցությունը դարձավ միջոց՝ բացահայտելու իր հերոսներից շատերի կենսադիրքերն ու ներսուզումները, հատկապես շեշտելու մենակության թեման, որը մի ողջ ժամանակաշրջանի գրականության համար դարձավ առաջնային: Այս աշխարհայեցությունը շատ ավելի խորացավ հետպատերազմյան տարիներին, երբ մարդը հայտնվեց հիասթափությունների, փշրված պատրանքների մեջ՝ ձգտելով ձևավորել վերերկրյա, գրեթե բնազանացական մի իրականություն՝ արդարացնելու իր փախուստն ու հիացումի բացակայությունը…
Հայ իրականությունն անմիջապես որսաց շարժման փիլիսոփայությունը, Հայաստանում ևս շարժումն իր անդրադարձներն ու արտացոլումները ստացավ: Առաջինը Վարդան Աճեմյանն արձագանքեց նոր իրողություններին՝ բեմադրելով Վիլյամ սարոյանի ,,Իմ սիրտը լեռներում է,, պիեսը, որն ազգային թատրոնում նոր մտածողության, գեղարվեստական նոր սկզբունքների հաստատման նախանշանը հանդիսացավ: ,,Վաթսունականցիների,, մուտքը հայկական կինո նշանավորվեց Ֆրունզե Դովլաթյանի ,,Բարև, ես եմ,, կինոֆիլմով, որը գլխիվայր շրջեց պատկերացումները կինոյի հաստատված լեզվի ու թեմաների մասին, էկրան բերեցին գիտնականին՝ այսպիսով ընդարձակելով սխեմատիկ-հանրաճանաչ հերոսների շրջանակը: Անպայմանորեն, ազգային կինոյի վրա իր ազդեցությունը թողեց նաև իտալական նեոռեալիզմը, որը հատկապես արտացոլվեց Հենրիկ Մալյանի ֆիլմերում, առաջին հերթին՝ ,,Եռանկյունի,, ֆիլմում: Արևմտյան գեղարվեստական իրականության և ազգային մշակութային տիրույթների համադրման քաղաքականությունը աստիճանաբար թափանցեց կերպարվեստ, երաժշտություն, անպայմանորեն՝ գրականություն՝ հենց Պերճ Զեյթունցյանին հռչակելով ,,վաթսունականցիների,, առաջնորդներից մեկը, որովհետև ունենալով արևմտյան կողմնորոշումներ, ժխտելով սոցիալիստական ռեալիզմի մեթոդի կաղապարվածությունը՝ գրողը ձգտում էր ազգայինի և արևմտյանի զուգորդումներին, մասնավորաբար 20-րդ դարի արձակում տեղի ունեցող կերպարանափոխումներին, անհատի ներաշխարհի պատկերման առաջավոր միտումներին: Ժամանակաշրջանը չափազանց բարենպաստ էր Պերճ Զեյթունցյանի համար, որովհետև այլևս պատմություն էր դառնում ,,կոսմոպոլիտիզմի,, դեմ պայքարը, ձևավորվում էին գրականությունների մերձեցման հրաշալի նախապայմաններ: Ինչպես Պերճ Զեյթունցյանը, այնպես էլ ազգային արձակի նոր սերնդի մյուս ներկայացուցիչները, սկսեցին ազատորեն մղվել դեպի արևմտյան գրականության ավանդույթների ու նորարարության հանգրվանները՝ այսպիսով նաև քայլ առ քայլ ձևավորելով միանգամայն նոր ,,սոցիալական դեկորացիա,, և հոգեբանական խնդիրների համակարգ: Եթե 1940-ականների հայ արձակի համար բնորոշը մղումն էր դեպի պատմությունը, ազգային ճակատագրի հեռավոր եզերքները, ինչի արդյունքում էլ պատմավիպասանությունը դարձավ արձակի առաջատար շրջագիծը, ապա 1950-ականների համար բնորոշը ,,արտադրական թեման,, էր, ,,սոցիալիստական գյուղի,, վերազարթոնքը: Մինչդեռ 1960-ականներին, ի տրիտուր ,,գյուղական դեկորացիայի,,՝ գեղարվեստական արձակ եկավ ուրբանացված միջավայրը, որը ոչ միայն Հայաստանն էր կամ Խորհրդային Միությունը, այլև՝ Արևմուտքը, իր բազմաշերտությամբ, սոցիալական և հոգեբանական խնդիրների բազմազանությամբ: Պերճ Զեյթունցյանը համարձակությամբ իր գրականության շրջանակներ բերեց հենց արևմտյան կյանքի, քաղաքական ու գաղափարական հայեցակարգերի և կոլիզիաների շոշափումները՝ հաճախ այդ ամենին համադրելով-հակադրելով ազգային միջավայրին բնորոշ խնդիրները: Այս միտումը հատկապես հատուկ էր ճապոնական ավանգարդի խոշորագույն ներկայացուցիչ Կոբո Աբեին, որի ոչ թե ազդեցությունները, այլ ստեղծագործական մեթոդի առանձնատիպայնությունը նկատելի էր նաև Զեյթունցյանի ստեղծագործության մեջ: Արևմտյան գրական իրականության մեջ վաղուց հաղթահարված էին մի շարք կարծրատիպեր, լուծված էին անհատի ու աշխարհի փոխներթափանցումների և հակադրությունների յուրօրինակ խնդիրները, նորից ու նորից գրականություն էր եկել ,,միայնակ մարդը,,՝ իր հոգեբանական խնդիրների բազմազանությամբ, հետևաբար հենց այս ամենն էր դառնում խթան նորագույն շրջանի հայ արձակի համար հատկապես, որում Զեյթունցյանը դարձավ առաջնորդներից և խիզախ նորարարներից մեկը: Արևմտյան գրականության մեջ անհատի ու աշխարհի կապակցվածության և տարանջատման խնդիրների կենտրոնում էքզիստենցիալիստական փիլիսոփայությունն էր, մի ուղղություն,, որը ժխտվում և մերժվում էր... 


ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Նաիրի Զարյան, ,,Նրա առաջին ընկերը,, , Սովետական գրականություն, թիվ 5, 1957:
2. Նույն տեղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել