Շահար ֆարսերենից փոխառյալ բառ է, որն ունի քաղաքի իմաստ։ Ընդհանրապես քաղաքների վաճառաշահ մասերը, մյուս մասերից տարբերելու համար տրվել են «քաղաք» կամ շահար անունը։ Դա Երևանի այն հատվածն էր, ուր այժմ գտնվում է «Մոսկվա» կինոթատրոնը և նրա շուրջը եղած տարածությունները։ Քանի որ Երևանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ մնաց, ուստի նրա կենտրոնն էլ Շահար կոչեցին։

Ընթերցողներից շատերին է ծանոթ, որ եվրոպական քաղաքների համար էլ տիպական է եղել Կենտրոնական մասի «քաղաք» անվանումը։ Իր ժամանակին Լոնդոնի և Փարիզի գործարար մասերը կոչվել են քաղաք։ Լոնդոնի համար՝ Սիթի, իսկ Փարիզի համար` Սիտե բառերն են գործածել։

Ժամանակի ընթացքում վերացավ «շահար»՝ կենտրոնի իմաստով հասկացությունը։ Նրան չվիճակվեց դառնալ քաղաքի գործարար և վաճառաշահ մասը։ Դա վիճակվեց նրանից ավելի ցածրադիր մասին, որը ժողովրդի մոտ ստացավ «Ղանթարի տակ» անունը։

Հետագայում, Երևան քաղաքի պլանավորման հետևանքով, Շահարի հիմնական մասը բաժին ընկավ Աստաֆևսկայա (ներկայումս Աբովյան) փողոցին և «շահար» անունն էլ ժամանակի ընթացքում մոռացության տրվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել