Tert.am-ը գրում է.

Արցախյան պատերազմի տարիներին հայ-ադրբեջանական շփման գծում տեղակայված մարզերի ականապատված տարածքների ականազերծման խնդիրը տարիներ շարունակ եղել է այսպես կոչված՝ մոռացված թեմա քաղաքականության մեջ: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:

 Կենտրոնի տնօրենն անգամ առաջարկում է, որպեսզի ընտրողների համակրանքը շահելու համար ասֆալտ փռող պատգամավորները ֆինանսավորեն իրենց մեծամասնական տարածքներում ականազերծման ենթակա տարածքների ականազերծումը: «Որովհետև ասֆալտը կլինի կամ չի լինի, դրանից մարդ չի մահանա: Մենք թե’ Հայաստանի ներսում և թե’ արտերկրում ունենք լուրջ բարեգործներ, ուղղակի կխնդրեի, որ ավելի ուշադիր լինեն»,-ասաց Ռուբեն Առաքելյանը՝ հավելելով, որ սոցիալական գովազդի համար կենտրոնը գումարներ չունի այն պարզ պատճառով, որ միջազգային դոնորները քարոզչության համար գումարներ չեն հատկացնում:

 «Եթե մենք կարողանայինք, օրինակ, Գյումրու դեպքից առաջ գոնե դպրոցներում ամսական մեկ ժամ էրեխեքին բացատրեինք, որ սա, ազիզ ջան, վտանգավոր է, չի կարելի, շատ հնարավոր է` այդ երեխաներն այսօր կենդանի լինեին»,-ասաց Ռ. Առաքելյանը:

 Ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս ստացվեց, որ արցախյան պատերազմից մոտ քսան տարի անց` 2011-ին միայն սկսեց գործել «Հումանիտար ականազարծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Ռուբեն Առաքելյանը նկատեց, որ 2001 թվականին նման կենտրոն գործում էր բանակի կազմում: Քանի որ ֆինանսավորման խնդիրն այն ժամանակ ևս կար, որոշվեց կենտրոնը մտցնել բանակի ենթակայության տակ, որպեսզի կարողանան ապահովել կենտրոնի գործունեությունը բյուջետային ֆինանսավորմամբ: Այսպես կենտրոնը, փաստորեն, դարձավ բանակի զորամաս:

 «Իսկ զորամասը ենթադրում է հրամանների կատարում, այն չի կարող ինքնուրույն գործել, զորամասը չունի ինտերնետ կապ, քանի որ դա արգելված է: Եվ բնական է, որ կենտրոնը չկարողացավ լիարժեք իրականացնել իր գործառույթները: Միայն իրականացնում էր ռազմական ականազերծում: Բացի այդ, հնարավոր չէր բյուջեից բացի միջոցներ ներգրավվել դոնոր կազմակերպություններից, քանի որ դոնոր կազմակերպությունները երբեք չեն ֆինանսավորում ռազմական ստրուկտուրաների»,- նկատեց ՊՈԱԿ-ի տնօրենը:

 Նշենք, որ ռազմական և հումանիտար ականազերծումները միանգամայն տարբեր բաներ են. եթե առաջինի համար բավարար է զորքի համար միջանցքի բացումը, ապա հումանիտար ականազերծումը ենթադրում է բազմաթիվ բաղադրիչներից բաղկացած համալիր ծրագիր` ներառյալ ականների վտանգի իրազեկման քարոզչությունը: Ըստ Ռուբեն Առաքելյանի` այս ոլորտում ֆինանսավորման խնդիրը հատուկ է ոչ միայն Հայաստանին, այլև աշխարհի գրեթե բոլոր երկրներին: Համենայնդեպս, միջազգային պրակտիկան, ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի, ցույց է տալիս, որ որևէ երկիր ինքնուրույն այդ խնդիրը չի լուծել` առանց միջազգային դոնորների:

 Կենտրոնի տնօրենի խոսքով` հումանիտար ականազերծման միջազգային գներն են` տեխնիկական հետազոտության համար` կախված բնակլիմայական պայմաններից ու ռելիեֆից, մեկ քառակուսի մետրի համար 6-7 ԱՄՆ դոլար, բուն ականազերծումը` 3-4 դոլար: «Հաշվի առնելով, թե մենք Հայաստանի տարածքում որքան տարածքներ ունենք ականազերծման ենթակա (մոտ 4.000 ք/կմ տարածք ), կարելի է բազմապատկել նշված թվերով և պատկերացնել, թե ինչ գումարների մասին է խոսքը»,-նկատեց Ռուբեն Առաքելյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել