Քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստները պատրաստվում են հովանոց տեղադրելPanARMENIAN.Net -ը գրում է.

Շարունակվում է հուլիսի 26-ից քաղաքապետարանի դիմաց մեկնարկած անժամկետ նստացույցը: Ակտիվիստները հայտարարություն են տարածել, որ այսօր պատրաստվում են հովանոց տեղադրել:

«Հաշվի առնելով եղանակային պայմանները և մեր առողջական վիճակը, ելնելով խաղաղ հավաքներ անցկացնելու մեր սահմանադրական իրավունքից և այդպիսի հավաքների անցկացման ժամանակ մասնակիցների համար բարենպաստ պայմաններ ապահովելու` պետության պարտավորությունից, հայտարարում ենք, որ ներկա պայմաններում մեր կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգից՝ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու համար նպատակահարմար ենք գտնում այսօր, ժամը 14:00 տեղադրել հովանոց: Հայտնում ենք ոստիկանությանը, որ դրանով չենք խոչընդոտելու այլոց ազատ տեղաշարժի իրավունքը, չենք խաթարելու պետական կամ այլ մարմինների անխափան գործունեությունը, հասարակական կարգը:

Առաջնորդվում ենք ՀՀ Սահմանադրության 38 հոդվածով մեզ տրված իրավունքով՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»,- ասված է ակտիվիստների տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ ակտիվիստները փորձել էին վրան տեղադրել, ինչը թույլ չէր տրվել: Նրանք նաև դիմել էին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Օմբուդսմենը պաշտոնական գրություն էր ուղարկել ոստիկանապետին: Պաշտպանը շեշետել էր, որ «կիզիչ արևին մեկ հովանոցի տեղադրումը թե իրավական է, թե մարդասիրական»:

Նշենք, որ նստացւյցը սկսվել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներից հետո:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել