Գրում եմ տասնյակ-հազար հինգերորդ անգամ... սակայն ոչ տասնյակ-հազար հինգերորդին ...
Դու՝ միակ իմ նամականու գլխավոր հերոս...

Նամակներս շարել եմ հատ-հատ, իրար կողքի, ճմռթածները խնամքով «ուշքի եմ բերում» ... նկարներդ խորքերն եմ խցկել... մեկումեջ էլ մեջտեղներում կան... 
Շփում եմ իրար քրտնած ձեռքերս, չսրված մատիտը վերցնում հուզված ու դողացող ձեռքերով, հետո սրիչը անխնա կրծում է մատիտը, կշտանում.. ... 
Գրում եմ կարմրած աչքերով ... սակայն դու չես տեսնելու...

...
իմ չուղարկված նամակների կողքին ավելացան ևս երկուսը...
Մեկն իմ կողմից գրված ... մյուսը՝ քո...
Ձեռագրերը նույնն են, ոչ մի տարբերություն... 2-ն էլ ողողված են սիրով... կարոտով... Ոչ մի ավելորդություն...

....
Նամակ 1

Բարև...
Գրում եմ քեզ շփոթված, հուզված..
Ես կորցրել եմ քեզ իմ մեջ... Ու խնդրում եմ` տույլ տուր երբեք չգտնել...

Հիշո՞ւմ ես, ես խոստացա, որ կգրեմ քեզ միշտ... սակայն մոռացա ավելացնել, որ դու դրանք երբեք չես կարդա...

Սիրելի ....ն անսահման շատ ժամանակ է անցել այն օրից, երբ վերջին անգամ սեղմեցիր ձեռքս... Դու միշտ ասում էիր, որ այդպես ես արտահայտում այն ուժեղությունը, որն ինձ պաշտպանելու է քո բացակայության ժամանակ...
Շնորհակալ եմ անչափ հոգատարության համար, սակայն կարոտս թույլ է տալիս նշել, որ արդեն ժամանակն է վերադարձիդ...
Թվում է` կորցրել ես ուժդ...
Ձեռքիդ սեղմումը ես այլևս չեմ հիշում...

Սիրելի ....ն, պետք է խոստովանեմ, որ այն ժամանակ, երբ վերջին անգամ հրաժեշտ տվեցինք իրար, ես խաչել էի ձեռքերս, երբ խոստացա չտխրել քո մեկնումից... 
Չնայած ինձ ոչ ոք չմատնեց, սակայն դու դա ինքդ գլխի ընկար...
Մետրոյի մուտքի մոտ քար լռություն էր...
Մենք երկու անգամ գրկախառնվեցինք...
Առաջին անգամ հրաժեշտ տվեցինք իրար, իսկ երկրորդ անգամ պարզապես չէինք հավատում, որ չենք գրկախառնվի դեռ այնքան ժամանակ, մինչ Աստված կամենա...
Աստված դեռ չի կամենում...
Սակայն պետք է խոստովանեմ, որ փոխարեն դրան նա հեռացրել է մեզ իրարից կիլոմետրեր այն կողմ ու փորձության է ենթարկում մեր սերը, ինչպես մի գիտնականի, երբ գտնում է Երկիր մոլորակի վրա մի չկրկնվող երևույթ ու հետազոտություններ անում` պարզելու համար, թե դա ինչ է...
Գուցե այս սերը, որ տրվել է նման մի գիտնականի կողմից, մեր Երկիր մոլորակի վրա չկրկնվող է....

Սիրելի ....ն, հիշեցնում եմ այս ամենը, որ ավելի հավանական լինի վերադարձդ...
...
Դու այդտեղ ինչպե՞ս ես... 
Գրիր ինձ և պատմիր այն ամենի մասին, ինչ ես անգիր գիտեմ...
Գործերդ, ապրելակերպդ...կյանքդ... ամեն-ամեն ինչը, ինչ ինձ կարող է ուրախացնել և տխրեցնել...
...
Սիրելի ....ն, պետք է հիշեցնեմ նաև, որ ամենաամուր գրկախառնությունը շնչակտուր արեց ինձ հենց նույն հրաժեշտի ժամանակ, երբ վերջինն էր...
Ես այդ ժամանակ բավականին շփոթված էի հասկանալու համար` արդյոք դա հրաժեշտ էր, թե սպանության անհաջող փորձ...
Սակայն հիմա սառը դատելով` կարծում եմ` ավելի հարմար կլինի, եթե ինքդ գրես դրա մասին, այդպիսով իմ կասկածները կփարատվեն...

Ինչպես նաև գրիր, թե որքան շատ ես կարոտել, որպեսզի պատրաստվեմ վերադարձիդ ժամանակ՝ գրկախառնությանը...

Սիրելի ....ն, շատ ժամանակ է անցել, ու շատ բան է կուտակվել ներսումս, որոնք միանգամից մոռանալու եմ ժամանմանդ պահից...
Ներիր, եթե չհասցնեմ պատասխանել հարցերիդ ու անսահման կարոտս պոռթկա` «գրկախեղդ» անելով քեզ...
Ներիր, եթե չափից դուրս շատ համբուրեմ ու չթողնեմ` խոսես...
Ներիր, եթե ինչպես այն տարիների ժամանակ, երբ դեռ մեկնումդ չէր սպառնում մեզ... ամաչեմ ու գլուխս կախեմ սեր խոստովանելուցդ..
...Երբ անսահման շատ փորձեմ, սակայն չկարողանամ կառավարել հույզերս ....
Եթե լաց լինեմ, ինչպես միշտ...

Նամակս թողնում եմ անավարտ, սակայն գրիր ինձ, ինչպես երբեք...
Ծրարիր նամակդ ու ուղարկիր ճիշտ նույն հասցեով, որտեղից ես քեզ չեմ ուղարկելու...

Սիրելի ....ն, ես չեմ դադարի գրել քեզ այնքան ժամանակ, երբ ինքս սեփական ձեռքերով հանձնեմ նամակներս քո սեփական ձեռքերին...
Ինչպես ես քեզ խոստացա չլքել...այդպես էլ դու ինձ խոստացար վերադառնալ...

Սիրելի ....ն, անհամբեր սպասում եմ վերադարձիդ...

Քո՝ Լուսի...


........

Ճզմում եմ նարնջի վերջին կտորը... կեղևը դեն չեմ նետում...
Փորագրում եմ վրան անունդ ու դնում ծրարի մեջ...
Նամակս դնում եմ արդեն իսկ «ուշքի բերված» ծրարների կողքին...
Եվ սպասում քո պատասխան նամակին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել