
1in.am-ը գրում է.
Բրիտանացի գրող Է.Լ.Ջեյմսը, որը «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ եռերգության հեղինակն է, գլխավորել է Forbes-ի վարկածով աշխարհում ամենաբարձր վարձատրվող գրողների աղյուսակը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Վերջին 12 ամսում Ջեյմսն աշխատել է 95 մլն դոլար: Պարբերականն ընդգծում է, որ գրքի հաջող վաճառքը կապված է ոչ պակաս կարևոր գործոնի՝ էլեկտրոնային գրքերի զարգացման հետ, ինչը թույլ է տալիս էրոտիկ վեպերի սիրահարներին կարդալ դրանք հասարակական վայրերում:
Նախորդ երեք տարիներին առաջին տեղում եղած ամերիկացի Ջեյմս Փաթերսոնը (91 մլն դոլար), որը հոգեբան Մայքլ Քրոսի մասին վիպաշարի հեղինակն է, այս անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը: Պարբերականը նշում է, որ հեղինակը կարող է հաջորդ տարի վերադարձնել առաջատարի դիրքերը, քանի որ նրա գրքերի վաճառքը շատ բարձր մակարդակի վրա են մնում:
Երրորդ տեղում «Սոված խաղեր» գրքի հեղինակ Սյուզան Քոլինզն է, որն անցած տարի 55 մլն դոլար է աշխատել: Forbes-ը նշում է, որ գրողի համար մեծ եկամուտ է ապահովել առաջին հերթին իր ստեղծագործության չափազանց հաջող էկրանավորումը, որը վարձույթում 690 մլն դոլար է հավաքել:
Չորրորդ տեղում է Բիլ Օ՝Ռեյլին, որը Լինքոլնի և Քենեդու սպանությունների մասին թրիլլերների հեղինակն է: Վերջին 12 ամսում նա 28 մլն դոլար է աշխատել: 5-րդ տեղում Դանիելա Ստիլն է: Նա վերջին 12 ամսում 26 մլն դոլար է աշխատել: Իր կարիերայի ընթացքում նա 128 գիրք է հրատարակել, հիմնականում կանանց վերաբերող վեպեր, որոնք վաճառվել են 600 մլն օրինակով: