
1in.am-ը գրում է.
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Քրիստինե Գալստյանի գործի դատավարությունը:
Կենցաղային պարզ իրավիճակը վերաճել էր երեխայի նկատմամբ կատարված հանցավոր արարքի: Հրազդան քաղաքի 27-ամյա բնակչուհի Քրիստինե Գալստյանն ընկերուհուն՝ նույն Հրազդան քաղաքի բնակչուհի Ս.-ին պարտքով գումար էր տվել: Ընկերուհին պարտքը չէր վերադարձրել: Ու Քրիստինեն, ծանր իրավիճակում հայտնվելով, դիմել էր «վճռական քայլերի»:
2013 թվականի մայիսի 2-ին, ժամը 11-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շուկայի հարակից տարածքից՝ 104 շենքի մոտից, Քրիստինե Գալստյանը բացահայտ առևանգել էր պարտապան ընկերուհու անչափահաս՝ 11-ամյա դստերը: Երեխան այդ պահին տատիկի հետ գնում էր դեպի բարեգործական ճաշարան:
Գալստյանն առևանգված երեխային տարել ու պահել էր նույն՝ Միկրոշրջան թաղամասում գտնվող իր բնակարանում:
Առևանգումը նկատած երկու երիտասարդներ գնացել էին Քրիստինեի տուն և պահանջել, որ բաց թողնի երեխային: Քրիստինեն չէր համաձայնել:
Առևանգումից հետո երեխայի տատիկը գնացել էր ոստիկանության Հրազդանի բաժին ու հաղորդում տվել տեղի ունեցածի մասին:
Երեխան ոստիկանների կողմից հայտնաբերվել էր Քրիստինե Գալստյանի բնակարանում ու հանձնվել էր հարազատներին:
Քրիստինեն բերման էր ենթարկվել ոստիկանություն:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Ընդհանուր իրավասության դատարանում Քրիստինե Գալստյանն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել ու միջնորդել գործն արագացված ընթացակարգով քննելու մասին:
Տուժողի օրինական ներկայացուցիչը՝ առևանգված երեխայի մայրն ու Քրիստինեի պարտապան ընկերուհին, չի առարկել և քաղհայցի պահանջ չի ներկայացրել:
Դատարանը Քրիստինե Գալստյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է գնահատել նրա խնամքին 4, 2 և 1 տարեկան երեխաների առկայությունը, ինչպես նաև չորրորդ երեխայով նրա հղի լինելը. 2013 թվականի մայիսի 3-ի դրությամբ Քրիստինեն 11 շաբաթական հղի է եղել:
Հենց այս հանգամանքներով պայմանավորված էլ, ըստ էության, դատարանը Քրիստինեի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել:
Քրիստինե Գալստյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 4 տարի ազատազրկման: Պայմանական դատապարտության կիրառմամբ նրա համար սահմանվել է 1 տարի 6 ամիս փորձաշրջան: